Jump to content

Մասնակից:Annaharoyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավային Ասիայի Տարածաշրջանային Համագործակցության Ընկերակցության և նրա զարգացման որոշ ասպեկտների շուրջ

Սույն հոդվածում փորձ է արվում ներկայացնել Հարավային Ասիայի տարածաշրջանը միավորող մի տարածաշրջանային կազմակերպության` Հարավային Ասիայի Տարածաշրջանային Համագործակցության Ընկերակցության (South Asian Association for Regional Cooperation, այսուհետ` ՍԱԱՐԿ1) զարգացման հեռանկարները` որպես համակարգող կառույց տարածաշրջանի պետությունների քաղաքական, ռազմաքաղաքական և տնտեսական hարաբերություններում: Այդ համատեքստում ներկայացվում է ՍԱԱՐԿ-ի և հարևան տարածաշրջանային կազմակերպության` Հարավ-Արևելյան Ասիայի Պետությունների Ընկերակ-ցության (Association of South East Asian Nations, այսուհետ` ԱՍԵԱՆ) համեմատական վերլուծությունը` ելնելով այն հանգամանքից, որ հենց հարավասիական պետությունների քաղաքական-պետական և գիտական շրջանակներում ՍԱԱՐԿ-ի հեռանկարները քննարկելիս` տարածված է նրա համեմատությունը ԱՍԵԱՆ-ի հետ` որպես տարածաշրջանային համագործակցության հաջողված մոդելի: Հոդվածի թեմայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հայրենական գրականության մեջ համեմատաբար քիչ է ուսումնասիրված Հարավային Ասիայի տարածաշրջանը, մինչդեռ Հարավային Ասիան, հատկապես նրա առանցքային պետություն Հնդկաստանը ունի հսկայական քաղաքական և տնտեսական ներուժ, որը հետզհետե ավելի նկատելի է դառնում միջազգային հարաբերություններում: 2010թ. նշվեց կազմակերպության 25-ամյակը (ՍԱԱՐԿ-ը հիմնադրվել է 1985թ.):2 Կազ-մակերպությունը, որը ներառում է Հարավային Ասիայի բոլոր պետությունները (Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Աֆղանստան (միացել է 2005թ.), Շրի Լանկա, Նեպալ, Բութան, Մալդիվներ), ունի հսկայական ռազմաքաղաքական, տնտեսական և գիտակրթական ներուժ: Բավական է նշել, որ այդ տարածաշրջանում բնակվում է ավելի քան 1,6 մլրդ. մարդ, իսկ ՍԱԱՐԿ-ի անդամ-երկրների հավաքական ՀՆԱ-ն գնողունակության հաշվարկով 2010թ. դրությամբ հասել է շուրջ 5 տրլն. ԱՄՆ դոլարի:3 Հարավային Ասիայի երկրներից երկուսը` Հնդկաստանը և Պակիստանը տիրապետում են միջուկային սպառազինության` ոչ պաշտոնապես հանդիսանալով միջուկային տերություններ:4 Սակայն արդյոք մարդկային, տնտեսական և ռազմական այդ հսկա ներուժը լիարժեք կերպով օգտագործվում է ՍԱԱՐԿ-ի երկրների ընդհանուր անվըտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովման համար: Համաձայն ՍԱԱՐԿ-ի կանոնադրության, կազմակերպության հիմնական նպատակներ են հանդիսանում` - Հարավային Ասիայի ժողովուրդների բարեկեցությանը նպաստելը և նրանց կենսամակարդակի բարելավումը, - տարածաշրջանում տնտեսական աճի, սոցիալական առաջընթացի և մշակութային զարգացման արագացումը, բոլոր անհատներին արժանապատիվ ապրելու հնարավորության ընձեռումը, - Հարավային Ասիայի երկրների հավաքական ինքնավստահության ամրապնդումը, նպաստելը փոխադարձ վստահությանը և փոխըմբռնմանը, - նպաստելը տնտեսական, սոցիալական, մշակութային, տեխնիկական և գիտական ոլորտներում ակտիվ փոխգործակցությանը և փոխադարձ աջակցությանը, - համագործակցության ամրապնդումը այլ զարգացող երկրների հետ, - համագործակցության ամրապնդումը ընդհանուր շահերի ոլորտում միջազգային կառույցների շրջանակներում, - համագործակցությունը նույնանման նպատակներ ունեցող միջազգային և տարածաշըրջանային կազմակերպությունների հետ:5 Թեև ՍԱԱՐԿ-ի Կանոնադրության համաձայն, անդամ-երկրները պարտավորվել են նպաստել խաղաղությանը և բարեկամությանը տարածաշրջանում, կազմակերպության դերը Հարավային Ասիայի երկրների միջև քաղաքական երկխոսությանը նպաստելու գործում բավական թույլ է, ինչը չափազանց դժվար իրականալի է դարձնում այդ նպատակին հասնելը:6 Տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության հիմնական աղբյուր հանդիսանում են հնդկա-պակիստանյան հակասությունները, և տարածաշրջանի այդ երկու առաջատար տերությունների միջև առճակատումը խիստ բացասական ներգործություն է ունենում Հարավային Ասիայում խաղաղության և կայունության ու տարածաշրջանային տնտեսական ինտեգրման վրա: Այսպես, ՍԱԱՐԿ-ի գոյության քառորդ դարը նշանավորվել է Քաշմիրում 1999թ. Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական ուժեղ բախումով` այսպես կոչված Կարգիլի պատերազմը: 2001թ. մի խումբ պակիստանցիներ ահաբեկչական գործողություն են իրականացրել Հնդկաստանի խորհրդարանի տարածքում, որի արդյունքում 2001-2002թթ. հնդկա-պակիստանյան սահմանի վրա տեղի է ունեցել երկու երկրների միջև լայնածավալ ռազմական առճակատում: Այդ շրջանում շատ մեծ էր Հարավային Ասիայում միջուկային պատերազմի հնարավորությունը, սակայն միջազգային հանրության (ո'չ ՍԱԱՐԿ-ի – հեղ.) ջանքերով հաջողվել է թուլացնել լարվածությունը: Եվ վերջապես, 2008թ. նոյեմբերի 26-ին պակիստանցի ահաբեկիչները հարձակում են գործել հնդկական Մումբայ քաղաքի վրա, որին զոհ են գնացել գրեթե 200 հոգի:7 Դրա արդյունքում ընդհատվել է հնդկա-պակիստանյան համակողմանի երկխոսության (Composite Dialogue) մեխանիզմը: Ինչպես տեսնում ենք, ՍԱԱՐԿ-ին չի հաջողվել կանխել իր երկու առանցքային անդամների միջև հակամարտությունները և լարվածությունը ու նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում վստահության և փոխւմբռնման մթնոլորտի ձևավորման համար: Ինչ վերաբերում է ԱՍԵԱՆ-ին, ապա նրա 1976թ. գագաթաժողովի ընթացքում ստորագրված ԱՍԵԱՆ-ի Պայմանագրի մասին հռչակագրի և Բարեկամության և Համագործակցության մասին համաձայնագրի համաձայն, սահմանվում էր որոշակի մեխանիզմ անդամ-պետությունների միջև հակամարտությունների կարգավորման համար, որը նախատեսում էր արտաքին ուժերի չմիջամտություն ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանի գործերին: Այսպես, նշվում էր, որ ներտարածաշրջանային տարաձայնություններում ԱՍԵԱՆ-ի անդամները պետք է հենվեն բացառապես խաղաղ գործընթացների վրա, բացառեն ուժի կամ նրա կիրառման սպառնալիքը, լուծեն իրենց վեճերը բարեկամական բանակցությունների միջոցով: Ստեղծվում էր անդամ-պետությունների Բարձր Խորհուրդ` վեճերի լուծման խաղաղ ձևեր ներկայացնելու նպատակով: Ընդ որում, հակամարտող կողմերը խրախուսվում էին փորձել վեճը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով մինչև ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսված այլ միջոցներին դիմելը:8 ԱՍԵԱՆ-ի անդամ-երկրները անհրաժեշտ քաղաքական կամք և շահագրգռվածություն ցուցաբերեցին Հարավ-արևելյան Ասիայում արտաքին ուժերի ռազմա-քաղաքական գերակայության հաստատումը բացառելու հարցում:9 ՍԱԱՐԿ-ի պարագայում, ի սկզբանե, Հնդկաստանի և Պակիստանի միջև առճակատումը և տարածքային վեճերը դուրս եկան տարածաշրջանի շրջանակներից` ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավելով թ'ե հարևան պետությունների (Չինաստան) և թ'ե երկու գերտերություններ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը: Մասնավորապես, տարածաշրջանի ամենաբարդ` Քաշմիրի հիմնահարցում Պակիստանը անընդհատ փորձեր է անում կարգավորման գործընթացի մեջ ներքաշել արտատարածաշրջանային ուժերի, հատկապես ԱՄՆ-ին և Չինաստանին, չնայած 1972թ. Շիմլայի համաձայնագրով կողմերը պարտավորվում էին հիմնահարցը լուծել երկկողմ բանակցությունների միջոցով: Չինաստանը ակտիվ ներգործություն է ունենում տարածաշրջանային գործերի վրա Պակիստանին տրամադրվող ռազմաքաղաքական և նյութական օգնության միջոցով` դրանով որոշակիորեն հավասարակշռելով Հնդկաստանի ռազմաքաղաքական ներուժը և ազդեցությունը: Մյուս կողմից, դեռևս Սառը պատերազմի ժամանակներից ԱՄՆ-ը ևս ակտիվ քաղաքական, ռազմատեխնիկական և աջակցություն է ցուցաբերել Պակիստանին` որպես հակակշիռ Խորհրդային Միության հետ ակտիվ համագործակցություն իրականացնող Հնդկաստանի: Ներկայումս ԱՄՆ կողմից Իսլամաբադին ցուցաբերվող օգնության համատեքստում ընկած է Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությունը և միջ-ազգային ահաբեկչության դեմ պայքարը: ԽՍՀՄ իր հերթին համակողմանի բարեկամական հարաբերություններ է խորացրել Հնդկաստանի հետ, և ներկայումս էլ Հնդկաստանը շարունակում է մնալ ՌԴ ռազմավարական գործընկերը տարածաշրջանում: Այսպիսով, հիմնական տարբերությունը ՍԱԱՐԿ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև այդ կազմակերպությունների անդամ-պետությունների միջև վեճերի կարգավորման և քաղաքական երկխոսության ոլորտում հանդիսանում է այդ հարցերի կարգավորման գործնական դիվանագիտական մեխանիզմների առկայության մեջ: ԱԱԱՐԿ-ի շրջանակներում չկան հակամարտությունների կարգավորման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ, նախատեսված չեն ձևաչափեր երկկողմ և բազմակողմ քաղաքական երկխոսության համար: Կարևոր գործոն է նաև այն, որ Հնդկաստանն, ըստ էության, հանդիսանում է ՍԱԱՐԿ-ի առանցքը: Այն իր քաղաքական նշանակությամբ, բնակչության թվով, ռազմական, տնտեսական, գիտական և տեխնոլոգիական ներուժով անհամեմատ գերազանցում է կազմակերպության մյուս անդամ-պետություններին: Նման պայմաններում ՍԱԱՐԿ-ի ամրապնդումը և նրա մարմինների լիազորությունների ընդլայնումը և տարածաշրջանային ինտեգրման գործընթացներն առաջին հերթին ձեռնտու են Նյու Դելիին, որն այդ կերպ կարող է ամրապնդել իր քաղաքական և տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Եթե հաշվի առնենք, որ ՍԱԱՐԿ-ի անդամ-երկրների, առաջին հերթին` Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա են մի շարք քաղաքական, ռազմաքաղաքական, տարածքային, առևտրատնտեսական և այլ բնույթի հակասություններ ու տարաձայնություններ, պարզ է դառնում, որ ՍԱԱՐԿ-ի հետագա ամրապնդումը և նրան վերպետական գործառույթների հաղորդումը զգուշավորությամբ է ընդունվում Պակիստանի, Բանգլադեշի, Շրի Լանկայի և Հարավային Ասիայի մյուս երկրների կողմից: Վերջինները երկյուղում են, որ ՍԱԱՐԿ-ի կայացումը և տարածաշրջանային ինտեգրման խորացումը կհանգեցնի Հարավային Ասիայում Հնդկաստանի գերակայության հաստատմանը, ի վնաս իրենց ազգային շահերի: Ինչ վերաբերում է ՍԱԱՐԿ-ի շրջանակներում բազմակողմ տնտեսական համագործակցությանը և դրա հեռանկարներին, ապա Հնդկաստանը կողմնակից է ՍԱԱՐԿ-ի կենտրոնացմանը տնտեսական