Մասնակից:Վերկա Ավետիսյան/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայիսի 9-ը` տարվա 129-րդ օրը, յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար, օրն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծմանը:

Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք, և այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է: Մեզ այսօր պատմում են հայ տաղանդավոր զորահրամանատարների և քաջարի զինվորների հերոսության ու անձնազոհության մասին, որ ֆաշիզմի ու մարդատյացության դեմ Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի արյան գնով նվաճված հաղթանակը հնարավորություն էր աշխարհի բոլոր ժողովուրդների համար կառուցելու խաղաղ ու ավելի լավ ապագա։Այս տոնը խաղաղ ապրելու եւ արարելու, ինքնության եւ հարատեւության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության վերքը դեռ չսպիացած` Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով եւ իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում` ստանալով թիկունքում մնացածների անձնուրաց աջակցությունը: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի առումն ու Արցախի ազատագրումն էր։ Ամեն տարի մայիսի չ-ին մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք եւ այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչեւ Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ եւ անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի։Մենք տոնում ենք հաղթանակը ֆաշիզմի եւ բռնության դեմ, տոնում ենք հաղթանակը Շուշիի ազատագրության: Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց ու ազգերի խաղաղ եւ ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է: Այս հավատով մեր ժողովրդի զավակները` զորավար ու զինվոր, սխրանքի ու փառքի ճանապարհ անցան Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում եւ Շուշիի ազատագրման պայքարում` դրսեւորելով ռազմավարական տաղանդ ու արիություն։


Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են: Եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի բեկումը Ստալինգրադի մոտ 1943 թվականին, մինչ այդ չեզոքություն պահպանող Թուրքիան մտնելու էր Կովկաս և փորձեր իրագործել 1915 թվականի ոճիրի շարունակությունը: Խորհրդա-գերմանական պատերազմի ճակատամարտերը համաշխարհային ռազմական պատմության մեջ մղված ամենամեծ ճակատամարտերից են: Նրանք բնութագրվում են աննախադեպ կատաղությամբ, ամբողջական ոչնչացումներով, զանգվածային բռնագաղթերով, մարտական վիթխարի կորուստներով, զանգվածային սովամահություններով, մարդկային մեծ զանգվածների ահավոր տառապանքներով, հիվանդություններով, կոտորածներով ու ցեղասպանություններով: Արևելաեվրոպական ռազմաբեմում և Կենտրոնական Եվրոպայում էին գտնվում գրեթե բոլոր համակենտրոնացման ճամբարները, այստեղ են տեղի ունեցել Հոլոքոստի գործողություններից շատերը, այստեղ են գտնվել նացիստների օկուպացրած եվրոպական տարածքների գետտոներից շատերը: Երկրորդ համաշխարհային պատերազմի մահվան ելքով ավարտված մոտավորապես 70 միլիոն մարդկային կորուստներից ավելի քան 30 միլիոնը վերագրվում է Արևելաեվրոպական ռազմաբեմին, որոնցից շատերը՝ քաղաքացիական բնակչության թվից, որոնք զոհվել են խորհրդա-գերմանական ռազմաբեմում ընթացող մարտական գործողությունների հետևանքով: Արևելյան ռազմաբեմը վճռական է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական մասի ելքը վճռելիս, ի վերջո հանդիսանալով նացիստական Գերմանիայի պարտության գլխավոր պատճառը: Գերմանա-խորհրդային պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։1941-43 թվականներին Հայաստանից ռազմաճակատ մեկնեց 20 հազար կուսակցական, ինչպես նաև 70 հազար կոմերիտական (20 հազարից ավելին՝ կամավոր)։ Փառավոր մարտական ուղի անցան 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ գվարդիական), 408-րդ, 409-րդ, 390-րդ դիվիզիաները։ Հայկական դիվիզիաները մասնակցեցին Կովկասի, Ղրիմի պաշտպանության, խորհրդային երկրի և Արևելյան Եվրոպայի բազում ժողովուրդների ազատագրման մարտերին։ 89-րդ Հայկական դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Բեռլինում, 409-րդը՝ Չեխոսլովակիայում։ Գերմանա-խորհրդային պատերազմի բոլոր հիմնական ճակատամարտերում՝ Մոսկվայի և Լենինգրադի, Օդեսայի և Սևաստոպոլի, Կովկասի պաշտպանության, Վոլգայի և Կուրսկի աղեղի, պատերազմի ավարտական և Հեռավոր Արևելքում ճապոնական իմպերիալիստների դեմ մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի զավակները։ Նրանցից 103-ն արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման (օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոս), 23 հայ զինվոր դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ, ավելի քան 70 հազարը պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով։ Խորհրդային Միության զինված ուժերի հրամանատարական կազմում կային շուրջ 60 հայ գեներալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ։ Նրանց շարքում էին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը (հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս, ռազմաճակատի հրամանատար), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Ա․ Խանֆերյանց), Համազասպ Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Միքայել Պարսեղովը, Սերգեյ Գալաջևը, Սարգիս Մարտիրոսյանը, Իվան Վեքիլովը, Հայկ Մարտիրոսյանը, Նվեր Սաֆարյանը, Սերգեյ Կարապետյանը, Հայկ Թումանյանը, Բագրատ Առուշանյանը և ուրիշներ։ Թիկունքի և ռազմաճակատի կապի ամրապնդման և զինվորների գաղափարական-հայրենասիրական դաստիարակության տեսակետից մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի նամակը (1943 թվականին)՝ ուղղված ռազմաճակատում մարտնչող իր զավակներին։ Այն ստորագրել էին հանրապետության ավելի քան 335 հազար աշխատավորներ։Հայ ժողովրդի զավակները ակտիվորեն մասնակցեցին նաև ֆաշիստական զավթիչների ժամանակավորապես օկուպացված տարածքներում (մասնավորապես Բելառուսիայում, Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Լենինգրադի մարզում) ծավալված պարտիզանական շարժմանը (Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատ, «Հաղթանակ» ջոկատ, Քառասունմեկերորդ պարտիզանական ջոկատ)։ Բազմաթիվ հայ մարտիկներ գործեցին հակաֆաշիստական ընդհատակյա տարբեր կազմակերպություններում (Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» և այլն)։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

Եռատոնը, որը մեծ խորհուրդ ունի ու արտացոլում է մեր նախորդների եւ այսօրվա սերնդի կատարածն ամբողջացնելու մտահղացումը։ Մայիսյան եռատոնի խորհուրդը հենց այն է, որ երիտասարդները դաստիարակվելով նախորդների՝ հայրերի ու պապերի հարուստ փորձով եւ օրինակով, 1992—ի մայիսի 9—ին ծանր քննություն բռնեցին՝ հերոսական նոր էջ գրելով հայ ժողովրդի տարեգրության մեջ… Մեծ հայրենականի վետերաններից ոչ քչերը, չնայած պատկառելի տարիքին, Արցախի համար օրհասական պահերին չվարանեցին վերստին զինվորական համազգեստ հագնել ու միշտ երիտասարդների կողքին էին։ Շուշիի ազատագրումը փորձի ու երիտասարդության, սթափ դատողության ու ինքնամոռաց խանդավառության, անձնվիրության ու հայրենասիրության համադրման հրաշալի դրվագ էր հայ ժողովրդի պատմության մեջ։ Շուշիի ռազմագործողությունը թե՛ մտահղացման, ու թե՛ իրականացման առումով, հիրավի, փայլուն մի էջ էր հայ ռազմարվեստի պատմության մեջ։ Բերդաքաղաքի անառիկ դիրքը, այնտեղ կենտրոնացված թշնամու մեծաքանակ սպառազինությունն ու կենդանի ուժը ռազմական գործի որոշ տեսաբանների իրավունք ընձեռեցին ռազմագործողությունը համարել վտանգավոր արկածախնդրություն։ Սակայն նրանք հաշվի չէին առել հայ զինվորի հաղթական ոգին… Այդ օրը նա հավատաց իր ուժին, եւ ողջ աշխարհին հայտնի դարձավ, որ հայ զինվորի ոգու եւ իր հայրենիքն ազատագրելու կամքի առջեւ անզոր են անգամ բարձրաբերձ ժայռերն ու խոր կիրճերը, ոչնչություն են թշնամական սպառազինությունն ու տեխնիկան։Հայոց բերդաքաղաքի ազատագրման գործողությունները ծավալվեցին չորս ուղղություններով՝ մայիսի 8—ի գիշերը Կոմանդոսի՝ Արկադի Տեր–Թադեւոսյանի գլխավորությամբ։ Այդ օրը Շուշիի կրակակետերից թշնամին Ստեփանակերտի վրա ուղարկեց ավելի քան 200 հրթիռ՝ մայրաքաղաքին պատճառելով մեծ ավերածություններ ու խլելով տասնյակ անմեղ մարդկանց կյանք։ Հակառակորդը հզոր զրահատեխնիկայի ուղեկցությամբ եւ «ՄԻ—24» ուղղաթիռներով գրոհ էր ձեռնարկել նաեւ մայրաքաղաքի հարավ—արեւմտյան հատվածի պաշտպանական դիրքերի վրա։ Թշնամու հարձակումները կասեցնելու նպատակով հայկական պաշտպանական ջոկատները ստիպված եղան պատասխան գործողությունների դիմել։ Մեր ազատամարտիկները հակահարձակման անցան ու արժանի հարված հասցրին ադրբեջանական զորամիավորումներին։ Թշնամին սկսեց նահանջել։Ազերիների դիմադրությունն առաջինը ճեղքեցին 4—րդ վաշտի «Տ–72» երկու տանկերի անձնակազմերը։ Ցավոք, դաժան հերոսամարտում տանկերից մեկը բոցավառվեց ու անձնակազմի անդամներից երկուսը՝ Աշոտ Ավանեսյանն ու Շահեն Սարգսյանը զոհվեցին։ Ամրոցի (Շուշիի բանտի) շինություններում դարանակալած թշնամին երկար ժամանակ դիմադրություն էր ցույց տալիս, ու մարտերն այստեղ առավել թեժ բնույթ էին կրում։ Օրվա երկրորդ կեսին արդեն ահեղ կռիվներ էին տեղի ունենում քաղաքի կենտրոնական թաղամասերում։ Հակառակորդը հայկական զորախմբերի ճնշմանը չդիմացավ, եւ ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի մեծ կորուստներ տալով, ստիպված էր ետ քաշվել ու դիմել փախուստի։ Ինչ խոսք, անչափ թանկ վճարեցինք պայքարի համար։ Մեր ժողովրդի նվիրյալ զավակներից շատերը զոհվեցին դաժան պատերազմում։ Ոչ քչերը տուն վերադարձան՝ հաշմանդամի կարգավիճակով։ Եվ իշխանությունների, մեզնից յուրաքանչյուրի հոգատար ձեռքն ու մխիթարանքի խոսքը կարող է միայն թեթեւացնել որդեկորույս մայրերի վիշտը, սպեղանի դառնալ հարազատների վերքերին։ Ոմանց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Ապրողներիս պարտքն է հիշել նրանց ու վերջնական ավարտին հասցնել պայքարը։ Ու քանի դեռ պատերազմը չի ավարտվել, տարածաշրջանում ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունում այսօր ավելի հրատապ է դառնում կայունության ու խաղաղության պահպանման անհրաժեշտությունը։իրավի, ծանր ժամանակներում է ծնունդ առել Արցախի պաշտպանության բանակը, որը անցնելով փառավոր մարտական ուղի՝ մշտապես զգաց Հայաստանի եւ սփյուռքի աջակցությունը։ Պատերազմում իրենց մկրտություն ստացան բազմաթիվ հայորդիներ, զինվորներ ու զորավարներ, հրամանատարներ։ Այսօր շարունակվում են հաջողությամբ իրականացվել բանակաշինության ու պաշտպանական համակարգի ձեւավորման խնդիրները։Իսկ Արցախի պաշտպանության ուժերը, որ տարածաշրջանում մարտունակներից մեկն են, պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված ամենաբարդ խնդիրները։