Մասնակից:Սեդ/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արփա գետի ավազանը ՀՀ սահմաններում գրավում է 2080 կմ² մակերես, որը կազմում է ՀՀ տարածքի 7%-ը: Արփայի ավազանը իրենից ներկայացնում է մի լայն ու երկար գոգահովիտ, շրջապատված Վայքի և Զանգեզուրի լեռնաշղթաներով և Վարդենիսի ու Սյունիքի լեռնավահաններով, որոնց դեպի գետահովիտն ընկած լանջերը մտնում են Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջանի մեջ: Ավազանին բնորոշ է մակերևույթի խիստ մասնատվածությունը:

Երկրաբանական կառուցվածքը և ռելիեֆը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփայի ավազանում մերկանում են բազմատեսակ ապարներ, որոնք միմյանցից տարբերվում են կազմությամբ, հասակով և ծագմամբ: Նրանցից մի քանիսը ավելի ամուր են և դժվարությամբ են քայքայվում, մյուսները հակառակը, քայքայվում են ավելի հեշտ:

Պալեոզոյի ապարները ուսումնասիրվող տարածքում հանդես են գալիս գերազանցապես նստվածքային և մասնավորապես հրաբխածին ապարներով: Նստվածքային ապարներից առավելապես տարածված են կրաքարի, մերգելի, թերթաքարերի տարբեր տեսակներ, դոլոմիտացված կրաքարեր և այլն: Հրաբխացած ապարներից տարածված են տուֆեր, տուֆաբրեկչաներ, պորֆիրիտներ և այլն: Նշված ապարները մերկանում են Վայքի լեռնաշղթայում, որի հարավ-արևելյան և հյուսիսային լեռնալանջերին մերկանում են հիմնականում կրաքարեր, թերթաքարեր և այլն, իսկ արևմտյան լանջերին հրաբխածին ապարներ:

Կավճի ապարները հանդես են գալիս Վարդենիսի լեռնավահանի հյուսիս-արևմտյան մասում, Վայքի անտիկլինալում և ներկայացված են կարբոնատային, պորֆիրիտային ապարաշերտերով: Այս համակարգի կրաքարա-մերգելային ապարները ներկայացված են խիտ շերտավոր սալային տարատեսակներով և բարդացված են բազմատեսակ տեկտոնական խախտումներով: Չնայած ճեղքերի առկայությանը` գրունտային ջրերը այստեղ շատ աննշան են: Ապարների մեծ ջրաթափանցության շնորհիվ ջուրը ներծծվում է ավելի խորը շերտեր և գոյացնում ռելիեֆի կարստային ձևեր: Արփայի ավազանում մեծ տարածում ունեն պալեոցենի գոյացությունները, որոնք տեղադրված են հիմնականում գեոսինկլինալային կառույցներում:

Միջին էոցենի հասակի ապարները այստեղ թաղված են օլիգոցենի նստվածքների տակ: Առավել ակնառու են Արփայի միջին հոսանքի` Սպիտակասարի մերկացումները, որոնք ներկայացված են հրաբխա-նստվածքային ֆացիաներով` տուֆեր, տուֆաթերթաքարեր, տուֆաբրեկչաներ: Սրանք հատկապես չոր կլիմայական պայմաններում արագ հողմնահարվում են և մեծ քանակությամբ կոշտ նյութ մատակարարում ժամանակավոր գործող հոսքերին: Լայն տարածում ունեն նաև փուխր, թույլ ցեմենտացված կուտակումային համալիրները, որտեղ առանձնանում են մի շարք ծագումնաբանական տիպեր` էլյուվիալ, ալյուվիալ-գլացիալ, ֆլյուվոգլացիալ, լճային և լճագետային նստվածքներ:

Վայքի անտիկլինորիումը բաղկացած է պալեոզոյի և վերին կավճի ապարաշերտերից: Սա մի քանի խզվածքներով տրոհվել է փոքր բեկորների: Վայքի անտիկլինորիումի կազմի մեջ է մտնում նաև համանուն լեռնաշղթայի արևմտյան մասը, որը բնութագրվում է ուղիղ տեկտոնական ռելիեֆով: Այստեղ տեղատարման թափը համեմատաբար թույլ է: Հակառակ սրան լեռնաշղթայի կենտրոնական կատարային մասի հիմքը ձևավորվել է սինկլինալային կառույցի վրա և ունի շրջված ռելիեֆ, որը ենթակա է ուժեղ հողմնահարման: Վայքի լեռնալանջի ստորին մասը` Ելփին գետակի հովիտը կազմված է ճեղքոտված և խոշորաբեկոր անդեզիտներից, անդեզիտաբազալտներից:

Արփա գետի և նրա Եղեգիս վտակի ջրբաժան Թեքսարի լեռնաշղթայի հիմքը բրախիանտիկլինալային կառույց է: Վերջինիս առանցքը գրեթե համապատասխանում է լեռնաշղթայի ջրբաժան գծին: Արփայի գոգավորությունը սինկլինալային ճկվածք է: Այն կազմված է վերին էոցենի տուֆային և նստվածքային ապարներից: Այսպիսով ռելիեֆը բաղկացած է տարատեսակ տեկտոնական տարրերից: Ծալքավոր կառույցները տեկտոնական կոտրվածքներով անդամահատված են մի շարք բեկորահատվածների: Կոտրվածքների մեծ մասը ձևավորվել է մեզոզոյում և կայնոզոյում: Սակայն դրանցից շատերը տեկտոնապես ակտիվ են նաև ներկայումս: Արփա գետի ակունքները գտնվում են Վարդենիսի հրաբխային լեռնազանգվածի արևելյան լանջերում Ջաղացսար լեռան մոտ (3334,6մ) և Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերում, Սիրչալի լեռան մոտ (3433,5մ):

Վերին և միջին հոսանքներում գետն ունի լեռնային բնույթ գետահովտի մեծ թեքությամբ: Կեչուտից մինչև Չայքենդ Արփա գետը հոսում է նեղ և խորը ձորով, ապա` ասիմետրիկ հովտով ձախափնյա ցածր լանջերով և բարձր զառիթափ աջ լանջով: Այնուհետև հոսանքն ի վար մինչև Վայք լեռը գետը հոսում է նեղ կիրճով կախված լանջերով: Վայքի լեռնաշղթայի մոտ Արփա գետի հովիտը լայնանում է և իրենից ներկայացնում է լայն հովիտ համեմատաբար մեղմաթեք լանջերով` մասնատված ոչ մեծ գետակներով և բազմաթիվ ձորակներով:

Արփայի աջափնյա ավազանը (մինչև Եղեգիս գետի ստորին հոսանքը) տարբերվում է ձախափնյա ավազանից: Առաջինի համար բնորոշ են ալիքավոր հրաբխային զանգվածները, որոնցից դեպի հարավ ձգվող լավային լեզվակները հաճախ առաջացնում են նեղ ու երկար սարավանդներ, զառիթափ լանջեր ունեցող առանձին փոքր լեռնաբազուկներով, իսկ երկրորդի համար` հին ծալքավոր լեռնային կառուցվածքների զառիթափ, խիստ մասնատված լեռնաշղթաները և մանր ու մեծ լեռնաբազուկները: