Մասնակից:Gali yan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուսան Թիֆիլի

Կենսագրական

Աշուղ Թիֆիլին'՝ Եղո Մանուկյանը, ծնվել է 1845 թվականին, Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղում, հողազուրկ գյուղացու ընտանիքում։ Պատանի Եղոն մեծ սեր է տածում աշուղական արվեստի նկատմամբ, սովորում է նվագել սազի վրա, ակտիվ մասնակցություն է ցույց տալիս գյուղական օդաներում կազմակերպվող աշուղական հանդեսներին, լինում է մրցույթի (մուհամմա) մասնակից այլն։ Թիֆիլին Ջիվանու հետ միասին սովորել է կարզախցի աշուղ Սիայու մոտ։ Սովորական ձեւով Սիային Եղոյին տալիս է աշուղական անուն՝ Թիֆիլի (պատանի) եւ բարի ճանապարհ մաղթում։

Առաջին շրջանում Թիֆիլին երգել է Սայաթ-Նովայի, Շիրինի, Սիայու, այնուհետ Ջիվանու երգերը։ Սակայն երիտասարդ աշուղը դրանով չի բավարարվում, սեփական երգեր հորինելու փորձեր է կատարում արժանանում երգասեր գյուղացիների ուշադրությանը։ Նա աստիճանաբար կատարելագործվում է, աշուղական արվեստի մեջ Ջավախքում լայն ճանաչում գտնում։

1918 թվականի գաղթի ժամանակ մեծ տառապանքներ կրած աշուղը, ստիպված թողնում է հայրենի գյուղը բնակություն հաստատում նախ Բակուրիանում ապա` Բաթումում, ուր էլ վախճանվում է 1923 թվականին, 78 տարեկան հասակում։

Աշուղի երգերի թեման բազմազան է. սոցիալական անարդարության քննադատումը կարմիր թելի նման անցնում է նրա երգերի միջով։ Նրա սրտին ծանրացել էր ժողովրդի անտանելի վիճակը դրա համար էլ շարունակ ըմբոստացել է տիրող կարգերի դեմ։

Սիրո թեման ևս առաջնակարգ տեղ է բռնում Թիֆիլու երգերում։ Լինելով հարսանիքների երգիչ` նա հորինել է բազմաթիվ կենսուրախ երգեր։ Հարսանյաց հանդեսի յուրաքանչյուր արարողությունը՝ նորահարսին հորանց տանից դուրս բերելը, փեսացուին շորեր հագցնելը և այլն, գովերգել է համապատասխան հորինվածքով։ Նրան են պատկանում

  1.Թամադան 
  2.Խնամի օջախդ շեն 
  3.Եկել եմ բարի տեսության
  4.Զեզ բարի լույս
  5.Բարեկամներ և այս բնույթի բազմաթիվ երգեր։

Համաժողովրդական նշանակություն ունեցող իրադրությունները աշուղի ուշադրությունից չեն վրիպել։ Բնորոշ է Առաջին համաշխարհային պատերազմի մասին գրած երգը։ Պատերազմի դաշտում զոհվում են աշուղի եղբայրը և իր աղջկա ամուսինը։ Մեղադրելով թագավորին` աշուղը գրում է.

  Սազս ուրախության էլ մի լար չունի,
  Եղբայրս զոհվել է, շիրմին քար չունի,
  Աղջիկս ողբում է, որ էլ յար չունի,
  Թագավորն անգութ է, խղճմտանք չունի։

Երբ 1917 թվականի դեկտեմբերին ռուս-թուրքական ճակատից ռուսական զորքերը նահանջում են, հեռատես աշուղը կանխագուշակում է թուրքերի հարձակումը, ուստի աղերսանքով դիմում է ռուսական զորքին.

  Աման, ռուսներ, միք գնա,
  Մի՛ք անտեր թողնի մեր հողը,
  Սուլթան-էֆենդին մեզ կուտի,
  Այդ խարդախ, թալանչի գողը։

Եվ ահա սարսափելի գաղթը։ Երիտթուրքերի հայահալած քաղաքականության հետևանքով 1918 թվականին Ախալքալաքի գավառի հայերը գաղթեցին։ Սա պարզապես 1915 թվականի եղեռնի շարունակությունն էր։ Թուրքական կանոնավոր զորքերը ջարդում էին անզեն ժողովրդին, թալանում գյուղերն ու քաղաքը։ Ճանապարհները պատած էին մարդկանց դիակներով, գաղթականները թողած տուն ու տեղ, քայլում էին մահասփյուռ, փոշոտ ճանապարհներով, գիշերը քնում էին բաց երկնքի տակ։ Եվ այս ամենին վկա Թիֆիլին ողբալով կոչ է անում.

 Չար Սուլթանը արնածարավ,
 Ողջ հայերին է կոտորում,
 Դու էլ հայես, աչքդ լավ բաց,
 Քնել պետք չէ, շուտով վեր կաց։
Ժողովրդական երգիչը մեծ համակրանքով է վերաբերվել հայ առաջադեմ մտավորականներին, Խ. Աբովյանին, Ղ. Աղայանին և այլոց երգեր է ձոնել։ Անձամբ ծանոթացել է Հ. Թումանյանի հետ և զրույցն ավարտելուց հետո հանպատրաստից մի երգ հորինել, որից երևում է, որ բանաստեղծը աշուղին հուսադրել է.
 Հույսովասավ՝միլռեցնիքո սազը,
 Մեզ ազատություն է բերել էս դարը,
 Պիտի ցնծան հայոց դաշտն ու սարը, 
 Պիտի ծաղկեն չոր անապատն ու քարը։

Աշուղի երգերը հարազատորեն վերարտադրելու նպատակով բանահավաք Վ. Մկրտչյանը ունկնդրել է շատ կատարողների, ինչպես Սուլդայում, այնպես էլ Ջավախքի մյուս գյուղերում։ Թիֆիլին շնորհալի աշուղ էր, նրա երգերը լավ են հանգավորված, բացի տողերի վերջնավանկերի ռիթմից, կա նա ներքին ռիթմ ու համաձայնություն.

 Հայոց վշտի, հայոց երգի,
 Հայոց վերքի համար ծնվա,
 Հայոց բառի, հայոց տառի,
 Հայոց քարի համար ծնվա։

Գրի առնված երգերի թիվը հարյուրից անցնում է, բայց կան նաև կորստի մատնված շատ երգեր, որոնք աշուղը հորինել է թուրքերեն։ Լավ տիրապետելով թուքրքերեն լեզվին` նա շատ հաճախ ելույթներ է ունեցել նաև հարևան թուրքական գյուղերում։

Թիֆիլին մեծ համբավ կարող էր ձեռք բերել, եթե նրա երգերը իր ժամանակին հրատարակվեին։ Աշուղի գործունեությամբ ոչ ոք չի հետաքրքրվել, ինքն էլ դրանից չի դժգոհել։ Նրա երգերի փոքրիկ գրքույկը “Երգեր” վերտառությամբ առաջին անգամ հրատարակվել է 1982 թվականին Թբիլիսիի “Մերանի” հրատարակչության կողմից։

Մեր օրերի նշանավոր գուսան Հավասին մեծ համակրանքով էր խոսում Թիֆիլու մասին, որի մոտ սովորել է գուսանական արվեստը։ Հավասու երգերը ուշադիր ընթերցելիս զգացվում է Թիֆիլու շունչը։ Երախտապարտ Հավասին իր վարպետին նվիրել է մարդկային խոր զգացմունքներով օժտված երգեր։