Jump to content

Մասնակից:Սարդարյան Սիրանուշ/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անպատճառ իշխանուհի, Մուրացանի պատմվածքներից, գրել է 1886 թվականին[1]:

Անպատճառ իշխանուհի
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակՄուրացան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1886
Կերպարներօրիորդ Աննա Լազարյան, օրիորդ Վարդուհի Սամվելյան, Տիրան Մարության, Վասիլ Իվանովիչ, Մարիա Սերգեևնա, Իշխան Դմիտրի Սոլոմոնովիչ Շախ-Մելիքով
ՀրատարակչությունՀայաստան


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի դիպաշարը սկսվում է գլխավոր հերոսների նկարագրությամբ: Աննան հարուստ ծնողների զավակ էր, 18 տարեկան, գեղեցիկ և գրագետ: Վարդուհին Աննայի հեռավոր ազգականն էր ու մոտ ընկերուհին․ միջակ կարողության տեր՝ հայր չուներ, համեստ, գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ էր: Աննան և Վարդուհին զրուցում էին և զրույցի գլխավոր թեման ամուսնությունն էր: Մինչ ընկերուհիներից յուրաքանչյուրն իր կարծիքն էր արտահայտում ընտանիք կազմելու մասին, այդ ժամանակ Լազարյանների տուն է այցելում Տիրան Մարությանը, ով հայերեն էր դասավանդում օրիորդ Աննային: Վարդուհին Աննայի ականջին շշնջում է, որ նրանից լավ ամուսին չի կարող գտնել: Մարությանը եկել էր Պետերբուրգից, լեզվագիտության թեկնածու էր, ուներ երկու հազարանոց պաշտոն, վայելչակազմ, գեղեցկադեմ, ճարտարախոս էր և այս բոլորից հետո՝ հայագետ: Աննայի ու Մարությանի միջև զգացմունք է առաջանում: Վարդուհին Մարությանի գալուց հետո ավելի հաճախ այցելել ընկերուհուն: Շշուկներ են տարածվում, թե Լազարյանների տունը Մարությանի և Վարդուհու հանդիպման վայրն է: Աննան, իմանալով այդ մասին, խնդրում է ընկերուհուն, որ որոշ ժամանակ չայցելի իրենց տուն: Որոշ ժամանակ անց Մարությանը այցելում է Վարդուհուն: Աղջիկը սպասում էր, որ ի վերջո Մարությանը կխոսի իր հանդեպ ունեցած զգացմունքների մասին, սակայն Մարությանը, կրկնակի ցավեցնելով աղջկան, հայտնում է, որ Աննայի հանդեպ զգացմունքներ ունի: Այս ամենն իմանալուց հետո Վարդուհին ներքին մեծ ցավ ու հիասթափություն է ապրում, սակայն ազնիվ է գտնվում և Տիրանին հայտնում է, որ Աննան նույնպես զգացմունքներ ունի: Թվում էր՝ Մարությանի և Աննայի միջև ամեն ինչ լավ էր, նրանք սիրում էին իրար: Հայտնվում է իշխան Դմիտրին, ով մեծ կարողության տեր էր։ Աննան սկզբից չի համաձայվում դառնալ նրա կինը, սակայն ծնողները նրան համոզեցում են՝ իշխանի հետ ամուսնության նյութական առավելություններով։ Աննան գերվում է իշխանուհի դառնալու մտքից և ընդունում առաջարկը: Իր ամուսնության մասին նամակով հայտնում է Մարությանին՝ նշելով ծնողների ցանկության և հայերենի պարապմունքների ավարտման մասին: Մարությանի համար այս ամենը շատ ծանր հարված էր և, իմանալով Վարդուհու զգացմունքների մասին, իրեն անարժան համարեց նրա սիրուն, սակայն օրեր անց հանդիպումից հետո սերը հաղթեց: Աննայի և Վարդուհու հարսանիքը նույն օրն է տեղի ունենում: Ճոխ ու շքեղ հարսանեկան հանդեսից հետո պարզվում է, որ փեսան իր ճաղատ գլուխը ծածկում է կեղծամով, սպիտակ ատամները արհեստական են. խարխուլ մեջքը ամրացնում է սեղմիրանով /կորսետով/ և, փաստորեն, նաև առհասարակ տղամարդկությունից զուրկ «մի կատարյալ ավերակ է»: Փողապաշտ ու փառասեր ծնողների մեղքով դժբախտանում է երիտասարդ աղջիկը: Ի վերջո, գիտակցելով իր ճակատագրական սխալը, նա ինքնասպանություն է գործում: Աննայի նամակից բացահայտված իրականությունը հասարակությանը պարզ է դարձնում, թե ինչ գնով հայ օրիորդը դարձավ անպատճառ իշխանուհի[2]:

Պատմվածքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրացանը «Անպատճառ իշխանուհի» պատմվածքը գրել է 1886 թվականին: «Անպատճառ իշխանուհի» պատմվածքի գեղարվեստական պլանը հենց սկզբից դրվում է երկու բնավորությունների հակադիր գծերի վրա՝ «փողի արիստոկրատիայի» դուստրը՝ Աննան և միջին դասի առաքինության տիպարը՝ Վարդուհին: Երկու մտերիմ ընկերուհիներ, սակայն, տարբեր՝ իրենց սոցիալական դրությամբ, ուրեմն և դաստիարակությամբ ու բարոյական ըմբռնումներով: Նախապես, կարծես, որևէ օտարոտի բան չկա երկու ընկերուհիների վարքի մեջ: Կրթված ու խելացի Աննան իր առաջին դատողություններն է անում կյանքի մասին, փորձում խոհամիտ լինել և անձնական երջանկության իդեալներ փայփայել, որը նրան տրամադրում էր համակրելի, գրագետ Մարությանի հանդեպ ունեցած սերը: Բայց ճակատագրի շեղումը նախապես էր տրված. ուստի նա հեշտությամբ պիտի բարոյաբանական ռոմանտիկան զոհաբերեր ազնվականական փառամոլությանը և մերժեր անտիտղոս Մարությանի սերը, իշխան Շախ-Մելիքովի համար: Սակայն Աննայի հույսերը փշրվում են, և նրան մնում էր կյանքին վերջ դնել, իսկ Վարդուհին՝ համեստ ու չափավոր կեցությամբ, վայելում է իր երջանիկ ամուսնությունը[3]:

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անպատճառ իշխանուհի» պատմվածքում Մուրացանը ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը[4]։ «Փողի արիստոկրատիան» ապականում էր ազգային բարքերը, բայց «արյան արիստոկրատիան» էլ իր մոլորությունն ուներ, որը նույնպես տանում էր դեպի ազգային օտարումը: Իսկ այնտեղ, ուր մոլորությունը մեղանչում է գերագույն առաքինության դեմ՝ հատուցում է սահմանվում պատրանքների խորտակումը: Այսպես է Մուրացանը լուծում «Անպատճառ իշխանուհի» պատմվածքի գաղափարական հանգույցը[3]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիորդ Աննա Լազարյան, oրիորդ Վարդուհի Սամվելյան, Տիրան Մարության, Վասիլ Իվանովիչ, Մարիա Սերգեևնա, Իշխան Դմիտրի Սոլոմոնովիչ Շախ-Մելիքով[2]:

Կատեգորիա:Մուրացանի ստեղծագործություններ

  1. «Մուրացան».
  2. 2,0 2,1 Մուրացան (1975). Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան: ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջեր 383–431. ISBN 006370. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. 3,0 3,1 Հայ նոր գրականության պատմություն. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. 1972. էջ 127.
  4. «Անպատճառ իշխանուհի».