Մասնակից:Վարդան Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

Վ. Տ. Հախվերդյան

փիլ. գիտ. թեկ., դոցենտ

ԳՊՄԻ

Միջազգային հանրության առջև ծառացել են բազմաթիվ և տարաբնույթ միջէթնիկական հակամարտություններ: Միջէթնիկական մի շարք կոնֆլիկտներ պայմանավորված են ԽՍՀՄ ապազգային դոկտրինայով: Ամբողջատիրական երկրում գծվում և վերաձևում էին միութենական հնարապետությունների սահմանները, ոտնհարվում էր ազգային շահը: Երկրում առկա էր հիերարխիկ ենթարկվածությունը գերիշխող ազգային հանրապետությանը: Բնականաբար բուրգի ներքևում գտնվողները չէին կարող հանդես գալ քաղաքականության ինքնուրույն սուբյեկտներ, այդ թվում` ԼՂԻՄ-ը:

Խորհրդային պաշտոնական գաղափարախոսությունը քարոզում էր, թե իբր ազգային հարցը երկրում լուծված է լիովին և վերջնականապես` հաշվի առնելով ազգային-պետական կազմավորման էթնիկական սկզբունքը: Սակայն, կյանքն ապացուցում էր հակառակը: Ազգային հարցի <<խոշոր տեսաբան>> Ի. Վ. Ստալինը <<փաստորեն դեն նետեց ազգային հարցի լուծման լենինյան մոդելը և ԽՍՀՄ-ում իրականացրեց սեփական` <<ստալինյան մոդելը>>>> [1]:

Այսպիսով, բոլորովին արդարացված չէր <<Ադրբեջանի հետ Ղարաբաղի տնտեսական կապերի մասին>> կեղծ փաստարկով` 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ (Բ)Կ Կովկասյան երկրկոմի բյուրոյի որոշմամբ բնիկ ժողովրդի հայկական հողը` ԼՂ-ը, Ադրբեջանին բռնակցելը [2]: Միաժամանակ վերջինիս կազմում է թողնվել նաև Նախիջևանը, որը նրա հետ չուներ ընդհանուր սահման և անմիջական կապեր: Եթե այդ հարցերը վճռելիս Ի. Վ. Ստալինը առաջնորդվեր էթնիկական սկզբունքով, այսինքն <<բնական էթնիկական կազմով (հայերը` 94,4%) և նրա կամքով>>, ապա Լեռնային Ղարաբաղը պետք է թողնվեր Հայաստանի կազմում: Եթե հաշվի առնվեր տարածքային գործոնը, ապա պետք է արվեր հակառակը` ԼՂ-ն տրվելու էր Ադրբեջանին, իսկ Նախիջևանը` Հայաստանին: Պատմական գործոնով առաջնորդվելու դեպքում երկուսն էլ մնալու էին Հայաստանի կազմում: Ինչպես հայտնի է Արցախը Մեծ Հայքի 10-րդ նահանգն էր, մ.թ.ա. 6-րդ դարում գտնվել է Հայաստանի կազմավորումներում [3]: Մ.թ.ա. 9-7-րդ դարերում Նախիջևանի տարածքը գտնվել է Ուրարտական պետության, ապա Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների հայկական թագավորությունների կազմի մեջ, հին և նոր դարերում այն ներառվել է Այրարատ նահանգում [4]:

Հայ ժողովուրդը չէր կարող հանդուրժել, որ կուսակցության հիշյալ ինստիտուտն` անտեսելով պատմական, էթնիկական, իրավաքաղաքական անվիճելի փաստարկները, հանցավոր քաղաքական խարդավանքներով հայկական հողը` բնիկ հայերով, բռնակցել է Ադրբեջանին:

Արցախահայությունը ձգտել է վերականգնել արդարությունը սահմանադրական ուղիով, սակայն հիմնախնդրի լուծումն անհնար էր ամբողջատիրական երկրում: ԽՄԿԿ-ն միութենական հանրապետությունների սահմանների վերանայումը դիտարկում էր խորհրդային ժողովուրդների եղբայրության և բարեկամության խարխլում: Ազգային-պետական կազմավորումների անկախ, ինքնիշխան լինելն անհամատեղելի էր խորհրդային տիպի դաշնությանը: ԼՂ-ի հարցում շեշտը դրվում էր տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա` անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքը, և հարցը տարվում էր փակուղի: Հետևաբար ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը խորհրդային ժառանգություն է, որն արգասիք է ամբողջատիրության ապազգային քաղաքական դոկտրինայի:

Ազգային ինքնագիտակցությամբ Արցախի ժողովրդի զարթոնքը պայմանավորված էր <<պատմական անարդարությամբ>>: ԼՂԻՄ-ի հիմնախնդիրը չէր դառնա այդքան հրատապ, եթե Ադրբեջանի նախկին ղեկավարությունը չոտնահարեր հայ ազգի իրավունքները. ազգային շահի և ապրելու իրավունքի անտեսում, էթնիկական ուծացում, կոտորում (Սումգայիթ, Բաքու և այլն), ազգային խտրականություն, ժողովրդագրական վիճակի փոփոխություն, Հայաստանի հետ մշակութային կապերի խարխլում: <<Մարդկանց սպանել են, նեղել են ֆիզիկապես և բարոյապես, միայն այն բանի համար, որ նրանք այլ ազգությունից են>> [5]:

Դարեր շարունակ ազերիները չունենալով կայուն էթնոնիմ` դիվանագիտական խարդավանքով, կամայականորեն փոխել են պատմական Արցախի և այլ վայրերի բազմաթիվ հայկական տեղանուններ` սքողելով տարածքի էթնիկ պատկանելությունը, ոչնչացրել պատմագիտական և էթնոքաղաքական մեծ արժեք ունեցող եկեղեցիներն ու հուշարձանները, որոնց վերականգնումն ու պահպանումն ունեն ռազմավարական վիթխարի նշանակություն:

ԽՍՀՄ փլուզումից հետո էլ ավելի սրվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որի արդյունքում 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվում է հռչակագիր ԼՂՀ ստեղծելու մասին [6]:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1990թ. ապրիլի 3-ի օրենքով ազգային ինքնավարություն ունեցող ժողովրդին էր ընձեռվում ԽՍՀՄ կազմից դուրս եկող հանրապետությունում մնալ-չմնալու կամ անկախ պետություն ստեղծելու իրավունքը: Ադրբեջանը խորհրդային երկրից դուրս եկավ այն ժամանակ (1991թ.), երբ իր կազմում չկար Լեռնային Ղարաբաղը: ԼՂԻՄ-ը, համաձայն ԽՍՀՄ օրենսդրության, իր Մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշմամբ դուրս է եկել Ադրբեջանի կազմից [7]: 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով տեղաբնիկ ազգաբնակչության մեծամասնությունը (91,1%) արտահայտել է իր կամքը հօգուտ անկախության: Եվ վերջապես, 1992թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն հռչակվեց անկախ` հենվելով մարդու իրավունքների իրավունքների համընդհանուր հռչակագրին` վերահաստատելով արցախահայության ինքնորոշման իրավունքը:

Ադրբեջանի իշխանությունները փոխանակ ճանաչելու ԼՂՀ անկախությունը` պատերազմ հայտարարեցին ինքորոշված ժողովրդի դեմ` մոռանալով, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն անկախության վերականգնման մասին հռչակագրով (30.08.1991թ.) իրեն համարել է 1918թ. մուսաֆաթական հանրապետության իրավահաջորդը: Այդ իրավաքաղաքական փաստաթղթով չեղյալ է համարվում ԽՍՀՄ օրոք Ադրբեջանին ԼՂ-ի բռնակցման հիշատակված որոշումը: Բնականաբար, ՀՀ-ն հարկադրված պաշտպանել է պատմական Հայաստանի տարածքում բնակվող, հայ ժողովրդի մաս կազմող ԼՂՀ բնակչությանը:

1992-94թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինվորականների համատեղ ջանքերով ազատագրվեց Շուշին, Լաչինը, Քելբաջարը, Աղդամը և այլ տարածքներ: 1994թ. մայիսին կնքվեց զինադադար` ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների ջանքերով:

Հայաստանի իշխանությունները և եվրոպական կառույցները առաջնորդվում են ԼՂՀ հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` բանակցությունների ուղիով: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցով զբաղվում են Մինսկի խմբի եռյակը` ՌԴ-ը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք վերջին տարիներին հակամարտող կողմերին առաջարկել են հիմնահարցի լուծման զանազան տարբերակներ: ԵԱՀԿ Նախարարների խորհրդի մադրիդյան (2007թ. նոյեմբերին) հանդիպման ժամանակ արտգործնախարարների մակարդակով կողմերը համանախագահների հետ մշակել են <<Հիմնարար սկզբունքեր>> փաստաթուղթը:

• Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակ,

• ներկայում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձ,

• փախստականների վերադարձ,

• անվտանգության երաշխիքներ [8]:

Հակամարտող կողմերը որոշ վերապահումներով շարունակեցին բանակցել այդ փաստաթղթի հիման վրա, որն, ինչպես պնդում են նաև եռանախագահողները, կատարյալ չէ: ԼՂՀ հիմնախնդրի հայանպաստ լուծմանը կխթանի, եթե ՀՀ իշխանությունները ԵԱՀԿ Միսնկի համանախագահներին ներկայացնեն պատմական, իրավաքաղաքական համոզիչ փաստարկները:

Այստեղ, ամենից առաջ, կարևորվում է ԼՂՀ կարգավիճակի հարցում հստակություն մտցնելը, ի սկզբանե ճանաչել նրա անկախությունը: Փաստաթղթում արժևորել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև աշխարհագրական կապի` կապող միջանցքի անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂՀ-ի շրջակա տարածքների ոչ բոլորի վերադարձ Ադրբեջանի իրավասությանը:

Հայաստանի քաղաքական ուժերը, ժողովուրդը այդ կարևորագույն հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ ունեն տարաբնույթ մոտեցումներ, որոնք հաճախ դարձել են ներքաղաքական շահարկումների առարկա: Թվարկենք այդ իրարարմերժ տեսակետներից մի քանիսը.

• ՀՀ իշխանությունները անհապաղ պետք է ճանաչեն ԼՂՀ անկախությունը:

• ԼՂ-ն դիտարկել ՀՀ անքակտելի մաս:

• Վերադարձնել բոլոր տարածքները` պահպանելով Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին կապող ցամաքային միջանցքը:

• Ոչ մի տարածք չվերադարձնել:

• Տարածքները փոխզիջումային տարբերակով վերադարձնել մասամբ, եթե ավարտուն տեսքի է բերված ԼՂՀ կարգավիճակը:

Համանման քաղաքական պլյուրալիզմի դրդապատճառ են անվտանգության մտահոգությունների տարբեր աստիճանները:

Հայ քաղաքական բոլոր ուժերի միասնական ջանքերով հիմնադրել համահայկական ինստիտուտ, որն ի զորու է մշակելու միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին և դրույթներին համահունչ միասնական հայեցակարգ` ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով:

Հարկ ենք համարում նշել, որ ԼՂ-ի հիմնահարցի լուծմանը որոշակի ներգործություն ունի ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումը` միջազգային և տարածաշրջանային կառույցներին, մասնավորապես, հանրապետության Եվրասիական տնտեսական միության անդամակցմանը: Դժբախտաբար, ՀՀ դեռ չունի լիարժեք մշակված ազգային-պետական գաղափարախոսություն և ռազմավարության համընդգրկուն դոկտրինա:

Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ ԼՂՀ-ի կարգավիճակը որոշվելու է բանակցությունների միջոցով, այլ ոչ միակողմանիորեն, որի համար դեռևս չի կարող ճանաչել ԼՂՀ անկախությունը: Դրանով իսկ ԼՂՀ-ը փաստորեն դուրս է մղվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների գործընթացից: Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ընդհատվել է 1997թ. տխրահռչակ Լիսաբոնյան վեհաժողովից հետո, որում իրենց <<նպաստն>> են բերել ՀՀ նախկին իշխանությունները: Ղարաբաղյան խնդրի կարգավորման ժամանակ այս հանգամանքը չի կարող անտեսել ՀՀ պաշտոնական դիվանագիտությունը, որը թույլ կտա ղարաբաղյան գործընթացը մտցնել քաղաքական քննարկումների ավելի լայն դաշտ: Տարակուսանք չկա, որ հրատապ է դարձել ԼՂՀ միջազգային իրավական ճանաչումը, որը թույլ կտա նրան ընդգրկել դիվանագիտական կապերի մեջ, վերացնել դե-ֆակտո հանրապետության անկլավային կարգավիճակը և ապահովել բնակչության անվտանգությունը:

Թեպետ Ադրբեջանի իշխանությունները կնքել են հրադադարի պայմանագիր, սակայն իրենց ռազմատենչ հայտարարություններով խախտել են բազմիցս, որի համար միջազգային հանրությունը դատապարտում է պաշտոնական Բաքվի արկածախնդրությունը: Ադրբեջանական կողմը ձգտում է հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրել` ակնկալելով գնալ ոչ հայանպաստ զիջումների: Հայկական կողմն ունի մարտունակ բանակ` ժամանակակից ռազմական տեխնիկայով, որը դիվերսիոն գործողողությունների ժամանակ հակառակորդին բազմիցս ետ է շպրտել իր դիրքերը` պատճառելով վիթխարի կորուստներ:

2014թ. օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և ԱՀ նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հիմնահարցը հանգուցալուծել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության շփման գոտում հրադադարի խախտումների ակտիվացումը և դրանց խայտառակ ձախողումը ադրբեջանական կողմին պարտադրանք են` հիմնահարցը լուծել բանակցությունների ուղիով:

Ադրբեջանի Հանրապետության նախագահը վկայակոչում է երբեմն ՄԱԿ-ի բանաձևերը և միակողմանիորեն տարբեր առիթներով թմբկահարում է տարածքային ամբողջականության սկզբունքը`անտեսելով ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու, այլ կերպ` ազգերի ինքնորոշման իրավունքը: Դրանք միմյանց հակասող սկզբունքներ չեն: Հայկական կողմը երբևիցե պատերազմով կամ ուժով չի սպառնացել Ադրբեջանին` նրա սահմանների անձեռնմխելիությունը խախտելու ձգտմամբ: Ադրբեջանական կողմը ճգնել է խեղդել պատմական հայրենիքում բնիկ ժողովրդի ինքնորոշման գոյամարտը և հայտարարել լայնամասշտաբ պատերազմ, իրականացրել բազմաթիվ վայրերում հայերի նկատմամբ <<ցեղասպանություն>>, այն բանի համար, որ հայը անհնար էր համարում Ղարաբաղի ենթակայությունը Ադրբեջանին: Տարածքային ամբողջականության սկզբունքը վերապահումով է վերաբերվում այն էթնիկական հանրույթին, որի տարածքը անարադարացիորեն բռնազավթվել է: Հետևաբար, բռնազավթած տարածքը վերադարձնելը <<սեփական տիրոջը>>, երբեք չի խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս առումով ճիշտ կլիներ, որ մեր դիվանագիտությունը հենվեր նաև տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, քանզի Ղարաբաղը չի եղել անկախ Ադրբեջանի տարածք: Սփյուռքահայ դոկտոր Արմեն Բաղդոյանը <<Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը>> աշխատությունում գրել է. <<Լեռնային Ղարաբաղի բռնակցումը նրան տրամադրում է գրավված տարածքի կարգավիճակ, ուստի միջազգային օրենքի կողմից այն չի կարող Ադրբեջանի մաս ճանաչվել>> [9]:

Այդ են հաստատում դարասկզբի Ազգերի լիգայի կայացած վճիռը` ԼՂ-ն <<վիճելի տարածք>> հայտարարելու վերաբերյալ, ինչպես նաև ԼՂ-ն Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին բազմաթիվ փաստաթղթերի առկայությունը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը: 1920թ. ապրիլի 25-ին կայացած Ղարաբաղի հայության 9-րդ համագումարում հայոց Ազգային Խորհրդի հռչակմամբ Լեռնային Ղարաբաղը համարվում է ՀՀ անքակտելի մաս: Ծանոթ լինելով ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիվանագիտության դիրքորոշմանը` հարկ եմ համարում ներկայացնել իմ նկատառումները.

• Ճանաչել ԼՂՀ անկախությունը, բացառել նրա, թեկուզ ամենալայն ինքնավարությամբ, ներառումը Ադրբեջանի Հանրապետության կազմում,

• փոխզիջումները կատարել ոչ <<անվտանգության գոտի>> համարվող և ոչ էլ մեր պատմական տարածքների հաշվին,

• Արցախի բնակչության միջազգային երաշխիքների անհապաղ ապահովումը,

• անթույլատրելի համարել ստորագրել որևէ փաստաթղթի տակ, որը կարող է խոչընդոտել հիմնահարցի հայանպաստ լուծմանը,

• ԼՂՀ անմիջական մասնակցության ապահովումը հիմնախնդրի շուրջ վարվող բանակցություններին,

• մշակել միասնական հայեցակարգ, ձերբազատվել ղարաբաղյան հիմնահարցի ներքաղաքական շահարկումներից և երկրի ապակայունացման փորձերից:

Ներկայում ԼՂՀ անկախ պետականության կարգավիճակը գործնականորեն (դե-ֆակտո) սահմանվել է, որը թույլ է տալիս արցախցուն իր սեփական էթնոտարածքի վրա առաջնորդվել միջազգային ժողովրդավարական նորմերին համահունչ: Ուստի, միանգամայն արդարացի կլիներ, որ միջազգայի քաղաքակիրթ հանրությունը, առաջնորդվելով <<էթնոժողովրդավարական>> սկզբունքներով, հարգել արցախցու ինքնորոշման իրավունքը և ճանաչել ԼՂՀ անկախությունը:


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Хуршудян Л. А., Национальный вопрос и новое мышление, Ер., 1989, с. 35.

2. Хармандарян С., В. Ленин и становление Закавказской федерации 1921-1923, Ер., 1969, с. 104.

3. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, էջ 150:

4. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջ 162:

5. “Известия”, 1987, 16 июля.

6. Մանուչարյան Հ. Գ., Դրվագներ հայ քաղաքական մտքի պատմության, Եր., 2002, էջ 212:

7. Հակոբյան Լ., Հայկական պետականության վերականգնման (Հայոց հարցի հանգուցալուծման) հայեցակարգ, Եր., 2006, էջ 86:

8. Հայաստան 2008, Ճգնաժամ և հնարավորություն, Եր., 2008, էջ 20:

9. Բաղդոյան Ա., Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, Եր., 1998, էջ 31: