Մասնակից:Arevik111

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատասխանատվության ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատասխանատվության ապահովագրությունը ոչ կյանքի ապահովագրության լայն տարածում ունեցող ճյուղերից է, որտեղ ապահովագրության օբյեկտ է հանդիսանում ապահովադրի` օրենքով կամ պայմանագրերով սահմանված պատասխանատվությունը երրորդ անձանց պատճառված վնասների գծով: Ձեռնարկությունները, կազմակերպությունները կամ քաղաքացիները իրենց գործունեության ընթացքում կարող են վնաս հասցնել երրորդ անձանց կյանքին, գույքին կամ առողջությանը, ինչը ենթակա է փոխհատուցման: Պատասխանատվության ապահովագրության էությունը կայանում է նրանում, որ ապահովադիրները, վճարելով ապահովագրավճար, ապահովագրողներին են փոխանցում երրորդ անձանց իրենց կողմից հասցված վնասի փոխհատուցումը: Պատասխանատվության ապահովագրությունը ունի երկակի նշանակություն. առաջին հերթին այն պաշտպանում է ապահովադիրներին կորուստներ կրելուց, երբ անհրաժեշտություն է առաջանում փոխհատուցելու իրենց գործունեության արդյունքում տուժածներին հասցված վնասը: Երկրորդ, տուժածներին երաշխավորում է կրած վնասի փոխհատուցումը: Հատկապես այս հանգամանքը հաշվի առնելով, շատ երկրներում պատասխանատվության ապահովագրության որոշ տեսակներ կրում են պարտադիր բնույթ, քանզի անկախ վնաս հասցնողի վճարման հնարավորությունից և կամքից, պետք է երաշխավորված լինի տուժողի կողմից կրած վնասի փոխհատուցումը:

Պատասխանատվության ապահովագրության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատասխանատվության ապահովագրությունը բաժանվում է տարբեր դասերի, մասնավորապես.

  • Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն, որը ներառում է գործատուների, տրանսպորտային միջոցների (ցամաքային, օդային, ջրային) տերերի, նախագծային կամ շինմոնտաժային կազմակերպությունների կողմից երրորդ անձանց կյանքին և առողջությանը հասցված վնասների գծով պատասխանատվության ապահովագրությունը
  • Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, որը ապահովագրական պաշտպանվածություն է ընձեռնում այն անձանց, որոնք զբաղվում են իրենց հաճախորդներին մասնագիտական ծառայությունների մատուցմամբ և իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում ակամայից թույլ են տալիս անզգուշություններ, սխալներ, չկանխատեսված բացթողումներ, ինչի հետևանքով վնաս են հասցնում հաճախորդներին, որոնք ի սկզբանե վստահում էին նրանց, համոզված լինելով վերջիններիս մասնագիտական հմտության նկատմամբ: Ապահովագրվում է աուդիտորների, հաշվապահների, փաստաբանների, նոտարների, բժիշկների և այլ մասնագետների կողմից ծառայությունների մատուցման դեպքում նրանց գործողությունների կամ անգործության հետևանքով առաջացած քաղաքացիական պատասխանատվության ռիսկը:
  • Շրջակա միջավայրի աղտոտման գծով պատասխանատվության ապահովագրություն, որի պարագայում էկոլոգիական ռիսկով օժտված կազմակերպությունները ապահովագրում են իրենց գործունեության արդյունքում շրջակա միջավայրին կամ երրորդ անձանց հնարավոր պատճառվելիք վնասը:
  • Պատասխանատվության այլ տեսակների ապահովագրություն, օրինակ ապրանք արտադրողների կամ վաճառողների, ապրանքների որակի և անվտանգության պահպանման, պայմանագրային պարտավորությունների չկատարման գծով պատասխանատվության ապահովագրություն:

Ապահովագրության այս տեսակները կարող են իրականացվել պարտադիր կամ կամավոր եղանակներով: 2011թ.-ից Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրության է ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը(ԱՊՊԱ): ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտն, այլ մեքենայի վարորդ, մեքենայի ուղևոր)պատճառված գույքային և անձնական վնասները:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կիրակոսյան Կ. <Ապահովագրական գործ>, ուս. ձեռնարկ,2-րդ հրատ., Երևան, 2011, 352էջ
  2. Աբգարյան Կ., Ճուղուրյան Ա. <Ապահովագրական գործ>, ուս. ձեռնարկ, Երևան, 2007, 576էջ
  3. Гвозденко А. "Страхование", учеб., Москва, 2004, 464стр.