և հումանիտար համագործակցության զարգացման վրա` համարելով, որ անդամ-երկրների միջև առևտրատնտեսական, ինչպես և գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում կապերի խորացումը կարող է ստեղծել բարենպաստ միջավայր ՍԱԱՐԿ-ի անդամ-երկրների միջև առկա քաղաքական հակասությունների կարգավորման համար: Այդ իսկ պատճառով ՍԱԱՐԿ- ի շրջանակներում պաշտոնապես համագործակցության 11 հիմնական ուղղություններն են հանդիսանում` գյուղատնտեսությունը, կրթությունը, մշակույթը և սպորտը, առողջապահությունը, ազգագրությունը և երեխաների բարեկեցությունը, շրջակա միջավայրը և օդերևութաբանությունը, գյուղական զարգացումը, զբոսաշրջությունը, տրանսպորտը, գիտությունը և տեխնոլոգիաները ու հաղորդակցությունները:10 Սակայն առևտրի և տնտեսության բնագավառներում ևս ՍԱԱՐԿ-ը չի հասել շոշափելի ձեռքբերումների, չնայած ստորագրված փաստաթղթերին: Այսպես, 1993թ. ապրիլի 11–ին ՍԱԱՐԿ-ի անդամ-պետությունների միջև ստորագրվել է ՍԱԱՐԿ-ի արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը (SAPTA), որն ուժի մեջ է մտել 1995թ. դեկտեմբերի 7-ին:11 Այն դիտարկվում էր` որպես առաջին քայլ Հարավային Ասիայի ազատ առևտրի գոտու ստեղծման համար, որն իր հերթին պետք է հիմք դառնար Մաքսային Միության, Ընդհանուր Շուկայի և Տնտեսական Միության համար: Դրան հաջորդել է 2004թ. հունվարի 6-ին Հարավային Ասիայի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագըրի ստորագրումը Իսլամաբադում ՍԱԱՐԿ-ի 12-րդ գագաթաժողովի ժամանակ: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2006թ. հունվարի 1-ին:12 Սակայն այս բոլոր ձևաչափերի արդյունավետությունը դեռևս չափազանց ցածր է: Բավական է նշել, որ ՍԱԱՐԿ-ի առաջատարներ Հնդկաստանի և Պակիստանի միջև առևտրաշրջանառությունը 2008թ. կազմել է ընդամենը 2,232 մլրդ. ԱՄՆ դոլար, ընդ որում Հնդկաստանի չափաբաժինը Պակիստանի արտաքին առևտրում կազմել է 1%-ից մի փոքր ավելին, իսկ Պակիստանի չափաբաժինը Հնդկաստանի առևտրում` 0,5%-ից էլ պակաս:13 Չնայած տնտեսական ինտեգրման ոլորտում ստորագրված մի շարք հիմնարար փաստաթղթերին, ՍԱԱՐԿ-ը այս ոլորտում ևս արդյունավետ չի գործում: Պատահական չէ, որ 2010թ. ապրիլի 28-29-ը Բութանի Տհիմպհու մայրաքաղաքում կայացած ՍԱԱՐԿ-ի հոբելյանական` 16-րդ գագաթաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը նշել է, որ Հարավային Ասիայի երկրները ստեղծել են տարածաշրջանային համագործակցության կառույցներ, սակայն նրանց բավարար լիազորություններ չեն ընձեռել արդյունավետ գործելու համար, և ՍԱԱՐԿ-ի երկրների առջև մարտահրավեր է ծառացել` հաստատությունները գործունեության մղելու և հռչակագրերը գործնական ծրագրերի վերածելու: Նա ընդունել է նաև, որ ներտարածաշրջանային առևտրի և ներդրումների ծավալները զգալիորեն զիջում են այն ցուցանիշներին, որոնք առկա են Արևելյան և Հարավ-արևելյան Ասիայում:14 Մյուս կողմից, նկատելի է Չինաստանի տնտեսական դիրքերի ուժեղացումը Հարավային Ասիայում, ինչն անշուշտ անդրադառնում է տարածաշրջանի տնտեսական ինտեգրման գործընթացների վրա: Պեկինը ակտիվ քաղաքական երկխոսություն է զարգացնում Հարավային Ասիայի երկրների հետ, ինչպես և հենվելով իր տնտեսական ներուժի վրա` խորացնում առևտրատնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այսպես, 2006թ. Չինաստանի և Պակիստանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայ-նագիր և մի շարք այլ երկկողմ փաստաթղթեր, որոնք նպաստել են երկկողմ առևտրի ու ներդրումների ծավալի աճին: 1984թ. Չինաստանը և Բանգլադեշը միմյանց շնորհել են առավել արտոնյալ պետության կարգավիճակ: Զարգանում են նաև Չինաստանի առևտրատնտեսական կապերը Շրի Լանկայի հետ:15 Եվ վերջապես, Հնդկաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները ևս գտնվում են շատ բարձր մակարդակի վրա. Չինաստանը հանդիսանում է Հնդկաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը, և նրանց միջև առևտրաշրջանառության ծավալը 2010թ. կազմել է շուրջ 60 մլրդ. ԱՄՆ դոլար:16 Մինչդեռ ԱՍԵԱՆ-ի պարագայում տեսնում ենք աճող տարածաշրջանային ինտեգրում և Հարավ-արևելյան Ասիայի երկրների միջև տնտեսական փոխկապվածության խորացում: ԱՍԵԱՆ-ի կայացումը և նրա շրջանակներում բազմակողմ համագործակցության խորացումը մեծապես նպաստել է տարածաշրջանի երկրների տնտեսական բուռն աճին և սոցիալ-տնտեսական բարեկեցությանը: ԱՍԵԱՆ-ի շրջանակներում բազմակողմ տնտեսական ինտեգրման հիմնաքարերն են` ԱՍԵԱՆ-ի Ազատ առևտրի տարածության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1992թ. Սինգապուրում և ԱՍԵԱՆ-ի ծառայությունների առևտրի մասին շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվել է 1995թ. Բանգկոկում: Մինչև 2015թ. նախա-տեսվում է ստեղծել ԱՍԵԱՆ-ի Տնտեսական համայնքը:17 ԱՍԵԱՆ-ի շրջանակներում բազմակողմ տնտեսական համագործակցության արդյունավետության վկայությունն է տասնամյակներ շարունակ նրա առաջատար անդամ-երկրների (Ինդոնեզիա, Թաիլանդ, Մալայզիա, Սինգապուր) կողմից ցուցաբերվող տնտեսական աճի կանոնավոր բարձր ծավալները, որի շնորհիվ էլ նրանք արժանացել են ՙասիական վագրեր՚ տիտղոսին: Մյուս կողմից, ՍԱԱՐԿ-ի գագաթաժողովները կարևոր դեր են խաղում այն առումով, որ դրանց ընթացքում` պաշտոնական նիստերին զուգահեռ, տեղի է ունենում առավելապես երկկողմ քաղաքական երկխոսություն մասնակից երկրների ղեկավարների միջև, այդ թվում` Հնդկաստանի և Պակիստանի միջև: Այսպես, Տհիմպհու քաղաքում ՍԱԱՐԿ-ի 16-րդ գագաթաժողովի ընթացքում տեղի ունեցան բանակցություններ Հնդկաստանի և Պակիստանի վարչապետներ Մանմոհան Սինգհի և Յուսուֆ Ռազա Գիլանիի միջև:18 Այսպիսով, ՍԱԱՐԿ-ն արդեն իսկ որոշակի անուղղակի դեր է կատարում Հարավային Ասիայի երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման գործում: Այդ ուղղությամբ կազմակերպության նշանակության ուժեղացման վկայությունն է այն, որ ՍԱԱՐԿ-ի 16-րդ գագաթաժողովի արդյունքներով ընդունված Հռչակագրի համաձայն` որոշում է ընդունվել Հարավային Ասիայի ֆորումի հիմնադրման մասին: Ֆորումի նպատակներ են հռչակվել Հարավային Ասիայի և նրա ապագա զարգացման մասին քննարկումները և մտքերի փոխանակումը: Ֆորումը բաղկացած է լինելու ՍԱԱՐԿ-ի անդամ-պետությունների ականավոր անձանցից, որոնք իրենց ներդրումն են կատարելու երկարաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով ՍԱԱՐԿ-ի հեռանկարային զարգացման վերաբերյալ և, ըստ պահանջի, ներկայացնելու առաջարկություններ կազմակերպության գոյություն ունեցող մեխանիզմների բարելավման վերաբերյալ:19 Հնդկաստանը գիտակցում է ՍԱԱՐԿ-ի դերի և նշանակության աճը, նրա կայացումը` որպես լիարժեք և արդյունավետ տարածաշրջանային կազմակերպություն մեծապես կախված է իրենից: Այսպես, 2011թ. հունիսի 27-ին Հնդկաստանի ԱԳ քարտուղար Նիրուպամա Ռաոն Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ նշել է, որ Հնդկաստանի դերը ՍԱԱՐԿ-ում վերջին տարիներին հիմնվում է ասիմետրիկ և ոչ փոխադարձ մոտեցման վրա, և հնդկական կողմը պատրաստակամ է ավելի երկար ճանապարհ գնալ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով:20 Այսինքն` հնդկական կողմը վճռականություն է արտահայտում ստանձնել ՍԱԱՐԿ-ի կայացման հիմնական բեռը, առանց ակնկալելու համարժեք և փոխադարձ քայլեր կազմա-կերպության այլ անդամներից: Դա տարածաշրջանային առաջատար տերության կարգավիճակի հավակնող պետությանը արժանի քաղաքական գիծ է:

Եզրակացություն

Ամփոփելով` հարկ է նշել, որ ՍԱԱՐԿ-ի լիարժեք կայացմանը խոչընդոտում են ներքոհիշյալ մի շարք գործոններ: Առաջին հերթին դա ընդհանուր ռազմաքաղաքական առճակատումն է Հնդկաստանի և Պակիստանի միջև, մասնավորապես Քաշմիրի հակամարտությունը, որն ունի նաև կրոնական երանգավորում: Ի տարբերություն դրա, ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանում չկա նման բազմաշերտ և խոր հակամարտություն անդամ-պետությունների միջև: Խնդիրն ավելի է խորանում այն առումով, որ Քաշմիրի հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված է նաև տարածաշրջանից դուրս գտնվող պետություն և ուժային խոշոր կենտրոն հանդիսացող Չինաստանը: Երկրորդ գործոնը Հարավային Ասիայի տարածաշրջանում մեծ տերությունների` ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի առկայությունն է, ինչը որոշակիորեն նպաստում է տարածաշրջանում առկա բաժանարար գծերի պահպանմանը և նորերի ի հայտ գալուն ու դրանով իսկ զգալիորեն բարդացնում Հարավային Ասիայի պետությունների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ինտեգրման գործընթացները: Երրորդ գործոնը, ՍԱԱՐԿ-ի անդամ-երկրների թվում մեկ բացարձակ առաջատարի` Հնդկաստանի առկայությունն է, որն իր քաղաքական, ռազմական և տնտեսական ներուժով մի քանի անգամ գերազանցում է Հարավային Ասիայի մյուս երկրներին: Նման անհամաչափությունը որոշակի երկյուղ է առաջացնում Պակիստանի, Բանգլադեշի և մյուս անդամ-երկրների մոտ, որ տարածաշրջանային ինտեգրման խորացումը և այդ ընթացքում ՍԱԱՐԿ-ի մարմիններին վերպետական լիազորություններով օժտելը կարող է հանգեցնել նրանց ինքնիշխանության սահմանափակմանը և տարածաշրջանային գործերում Հնդկաստանի քաղաքական և տնտեսական գերակայության հաստատմանը: Այստեղ որոշակիորեն միմյանց են հատվում Հնդկաստանի և Չինաստանի շահերը, քանի որ վերջինն իր հերթին ունի աշխարհաքաղաքական և տնտեսական շահեր Հարավային Ասիայում: Չորրորդ գործոնը ՍԱԱՐԿ-ի ինստիտուցիոնալ թուլությունն է` նրա շրջանակներում վեճերի կարգավորման և կանխարգելման ու քաղաքական երկխոսության արդյունավետ մեխանիզմների բացակայությունը: Մյուս կողմից, ՍԱԱՐԿ-ը ունի զարգացման լայն հեռանկարներ, որոնք կարող են իրագործվել` պայմանով, եթե տարածաշրջանի երկրները, առաջին հերթին` Հնդկաստանը և Պակիստանը դրսևորեն անհրաժեշտ քաղաքական կամք և փորձեն լուծել իրենց միջև առկա հակասությունները համագործակցության միջոցով: Հնդկաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շատ ավելի քայլեր կատարել Պակիստանին ընդառաջ` պայմանով, որ Իսլամաբադը հրաժարվի Հնդկաստանի դեմ ուղղված ահաբեկչությանն աջակցությունից, թույլ չտա իր տարածքի օգտագործումը Հնդկաստանի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար և պատասխանատվության կանչի 2008թ. նոյեմբերին Մումբայ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորներին:21 