Մասնակից:Սյոմա Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սեմյոն Վահանի Իսրայելյան/Semyon Vahani Israyelyan[խմբագրել | խմբագրել կոդը]

(1954-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

   Սեմյոն Վահանի Իսրայելյանը (Ֆարամազյան) ծնվել է 1954թ. փետրվարի 3-ին Բաքվում: Հայրը՝ Վահանը, եղել է հայտնի քարտաշ, մայրը՝ Թամարան, հաշվապահ:

   Մելիք-Ֆարամազյանների տոհմը հայտնի է, սկիզբ է առել Սյունյաց աշխարհի ազնվական, իշխան Մելիք Ֆարամազից: Ազգանվան փոփոխությունը տեղի է ունեցել Վահանի(Սյոմայի հոր) շնորհիվ:

 Քաղաքակիրթ և բարեկեցիկ ապրելու համար Վահանը ընտանիքով Խնձորեսկից տեղափոխվում է Երևան: Տեղափոխվելուց հետո ենթարկվում է քաղաքական հետապնդման և մեկ տարի բանտարկվելուց հետո, հետագա քաղաքական հետապնդումներից խուսափելու համար, ընտանիքի հետ գնում է Բաքու և փոխում է ազգանունը՝ վերցնելով մայրականը(Իսրայելյան):

   Սյոման գնացել է տեղի դպրոցը: Հաճախել է ջութակի, սիրել է խաղալ ֆուտբոլ և թենիս, հետագայում ստացել է թենիսի վարպետի կոչում, երբ արդեն Ծաղկաձորում էր : Մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել է ժամացույցների, ռադիոյի մեխանիզմները, դրանց կառուցվածքը: Ազատ ժամանակ օգնել է հորը՝ գերեզմանաքարեր է փորագրել:

   Նա, ծառայելով Սովետական բանակում, եղել է լավ դիպուկահար: Վերադառնալով Բաքու՝ ամուսնացել է Դոնարայի հետ:Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու որդի: Սակայն Սումգայիթյան շարժման ժամանակ, իրավիճակի սրացումը կանխազգալով, Վահանը Սեմյոնի ընտանիքի անվտանգությունից ելնելով, որոշում է նրանց հետ ուղարկել Հայաստան, իսկ նա էլ ընտանիքով տեղափոխվում է Արմավիր (ՌԴ):

   Պատմական Մեծ Հայքի Վարժնունիք գավառի Ծաղկաձոր վերանվանված Ծաղկոցաձորում էր բնակություն հաստատել Բաքվում ծնված Սեմյոնն իր ընտանիքով ու, թերևս, այդտեղ իմացել, որ այն եղել է հայոց Արշակունի թագավորի ամառանոցը:

 …Բայց 1988-ին այստեղ ամեն ինչ այլ էր:Քիչ թե շատ ապահով ապրող ծաղկաձորցիներն անգամ չէին կարողանում անմասն մնալ Հայաստանում տիրող համընդհանուր ալեկոծումներից, մանավանդ որ այդ ամենին միացավ նաև ահռելի երկրաշարժը: Ծաղկաձորցի առնական տղամարդկանց հետ աղետի գոտու փրկարարական աշխատանքների մասնակցելու մեկնեց նաև Սեմյոնն ու տուն վերադարձավ՝ սահմռկեցնող իրողության աղետալի հետևանքները հոգու խորքում թաքցրած…

   Դրան հետևեցին մեր սահմաններում հնչած կրակոցները, որ աստիճանաբար վերաճում էին պատերազմի: Օլիմպիական մարզական համալիրի բնակելի շենքում ապրող տղամարդիկ՝ Խաչիկը, Սերոն, Սերժիկը, Սյոման, շուրջ 10 հայորդի որոշեցին միանալ Հրազդանում ձևավորվող մարտական ջոկատին ու մեկնել ռազմադաշտ: Բակում հավաքվող տղամարդիկ հաճախ էին մտմտում ճակատ մեկնելու մասին.առիթը ներկայացավ 1992-ի փետրվարին:

   Այդ մասին առաջինն իմացավ Սեմյոնի ավագ որդին՝Ալեքսանդրը, ով հոր աջ թևն էր ու մշտապես հոր կողքին էր:

   1992-1994թթ. ապրիլը ծաղկաձորցի մարտիկները կողք կողքի կռվեցին Լաչինում ու Քարվաճառում. գերված հողերն ազատագրելով՝ հասան մինչև Մարտակերտ:

   1993թ. հունվարի 27-ին հայկական բանակային ստորաբաժանումները մտան հայաթափված Մարտակերտ և հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը՝ անցան մերձակա գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհների պաշտպանությանը՝ ազատագրելով հարակից բնակավայրերը…

   Թշնամու կատաղի հակահարձակումներից հետո մեր ուժերը թողեցին քաղաքն ու նահանջելով՝ ամրացան Ներքին Հոռաթաղ գյուղի դիրքերում…

   1994թ. սկզբին արդեն քաղաքը վերջնականապես ազատագրվեց ու պաշտպանվեց: Եվ պաշտպանվեց այն հայ մարտիկների անձնազոհության պատրաստ հայրենասիրությամբ…

   Թալիշ գյուղն ազատագրած մեր մարտիկները մերձակա դիրքերի պաշտպանությունն էին ապահովում՝ պարբերաբար հետ մղելով թշնամու կատաղի հարձակումները:Մի այդպիսի ծանր հակահարձակման պահին մերձակա դիրքերում զոհվել էր <<Ծաղկաձորի արջը>>՝ հսկա Խաչիկը:Երբ լուրը հասավ այնտեղ, ուր կռվում էր Սյոման, ցավի ահագնությունից նա խելակորույս ոտքի կանգնեց ու անվերջանալի թվացող կրակահերթեր ուղղեց թշնամու կողմը: Բայց ուժերն ու գիտակցությունը խնայել ու սթափ պահել էր պետք: Հերոսի դին մնացել էր թշնամու օղակում: Սյոման վարժ խոսում էր ադրբեջաներեն: Թույլտվություն ստացավ ռադիոկապով խոսելու և ադրբեջանցիների հետ աճյունափոխանակության համաձայնություն ձեռք բերելու: Սյոման համոզեց թշնամուն և օգնեց, որ հերոսը հերոսացած վերադառնա հայրենի Ծաղկաձոր ու հանգիստը գտնի Ս. Հարություն եկեղեցու բակում:

   Ապրիլի 20-ի դաժան մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց ծաղկաձորցի Սերժիկ Մուշեղյանը: Սյոման հանեց նրա արնածոր ոտքերի վրա ճեղքված զինվորական կոշիկները, իր կոշիկները հագցրեց Սերժիկին և մեջքի վրա դրած, բրդե գուլպաներով, անդադար տեղացող անձրևի տակ մինչև ոսկորները թրջվելով, փուշ ու տատասկի վրա քայլելով, 4 կմ հեռավորություն հաղթահարելով՝ երկու ոտքերից վիրավոր ընկերոջը բուժկետ հասցրեց: Ինքը վերադարձավ մարտադաշտ…

   Սյոման հավերժի ճամփան բռնեց մի քանի օր անց, 1994թ. ապրիլի 26-ին՝ Ծաղկաձորում թողնելով կնոջն ու երկու որդուն ու նաև հիշատակը, որով պայծառանում են բոլոր այն աչքերը, որոնք թրջվում են՝ արվեստագետի կեցվածքով ազնիվ ու բարի մարզիկին հիշելիս…

   Իր սխրագործությունների համար Սյոման հետմահու արժանացել է <<1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանին և պարգևատրվել է Արիության մեդալով: