Մասնակից:Ani t12/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մնացականյանների տունը, 1898 թվականին, Եզնիկ Կողբացու փողոց, 22։ Գտնվում է Փավստոս Բուզանդի և Եզնիկ Կողբացու փողոցների անկյունում։ Միահարկ է, նկուղով։ Շենքի երկու ծավալը (երկարությունը՝ Եզնիկ Կողբացու փողոցի ուղղությամբ 32,3 մ) տեղավորված են ուղղանկյուն բակի շուրջը։ Հիմնական շինության հատակագիծն ունի Լ-ի ձև, դեպի Փավստոս Բուզանդի փողոց նայող երկայնական ճակատով (սենյակների չափերն են՝ 26,4, 21,1 ք․մ, առաստաղների բարձրությունը՝ 4,25 մ)։ Երկու փողոցներից ունի երկու մուտք և թաղակապ երթանց։ Գլխավոր մասնաշենքին հարում է նեղ թևաշենք, որը ձգվում է դեպի խորքը։ Երկրորդ ծավալն ունի ուղղանկյուն հատակագիծ, գտնվում է առաջինի կողքին՝ Եզնիկ Կողբացու փողոցի վրա։ Բնակարանի մուտքը մասնաշենքի միջին մասում է։ Նախասենյակի շուրջը կենտրոնացած են բոլոր սենյակները, իսկ դիմացի դռները տանում են պատշգամբ (սենյակների չափերն են՝ 27,2 և 13,6 ք․մ)։ Գեղարվեստական միջոցներով ընդգծվել են հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան ճակատները, որոնց միավորում է միանման ճարտարապետական մշակումը։ Հյուսիս-արևմտյան ճակատը զուգաչափ է՝ կենտրոնական մուտքով և երկու զույգ լուսամուտներով։ Ուղղանկյուն փոքրիկ պատուհաններով հարթ գետնախարիսխը միանում է երկրորդ հարկի լուսամուտատակի քիվագոտուն։ Պատի հիմնական մասն ունի թեթևակի կոպտատաշ երիզ, որի կողապատերը հարդարված են ուղղահայաց ելուստներում։ Պատուհաններն ուղղանկյուն են, վերևից զարդարված սեպերով և բարձակներ ունեցող քիվերով։ Համանման ձևավորում ունեն գլխավոր մուտքերը, բացի անցման մուտքից, որն ավարտվում է աղեղնակամարով։