Մասնակից:A.arthur.v/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներմայրցամաքային պետությունների դեպի ծով մուտք ունենալու իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներմայրցամաքային պետության կամ դեպի ծով ելք չունեցող պետության հասկացությունը միջազգային իրավունքում նախատեսվել է ՄԱԿ-ի 1982 թվականին ընդունված «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիայի 124-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետում, ըստ որի՝ դեպի ծով ելք չունեցող են համարվում այն պետությունները, որոնք չունեն ծովեզերք։[1] Աշխարհագրական դիրքի պատճառով ներմայրցամաքային պետությունները, որպես կանոն, մեկուսացված են հիմնական շուկաներից, ինչը էականորեն խոչընդոտում է նշված պետությունների տնտեսական զարգացմանը։ Բացի այդ, ծովային սահման չունենալու հանգամանքը նշված պետությունների համար առաջացնում է տարանցման կախվածություն հարևան երկրներից, մաքսային վարչարարության բարդություններ, որոնք որոշ դեպքերում առաջացնում են լրջագույն քաղաքական խնդիրներ հարևան երկրների հետ։ Ներկայումս 44 պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը ներմայրցամաքային են։

Ներմայրցամաքային պետությունների իրավունքների ապահովման հիմնախնդիրը մշտապես եղել է միջազգային հանրության տեսադաշտում, իսկ ծովային իրավունքի վերաբերյալ 1958 թվականին տեղի ունեցած ժնևյան խորհրդաժողովի արդյունքում ընդունված «Բաց ծովի մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասում[2] առաջին անգամ ամրագրվել է ներմայրցամաքային պետությունների դեպի ծով հասանելիություն ունենալու իրավունքը, համաձայն որի՝ պետություններւ, որոնք չունեն ծովեզերք, ծովափնյա պետությունների հետ հավասար հիմունքներով պետք է ունենան դեպի ծով ազատ հասանելիություն ծովի ազատությունը օգտագործելու նպատակով։

Դեպի ծով հասանելիության իրավունքիը ավելի լայն և համակարգված ձևով շարադրվել ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիայում, որտեղ դեպի ծով ելք չունեցող պետությունների իրավունքների իրացման վերաբերյալ նախատեսված է առանձին՝ 10-րդ մասը։ Նշված փաստաթղթում ապահովվում է ներմայրցամաքային պետությունների հետևյալ հիմնական իրավունքները՝

  • Դեպի ծով ելք չունեցող պետությունների ծովից և դեպի ծով մուտքի իրավունք,
  • տարանցիկ պետությունների տարածքներով բոլոր տրանսպորտային միջոցներով տարանցման ազատության իրավունք,
  • նավահանգիստներ և տրանսպորտային միջոցներ (նավեր) ունենալու իրավունք,
  • նավահանգստում ռեժիմի հավասարության իրավունք,
  • Տարանցման համար մաքսատուրքերից և հարկերից ազատված լինելու իրավունք։

Ընդ որում, հարկ է նշել, որ տարանցման ազատության իրականացման պայմաններն ու կարգը պետք է համաձայնեցվեն դեպի ծով ելք չունեցող շահագրգիռ պետությունների և տարանցիկ պետությունների միջև` երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի միջոցով։

  1. «Ծովային իրավունքի մասին կոնվենցիա» (PDF). Միավորված ազգերի կազմակերպության կայքէջ. 14․11․2020. Վերցված է 14․11․2020-ին.
  2. «Կոնվենցիա «Բաց ծովի մասին» 1958 թվական, Ժնև» (PDF). ՄԱԿ-ի կայքէջ. ՄԱԿ. Վերցված է 14․11․2020-ին.