Նշված պահանջները լիովին խելամիտ են, հիմնավոր և փոխզիջումային ու իրական հնարավորություն են տալիս Պակիստանին վերականգնելու լիարժեք երկխոսությունն իր հարևանի հետ: Այստեղ չափազանց կարևոր է Իսլամաբադի վճռականությունը` ոչնչացնելու իր տարածքում ստեղծված ահաբեկչական խմբավորումների ցանցը, ինչը բխում է նաև իր կենսական շահերից: Հարավային Ասիայի երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական կապերի խորացումը, նրանց բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը և աղքատության նվազումը, հումանիտար կապերի զարգացումը կստեղծեն նպաստավոր պայմաններ Քաշմիրի հակամարտության, սահմանային և այլ վիճելի հարցերի կարգավորման համար ու ճանապարհ կհարթեն ՍԱԱՐԿ-ի ամրապնդման և` որպես արդյունավետ տարածաշրջանային կազմակերպություն, կայացման համար:


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Քանի որ մասնագիտական գրականության մեջ առավելապես օգտագործվում է կազմակերպության անգլերեն հապավումը տվյալ լեզվով (օրինակ` СААРК), սույն հոդվածում ևս կօգտագործենք այդ հապավումը` հայերենով: Իսկ ԱՍԵԱՆ հապավումը արդեն իսկ տարածված է հայրենական մասնագիտական գրականության մեջ: 2. ՍԱԱՐԿ-ի ստեղծման և զարգացման սկզբնական շրջանի մասին տե'ս Partha S.Ghosh, “Cooperation and Conflict in South Asia”, New-Delhi, 1989, p. 8-14 3. Central Intelligence Agency, World Factbook, https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/wfbExt/region_sas.html 4. Հնդկաստանը ունի 80-100, իսկ Պակիստանը` 90-110 միջուկային մարտագլխիկ: Stockholm International Peace Research Institute, SIPRI Yearbook 2011, Chapter 7, World nuclear forces, http://www.sipri.org/yearbook/2011/07 5. ՍԱԱՐԿ-ի պաշտոնական կայք, SAARC Charter, http://www.saarc-sec.org/ 6. Chloe Choquier, “ASEAN and SAARC: Resolving Intra Regional Disputes”, Southeast Asia – Articles, #3135, 24 May 2010, Institute of Peace and Conflict studies 7. Հնդկաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայք, “Confronting Terrorism: the Challenge before India”, http://www.meaindia.nic.in/mystart.php?id=100215778 8. Syeda Sana Rahman, “Same, but Different?” Comparing ASEAN and SAARC Frameworks. Institute of South Asian Studies (ISAS), ISAS Working Paper, No. 123, 7 March, 2010, p. 5 9. Ibidem, p.7, John Baylis, Steve Smith and Patricia Owens, “The Globalization of World Politics: An Introduction to International Relations”, Fifth Edition, Oxford University Press, New-York 2011 10. ՍԱԱՐԿ պաշտոնական կայք, http://www.saarc-sec.org/ 11. Տե'ս նույն տեղում: ՍԱՊՏԱ-յի հիմնական սկզբունքներն էին` պայմանավորվող բոլոր կողմերի համար առավելությունների և արտոնությունների փոխադարձությունը, մաքսային բարեփոխումների շուրջ քայլ առ քայլ բանակցությունները, առավել թերզարգացած պայմանավորվող երկրների հատուկ կարիքների ճանաչումը և նրանց օգտին հատուկ արտոնյալ միջոցառումների իրականացումը, բոլոր տեսակի ապրանքների և արտադրանքի ներառումը համաձայնագըրի մեջ: 12. Տե'ս նույն տեղում: ՍԱԱՐԿ-ի տնտեսական հարթության, կազմակերպության շրջանակներում բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման գործընթացի և դրա առանձնահատկությունների մասին առավել մանրամասն տե'ս S.N.Raghavan, “Regional Economic Cooperation Among SAARC Countries”, New Delhi, 1995 13. Mohsin S. Khan, “Improving India-Pakistan Relations Through Trade”, East Asia Forum, April 19, 2010; www.eastasiaforum.org: Հարկ է նշել, որ 1948-1949թթ. Հնդկաստանին բաժին էր ընկնում Պակիստանի արտաքին առևտրի 70%-ը, իսկ Պակիստանին` Հնդկաստանի արտահանման 63%-ը: Մի շարք գիտահետազոտական հաստատությունների կողմից անցկացված ուսումնասիրությունները և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության մոդելավորումը ցույց են տվել, որ հնդկա-պակիստանյան առևտրաշրջանառության բնականոն ծավալը կարող էր լինել 20-50 անգամ ավելին: Տե'ս նաև Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքը` www.commerce.nic.in 14. Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայք, “Opening Statement by Prime Minister at the 16th SAARC Summit”, http://meaindia.nic.in/mystart.php?id=510115757&flg=1 15. Pravakar Sahoo and Nisha Taneja, “China’s growing presence in India’s neighbourhood”, East Asia Forum, February 5, 2010, www.eastasiaforum.org 16. India and China set $100 bln. trade target by 2015, http://www.bbc.co.uk/news/world-south-asia-12006092: 2010թ. դեկտեմբերին Չինաստանի վարչապետ Վեն Ձիաբաոյի` Հնդկաստան կատարած այցի արդյունքներով կողմերը պայմանավորվածության են եկել մինչև 2015թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ. ԱՄՆ դոլարի: 17. ԱՍԵԱՆ-ի պաշտոնական կայք, http://www.asean.org/ 18. Հնդկաստանի վարչապետի երկկողմ հանդիպումների շրջանակը ներառում էր նաև Նեպալի և Բանգլադեշի վարչապետներին: Հնդկաստանի ԱԳ քարտուղարի մամուլի ասուլիսը Տհիմպհույում Հնդկաստանի վարչապետի մասնակցությամբ միջոցառումների մասին, Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայք, “Press Briefing by FS on PM’s engagements at Thimphu”, http://meaindia.nic.in/mystart.php?id=510115761&flg=1, Chloe Choquier, “ASEAN and SAARC: Resolving Intra Regional Disputes”. 19. Տհիմպհուի արծաթյա հոբելյանի Հռչակագիր “Դեպի կանաչ և երջանիկ Հարավային Ասիա”, Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայք, 16th SAARC Summit, 28-29 April 2010, Thimphu Silver Jubilee Declaration, “Towards a Green and Happy South Asia”, http://meaindia.nic.in/meaxpsite/treatiesagreement/2010/30ta3004201002.pdf 20. Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայք, “Address by FS on “Key Priorities for India’s Foreign Policy” at the International Institute for Strategic Studies” http://meaindia.nic.in/mystart.php?id=550317787 21. Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայք, Opening statements by EAM and Pak FM during Joint Press Interaction, http://www.meaindia.nic.in/mystart.php?id=510116123&flg=1: Հատկանշական է, որ միջազգային հանրությունը բարձր է գնահատել Հնդկաստանի կառավարության զուսպ և հավասարակշիռ արձագանքը Մումբայի ահաբեկչությանը: Տե'ս “The Telegraph”, 08.12.2010, Calcutta, India, http://www.telegraphindia.com/1101208/jsp/nation/story_13272954.jsp, “The Economic Times”, 19.02.2009, http://articles.economictimes.indiatimes.com/2009-02-19/news/28401141_1_india-and-pakistan-afghanistan-richard-holbrooke-pakistan-army