Մասնակից:Նարա Մելքումյան/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվայլն կամ նոր Դիոգենես, հայ գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի վոդևիլը, որը գրել է 1869 թվականին։

Եվայլն կամ նոր Դիոգենես
Ժանրվոդևիլ
Ձևդրամա
ԵրկիրԹիֆլիս
Բնագիր լեզութիֆլիսյան բարբառ
Գրվել է1869
ԿերպարներԵվայլն, Մոսես, Նինո, Ղաղո, Սերգո, Յավանգուլ, Արտեմ, հյուրեր


Ստեղծագործության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում համաշխարհային գրականության մեջ տարածում գտավ վոդևիլը, որը կատակերգության տեսակ է։ «Եվայլն կամ նոր Դիոգենես» ստեղծագործությունը Գաբրիել Սունդուկյանն անվանել է կատակ, նվիրել «մեծարգո պարոն Գևորգ Չմշկյանին»։ Գործը բաղկացած է երկու արարվածից։ Առաջին արարվածը կատարվում է Մոսեսի տանը, իսկ երկրորդը՝ նրա տան պարտեզում։ Անցքը պատահում է Թիֆլիսում, վաթսունական թվականներին[1]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսես- վաճառական

Նինո- Մոսեսի կինը

Ղաղո- Մոսեսի կրտսեր եղբայրը, նույնպես վաճառական

Պարոն Եվայլն-հարուստ երիտասարդ, Նինոյի հեռու ազգական

Սերգո- Մոսեսի դուքնի աշակերտը

Առաջին հյուր, երկրորդ հյուր, երրորդ հյուր, չորրորդ հյուր- երիտասարդ վաճառականներ

Յավանգուլ- սազանդար

Արտեմ- զուռնաչի

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվայլն կամ նոր Դիոգենես[2]» ստեղծագործության առաջին արարվածը սկսվում է Նինոյի՝ վաճառական Մոսեսի կնոջ խոսքով, որը ամուսնուն հայտնում է այն մասին, թե կրկին իր հեռավոր ազգականը հայտնվել է և սիրո խոստովանություն արել՝ ասելով․ «Քուն չունիմ ու ցերեկը աշխարհքը մութն է ինձ համա առանց քիզ, սրտիս կրակ է կպի ու էրվում է․․․»։ Մոսեսը, լսելով կնոջ ասած, ապշած նայում է և բարկանում, մեղադրում նրան։ Նինոն նայում է լուսամուտից և տեսնում, որ պարոն Եվայլնը դրսում է։ Մոսեսը իր դուքնի աշակերտին՝ Սերգոյին, կանչում է և հրամայում, որ գնա Եվայլնին հրավիրի տուն, ասելով՝ իբր Նինոն է կանչում, այնուհետև հրամայում է փայտ բերել, որպեսզի Եվայլնի «ջանը դրստի»։ Նուրբ ճաշակով, հագնված եվրոպական ձևով տղայի կերպարը թեև արտաքուստ համակրելի է, սակայն հեղինակի քննադատությունը նրա ներքին էությանն ու անմիտ կեցութաձևին է ուղղված։ Եվայլնը այցելում է Մոսեսին և կրկին ողջունում Նինոյին։ Նինոն ցանկանում է դուրս վռնդել, Եվայլնը զարմանում է․ «Այս ի՞նչ է նշանակում․ միթե՞ դուք չհրավիրեցիք ինձ»։ Նա չէր հասկացել, որ Նինոյի ամուսինը՝ Մոսեսը, ցանկանում է դավադրություն կատարել։ Այնուհետև հանդիպում են Եվայնը և Մոսեսը, վերջինս սպասում էր Սերգոյին, որպեսզի փայտը բերի, բայց որոշ ժամանակ անց ներս են մտնում Սարգիսը և Ղաղոն՝ Մոսեսի եղբայրը։ Անհարմար իրավիճակում հայտնվելով՝ Մոսեսը խաբում է․ «Չուգունի պլիտի համա լավ փետ իմ առի, նմուշը բերիլ է, վուր տեսնիմ»։ Մոսեսը եղբորը ծանոթացնում է իրենց հյուրի՝ Եվայլնի հետ։ Ղաղոյին ծիծաղելի է թվում անունը, և այստեղից էլ տրվում է անվան բացատրությունը․ քանի որ Եվայլնը իր խոսքում հաճախ է կիրառում «և այն» կապակցությունը, ուստի նրան անվանում են Եվայն։ Վերջինս ներկայացնում է․ «Միթե՞ դուք չեք հավանում Եվայլն բառը, այս սուրբ բառը, որ պարունակում է յուր մեջ բազում խոսքեր, մտքեր, գաղափարներ, զգացմունքներ․․․և այլն»։ Թերևս դժվար չէ նկատել Եվայլնի ներքին էության դատարկությունը։ Մոսեսը եղբորը առանձին տեղեկացնում է, որ երիտասարդը սիրահարված է Նինոյին, և որպեսզի բացահայտվի այդ փաստը, ցանկանում է Եվայլնին պատժել այդ օրը պարտեզում կազմակերպած խնջույքի ժամանակ։

Երկրորդ արարվածում իրականանում է խնջույքը, որին ուշացած ներկայանում է հյուրերից գլխավորը՝ Եվայլնը, ով իր հետ տան տիկնոջ՝ Նինոյի համար գեղեցիկ ծաղկեփունջ է բերել։ Եվայլնը չի ցանկանում նստել հյուրերի հետ, ուստի առանձին աթոռ է ցանկանում․ ոչ թե իրեն վեր է դասում հյուրերից, այլ փոքր ժամանակից սովոր չէ նստել գետնին։ Ծաղկեփունջը Մոսեսը վերցնում է, տալիս է եղբորը, որը դնում է սեղանին՝ ծաղկակալի մեջ։ Խնջույքի ընթացքում հնչում են կենացներ և երգ-երաժշտություն։ Հյուրերի ցանկությամբ երգում են Սայաթ-Նովայի տաղերի, Եվայլնի ցանկությամբ կատարում են ոչ թե ասիական երգեր, այլ եվրոպական երգեր։ Յավանգուլի հետ երգում են նաև Ռ․Տ-Գ․Պատկանյանի, Գևորգ Միրիմանյանի խոսքերը։ Եվայլնը առաջարկում է կենաց խմել տան տիրոջ՝ Մոսեսի և տիկնոջ՝ Նինոյի վերաբերյալ։ Մոսեսը ցանկանում է հարմար պահ ստեղծել Եվայլնի՝ Նինոյին ուղղված սերը բարձրաձայնելու համար, եղբոր միջոցով արբեցնում է հյուրին՝ խմիչքով լի թասը անընդհատ ուղղելով Եվայլնին, սակայն այդպես էլ հարմար առիթ չի ստեղծվում։ Հյուրերը, սեղանին դրված ճրագները վերցնելով, դուրս են գալիս, Եվայլնը, մնալով մենակ, մոտենում է լուսամուտին, ուր խնջույքի ընթացքում մի քանի անգամ տեսել էր Նինոյին, կանչում է նրան․ « Տիրուհի՛․․․տիկին․․․ամենագեղեցիկ Նունե՛․․․Շեր Նենեթ, լսե՛ք․․․», բայց ապարդյուն․ Նինոն չի մոտենում լուսամուտին։ Որպեսզի լուսամուտից ներս մտնի, տակառը գլորելով մոտեցնում է, կանգնեցնում լուսամուտի մոտ և աթոռի միջոցով բարձրանում է տակառի վրա, ծաղկեփունջը ձգում է սենյակը, սակայն տակառը կոտրվում է և Եվայլն ընկնում է մեջը։ Ցիլինդրը գլորվում է գետնին, բոլորը փնտրում են հյուրին, սակայն չեն գտնում։ Ղողոն գտնում է ցիլինդրը և կանչում եղբորը՝ գտա։ Մոսեսը տեսնում է, որ ոչ թե Եվայլնին է գտել, այլ նրա գլխարկը, բայց եղբայրը հավաստիացնում է․ «Վա՜հ, գլուխը խո գթանք, վուտնիրն էլ հիշտ է»։ Այս խոսքը լսելով՝ Եվայլնը հասկանում է եղելությունը։

Ստեղծված անհարմար և ծիծաղելի իրավիճակից խուսափելու համար արբած, բայց և իրավիճակը ճիշտ հասկացած Եվայլնը գլուխը հանում է տակառից և պատմում է Դիոգենես փիլիսոփայի պատմությունը, որն իր կյանքով ապացուցում է աշխարհի ունայնությունը և անգամ հրաժարվում Ալեքսանդր Մակեդոնացու ընծաներից՝ խնդրելով միայն մեկ բան, որ նա մի փոքր հեռանա իր արևից, որից զրկում է իրեն՝ առջևը կանգնելով։ Այստեղից էլ պարզ է դանում Եվայլն տարօրինակ անվանումով մարդու մեկ այլ անուն՝ Եվայլն կամ նոր Դիոգենես։ Բոլորը մնում են արձանացած, նույն միջոցին Նինոն, ծաղկեփունջը ձեռքին, կանգնում է լուսամուտի առջև։ Հյուրերից շատերը ծիծաղում են, Մոսեսը և Ղաղոն, տեսնելով ծաղկեփունջը Նինոյի ձեռքին, զարմանում են ու զայրանում։ Այսպիսով վոդևիլը ավարտվում է առանց որևէ բացահայտումների, վարագույրը կամաց-կամաց իջնում է։

Հավելյալ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրականության մեջ վերջին խոշոր վոդևիլագիրը Գաբրիել Սունդուկյանն է, ում գործերը ուղղակի արձագանքն են ժամանակի հասարակության մեջ խնդիր դարձած հարցերին[3]։ Սունդուկյանը բացասական գծերով ու նույնիսկ խիստ ժխտական քննադատությամբ է ներկայացնում Եվրոպայից իրենց հետ միայն վատ բարքեր բերած երիտասարդներին, որոնց նա այլ կերպ չի կոչում, քան «Եվայլն կամ նոր Դիոգենես»։ Եվայլնի դերը գրած է պ․ Արսեն Կարապետյանի համար, որ իր գեղեցիկ ձայնով և շնորհալի խաղով այս դերը կատարելիս հիացրեց հանդիսականներին և որ այնուհետև իր տաղանդի շնորհիվ հրավիրվեց Մոսկվայի օպերային թատրոն, ուր երկար տարիներ ծառայելով Դավիդովի անունով՝ մեծ հռչակի արժանացավ[4]։ Առկա է «Եվայլն կամ նոր Դիոգենես» վոդևիլի ձայնային տարբերակը[5]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գաբրիել Սունդուկյան. Երևան: Սովետական գրող. 1984. էջ 171. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  2. ԽՈՍՈՂ ԳՐՔԵՐ. Գաբրիել Սունդուկյան «ԵՎ ԱՅԼՆ, ԿԱՄ ՆՈՐ ԴԻՈԳԻՆԵՍ», Վերցված է 2023-03-19-ին
  3. ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու, Գաբրիել Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է» վոդևիլի համեմատական վերլուծությունը (2020). Մելքումյան Ռոզա. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 31.
  4. «Գաբրիել Սունդուկյան (Ծննդյան 150-ամյակի առթիվ), Մ․Մ․Մկրյան». Համահայկական թվանշային գրադարան. Վերցված է 19․03․2023-ին.
  5. ԽՈՍՈՂ ԳՐՔԵՐ. Գաբրիել Սունդուկյան «ԵՎ ԱՅԼՆ, ԿԱՄ ՆՈՐ ԴԻՈԳԻՆԵՍ», Վերցված է 2023-03-19-ին