Մասնակից:Տաթևիկ Իսրաելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար անհրաժեշտ էր գրականություն ունենալ: Նման գրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1771թ. Մադրաս քաղաքում հիմնում է հայկական տպարան: 1772թ. այդ տպարանում լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը՝ հայ իրականության մեջ առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունը: Գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները և դրան հակադրվում է առկա վիճակը, երբ երկիրը շահագործվում է օտարների կողմից: Գիրքը կոչ է անում հայ երիտասարդներին դուրս գալ օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնել ազատության. «Խիզախությամբ եղեք, եղեք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանանք վերագտնել մեր հայրենիքն Արարատյան»:

Հեղինակը քննադատվում է միապետական կարգը՝ այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը: Մեկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտություն է երկրի համար: Ուստի առաջարկվում է ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով:

Ստանալով «Նոր տետրակը» և զգուշանալով հայ երիտասարդների անժամանակ ապստամբելու վտանգից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը խիստ միջոցների է դիմում: Նա հրամայում է հավաքել և այրել այդ գիրքը, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին: Նրա սպառնալիքները, սակայն, չկասեցրին գրքի տարածումը:

1786թ. «Նոր տետրակը» թարգմանվում է ռուսերեն և լույս է տեսնում Պետերբուրգում 2000 տպաքանակով, իսկ այնուհետև թարգմանվում նաև վրացերեն:

Շարունակելով «Նոր տետրակի» գաղափարները՝ Մադրասի խմբի անդամները հրատարակում են «Որոգայթ փառաց» գիրքը: Այն ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր, որը պետք է կիրառվեր երկիրը օտար լծից ազատագրելուց հետո:

Հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից: Հայաստանում պետք է իշխեր օրենքը: «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն): Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ: Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը: Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ:

«Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր, հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը: