Jump to content

Մասնակից:Annapetrosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռոմը գտնվում է Տիբեր գետի ափին, գետաբերանից 28 կմ հեռավորության վրա։ Համաձայն ավանդության, քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թվականին։ Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները ( ի պատիվ Հռոմուլոսի քաղաքն անվանել են Հռոմ) քաղաքը հիմնադրել են 7 բլուրների վրա, որոնք են Պալատինուս, Ավենտինուս, Կապիտոլիում, Ցելիուս, Էքսվիլինուս, Քվիրինալիս և Վիմինալիս։ Հռոմը եղել է հին աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը։ 330 թվականին Կոստանտին Առաջին Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Կոստանդնուպոլիս, քաղաքը կորցրեց իր նշանակությունը։ Հռոմը կառավարում է ընտրովի խորհուրդը (5 տարով, 80 անդամից), որից ընտրում են քաղաքագլուխ և գործադիր կոմիտե (ջունտա), իսկ կառավարումը վերահսկում են Հռոմի նահանգի նահանգապետն ու նահանգային գործադիր կոմիտեն։ Հռոմում են կենտրոնացած Սուրբ Պետրոսի տաճարը, Վատիկանի թանգարանները, Հռոմի Պանթեոնը, Կոլիզեումը, Նավոնի հրապարակը, Տրևի շատրվանը, Տրինիտա դեի Մոնտի եկեղեցին, Բորգեզե պատկերասրահը, Իտալիայի կառավարական և վարչական հաստատությունները, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմինները, խոշոր բանկերը, ապահովագրական, վարկային և առևտրական ընկերությունները, միջազգային կազմակերպությունները։ Քաղաքում կան բազմաթիվ բուհեր։ Գիտական հաստատություններից հայտնի են Դեի Լինչեի ազգային, Բժշկական գիտությունների, Քառասունի (ըստ անդամների թվի) ազգային ակադեմիաները, Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը, Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտը, աստղադիտարանը։ Տարաբնույթ ուսումնասիրություններ են կատարվում բազմաթիվ ակադեմիաներում, գիտական ընկերություններում, ինստիտուտներում ու կենտրոններում։ Գործում են «Տեատրո դել օպերան», «Տեատրո դի Ռոմա» դրամատիկական թատերախումբը, «Տեատրո պիկոլի դի պոդրեկի», մանկական «Ալ Տորկիո» և այլ թատրոններ, «Սանտա Չեչիլիա» ազգային երաժշտական ակադեմիան, ինչպես նաև Հռոմեական ազգային (Թերմերի), Վիլիա Ջուլիուս, Բարոկկոյի, Ժողովրդական արվեստների և ավանդույթների ազգային, Հռոմեական քաղաքակրթության, Հռոմի, Վատիկանի թանգարանները: