Մասնակից:Վահե Աղաբեկյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոմա Աղաբեկյան

Կենսագրություն

Ռոմա Աղաբեկյանը ծնվել է 1942թ. հունվարի 2-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում:

1960թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1960-1962թթ. աշխատել է որպես Շուշի-Ստեփանակերտ ճանապարհաշինարարության բանվոր: 1960-1967թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի գերմաներենի ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել այն: Ուսանելու հետ մեկտեղ մեկ տարի թարգմանիչ էր աշխատում Երևանում: 1967թ.-ից Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում գերմաներենի ուսուցիչ էր: 1970թ. նշանակվել է Վաղուհասի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1973-1975թթ.` Վաղուհասի կուսկոմիտեի քարտուղար:

1975-1992թթ.դասավանդել է Վաղուհասի միջնակարգ դպրոցում՝ որպես գերմաներենի ուսուցիչ:

1991թ. դեկտեմբերի 28 -ին Գետավանի թիվ 56 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է կրթության և գիտության հանձնաժողովի անդամ:

1992-1993թթ. կազմակերպել է Նժդեհի անվան կոլտնտեսություն և եղել նրա լիազոր ներկայացուցիչը: 1994թ. Վաղուհասի միջնակարգ դպրոցի տնօրենն էր, 1995թ.՝ Մարտակերտի շրջանի պատմական հուշարձանների պահպանման տեսուչ: 2002-2010թթ.՝ Վաղուհասի միջնակարգ դպրոցի օտար լեզվի ուսուցիչն էր:

Արցախյան շարժման մասնակից է, Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, 1970թ.՝ «Անբասիր աշխատանքի համար» մեդալով:

Ամուսնացած էր, ունի չորս զավակ:Մահացել է 2018թ. նոյեմբերի 16-ին, քաղցկեղից:

Վերոնշյալ կենսագրական հակիրճ տվյալներն, անշուշտ, չեն արտացոլում Ռոմա Աղաբեկյանի ողջ կերպարը, բնավորությունն ու մտածելակերպը, իսկ այդ առումով 76 տարեկանում կյանքին հրաժեշտ տված մանկավարժը փոխանցելու շատ բան ուներ, որը փորձել ենք քաղել նրա տիկնոջ՝ Նինայի, ընկերների պատմածներից:

Ռոմա Աղաբեկյանը ՀՅԴ անդամ էր, շարքերը համալրել է 1988թ.: Առաջին գումարման գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել, եղել է ՀՅԴ խմբակցության անդամ:

Ընտանիքը

Կնոջ հետ ծանոթացել է Թալիշում դասավանդելու տարիներին, Նինան դասվար էր: Վերջինս ապագա ամուսնու մեջ գնահատել է առաջին հերթին խստապահանջությունը, նպատակասրացությունը՝ «ինչ-որ որոշել էր պիտի աներ»:

Ռոման ազգային ուժեղ մտածելակերպ ուներ, որով և դաստիարակել է իր երեք տղաներին ու դստերը: Որդիները մասնակցել են Արցախյան պատերազմին: Հայկը սկզբում Բեկորի ջոկատի կազմում էր, այնուհետև գյուղի ջոկատի հրամանատարը: Երկրորդ որդին՝ Աշոտը, երկրորդ կարգի հաշմանդամ է, վիրավորվել է Գանձասարի մոտակայքում: Իսկ կրտսերը՝ Ավետը, պայմանագրային զինծառայող էր, այժմ թոշակի է անցել և աշխատում է Մարտակերտում որպես հնություններրի տեսուչ: Աղաբեկյան ամուսինների միակ աղջիկը՝ Շողերը, ընտրել է հոր մասնագիտությունը, այժմ ապրում է Երևանում:

Տիկին Նինան Ռոմայի դաստիարակության արդյունքն է համարում այն, որ բոլոր որդիները նախընտրել են բնակվել գյուղում, շենացնել այն:

Կարծիքներ

Հողից դուրս եկած և հողի մեջ մտած անձնավորություն է Ռոման. Գեորգի Պետրոսյան

Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորության ժամանակ եմ ծանոթացել Ռոմայի հետ: Վաղուհասի Ռոման էությամբ ազգային մարդ էր, ուրիշի մշակույթը լրիվությամբ ուսումնասիրած մարդ, որի շնորհիվ էլ ինքը դարձել է ազգային, ապրել Վաղուհաս գյուղում: Այդ տեսակետից ինքը իսկական մտավորական էր: Այսօր իրեն ինտելիգենտ համարող ցանկացած մարդ պետք է Ռոմայից ներողություն խնդրի: Ինտելիգենտը կրթությունը չի, նրա հատկանիշներն են՝ հողը, ուրիշի տեսածը և իր մեջ մնացածը: Հողից դուրս եկած և հողի մեջ մտած անձնավորություն է Ռոման:

Ափսոսանք էր ապրում, որ դեռևս չի հաջողվել պայքարը ամբողջական ավարտին հասցնել. Դավիթ Իշխանյան

Մեզ մի քանի կապող թելեր կային: Նախ գաղափարական ընկերներ էինք: Դրան գումարվել է ուսանողական տարիների, գաղափարական ու մարտական ընկերությունը նրա որդու ՝ Հայկ Աղաբեկյանի հետ, ով իմ համակուրսերցին էր:

Մենք 1991-195-95թթ. Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներ էինք միասին և այդ օրերին առիթ եմ ունեցել որպես Դաշնակցության խմբակցության անդամ պատգամավոր ավելի հանգամանակից ծանոթնալու Ռոմա Աղաբեկյանի հետ: Ճիշտ է, հետագա տարիներին աշխարհագրական պատճառներով, հեռավորությունը հնարավորություն չի տվել հաճախ իրար հետ շփվելու, բայց տարբեր առիթներով միմյանց հետ հանդիպելով, միշտ էլ ջերմություն ու մտերմություն ենք զգացել: Ավանդապահ, ավանդապաշտ, ընտանիքի սկզբունքներին և ներքին օրենքներին հավատարիմ անձնավորություն էր, երեխաներին տվել է խիստ դաստիարակություն, ինքն էլ խստություն ուներ:

Ռոման կյանքում բավականին դժվարություններ է տարել, հատկապես Արցախյան շարժման տարիներին: Վերջերս Ռոմայի մեջ մտահոգություն, կարծես թե սկսած աշխատանքը ավարտին չհասցրած մարդու հոգեաբանական վիճակ կար: Համոզված եմ, որ ինքն իր ապրած կյանքը երբեք չի ափսոսացել, բայց ափսոսանք էր ապրում, որ դեռևս չի հաջողվել պայքարը ամբողջական ավարտին հասցնել:

Նա ոչ միայն հայերին, այլև մարդկությունն էր սիրում. Արկադի Կարապետյան

Եթե մի քանի բառով նկարագրեմ Ռոմային, ապա նա մեծ ուժեղ երեխա էր, շատ անկեղծ, երեխայի նման անհավանական պարզ, մաքուր մարդ էր: Շիրազի հետ էր մտերիմ, ով նույնպես մարդկանց մեջ գնահատում էր պարզությունը, անմիջականությունը:

Նաև ազգայնական էր, Արցախի հարցի վերաբերյալ գտնում էր, որ դեռ պիտի ընդարձակենք, վերականգնինք մեր հայրենիքը: Ինքը չէր մտածում իր քայլերն արդարացնելու համար, որովհետև հաստատ գիտեր, որ ամեն գնով ճշմարտությունը պիտի հաղթի:

Դեպի Հայաստան, Ղարաբաղ, դեպի մարդկությունը, բնությունը անսահման սեր կար նրա մեջ: Շատ լավ գիտեր գերմաներենը և այն ավելի լավ իմանալու համար ուսումնասիրել էր գերմանացի փիլիսոփաներին: Նա ոչ միայն հայերին, այլև մարդկությունն էր սիրում:

Հետաքրքիր է, որ մտածելակերպով, արդարության ձգտմամբ, մաքրությամբ իրար նման են ընտանիքի բոլոր անդամները: Ամբողջ ընտանիքն է այդպիսին, իսկական ավանդական, հայկական ընտանիք է: Տղաներն էլ վերին աստիճանի քաջ, սառնասիրտ են:

Երբ ժողովուրդը սկսեց հետ վերադառնալ ազատագրված գյուղ, այդ ընտանիքն է գյուղը ոտքի կանգնեցրել: Առաջին նախագահը Ռոման էր, հետո իր կինը: Նրանք չեն մտածել միայն իրենց տան, տնտեսության վերականգնման մասին, այլ օգնել են ամբողջ գյուղին: Օրինակ, մենք 150 գլուխ անասուն ենք տվել և համոզված էինք, որ ոչ վաճառելու, ոչ էլ սեփականացնելու են,այլ ծառայեցնելու են գյուղին:

Հովհաննես Շիրազի հետ մտերմությունը

Շիրազը վստահ էր, որ ազգային զարթոնքը սկսվելու է հենց Ղարաբաղից

Ուսանողական տարիներից Ռոման ընկերական կապեր ուներ բանաստեղծ Հովհ. Շիրազի հետ: Ստորև ներկայացնում ենք 2014թ. հունիսի 3-ին, «Ազատ Արցախ» թերթում լույս տեսած «Շիրազը վստահ էր, որ ազգային զարթոնքը սկսվելու է հենց Ղարաբաղից» հոդվածից մի հատված.

1964թ. հրատարակվել էր «Քնար Հայաստանի»-ի երկրորդ հատորը: Երբ իմացա, որ գիրքը տպագրվել է, Երևանի բոլոր գրախանութները ման եկա, չգտա` արագորեն սպառվել էր: Ճարահատյալ գնացի Շիրազի մոտ:

Գիրքը նվիրեց, մակագրված էր. «Ղարաբաղը մորս կանչն է, Ինձ է կանչում հույսով տրտում, Ղարաբաղը իմ կակաչն է, Կարմիր, բայց սև ունի սրտում»: Այնուհետև ավելացրել է. «Իմ սիրելի ղարաբաղցի-արցախցի Ռոմա Աղաբեկյանին»: Երբ գիրքը վերցրած` ուրախ-ուրախ իջնում էի աստիճաններով, հետևիցս գոռաց. «Է՛յ, էդ ո՞ւր, էդ ո՞ւր»: Մտածեցի` կարո՞ղ է փոշմանել է: Հետ վերադարձա: Թևիցս բռնած տարավ աշխատասենյակ: Գիրքը ձեռքիցս վերցրեց, նստեց աթոռին, մի թուղթ վերցրեց և արտագրեց գրքի քառատողը, ասելով. «Ազիզ ջան, միայն քեզ համա՞ր եմ գրել, որ տանում ես»: Ու գիրքը նորից ինձ տվեց:

Ժամանակ անց Շիրազին հրավիրեցի Ղարաբաղ: Ասաց. «Ռոմա ջան, լավ կլինի, որ պաշտոնական կանչ լինի, ինքնակոչ չստացվի»:

Պաշտոնական հրավերի համար եկա Ստեփանակերտ` հույս ունենալով, որ Աբգար Դանիելյանը (տատիս եղբոր տղան էր, «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրության կուսկազմակերպության քարտուղարը) կաջակցի ինձ: Նա զարմացավ, կանչեց Բոգդան Ջանյանին` հետը խորհրդակցելու: Հրաժարվեցին: Ինձ հետ տարել էի Շիրազի անտիպներից, խնդրեցի գոնե դրանցից մի շարք տպագրել: Չէի հասկանում, որ նրանց ուժերից վեր բան էի խնդրում:

Դառնացած վերադարձա Երևան, ամեն ինչ պատմեցի Շիրազին: Նա տոն չտվեց, սկսեց մանրամասն հարցուփորձ անել Ղարաբաղից` ինչպե՞ս է վիճակը, տնտեսությունը և այլն:

Անցավ մեկուկես ամիս: Զանգեցի Շիրազին: Ասաց, որ գնամ տպարան: Ռիմայի (թե՞ Ռիտայի) մոտ տեսա «Ղարաբաղի ողբը»՝ մեքենագրած: Այն սկսվում էր ինձ մակագրած գրքի քառատողով: «Ղարաբաղի ողբը» ահա այսպիսի հետաքրքիր նախապատմություն ունի։