Jump to content

Մասնակից:Նաիրա Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկը

                                   Սանահինի վանք

Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո («սա քան զնա հին» իմաստով): Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան: XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին` Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխավոր տաճարը, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը։ Հայ միջնադարյան քանդակագործության արժեքավոր օրինակ է հանդիսանում արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղբայր` Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան` Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է Xդ. վերջին XIդ. սկզբին, Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։ Գրատունը (կոչվել է նաև նշխարատուն) շենքերի խմբի հյուսիս-արևելյան անկյունում է։ Կառուցվել է 1063թ.-ին` Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։ Գրատան հարավ-արևելյան անկյունին կից է Ս.Գրիգոր եկեղեցին (Xդ. վերջ)։ Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XIIդ. վերջին - XIIIդ. սկզբին, գրատան հարավային պատին կից։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181թ.-ին (ճարտարապետ Ժամհայր)։ Այն չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների եզակի օրինակ է Ս.Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211թ.-ին։ Մեծ գավթի հյուսիսային պատին կից է Սանահինի վանքի զանգակատունը (Հայաստանի հնագույն օրինակներից է)։ Կառուցվել է 1211-1235թթ.-ին։ Դեկորատիվ հարդարանքով հատկապես աչքի է ընկնում արևմտյան ճակատը։ Վանքի տարածքից դուրս պահպանվել են Ս.Հակոբ եկեղեցու ավերակները (թվագրվում է Xդ. 2-րդ կես), Ս.Հարություն եկեղեցին (XIIIդ. 1-ին քառորդ)։ Սանահինում պահպանվել են երկու աղբյուր, մեկը` նախկին գյուղամիջում (XIIդ. վերջ-XIIIդ. սկիզբ, երկկամար բացվածքով` թաղածածկ սրահ է), մյուսը` վանքի հյուսիսային պարսպապատին կից (1831թ. միակամար բացվածքով)։ Միջնադարյան հայկական ճարտարապետության ինժեներական լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ XIIդ. վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը։ Միաթռիչք (թռիչքի երկարությունը 18,6մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը` գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա առյուծների բարձրաքանդակներ են։ Սանահինի համալսարանը (Սանահինի դպրոց), միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնա-դաստիարակչական և գրչության կենտրոն էր։ Հիմնադրվել է 966թ.-ին` Աշոտ Գ Ողորմածի կնոջ` Խոսրովանույշ թագուհու պատվերով։ XIդ. 1-ին կեսին դպրոցում բացվել են հռետորական, փիլիսոփայական, երաժշտական, բժշկական վարժարանները, դասավանդվել «յոթ ազատ արվեստներ», տոմար և այլ գիտություններ։ Սանահինի համալսարանին կից ստեղծվել է նաև մատենադարան։ Այն ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։ Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար` վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184թ., գործ` Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս.Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։ Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին (Xդ. վերջ - XIդ. սկիզբ), արևմուտքում` բարձրադիր տեղում` Սարգսի մատուռը (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ)։ Համալիրը 2001 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների գրանցամատյանում»:


                             Հաղպատի վանք

Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է XIIIդ. հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211թ.-ի «Հաղպատի Ավետարանը»։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։ Համալիրի կազմում են Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Համալիրի հնագույն եկեղեցին Ս.Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` 976-991թթ.-ին։ Ս.Նշանն ամբողջությամբ փայլուն օրինակ է X-XIդդ. հայկական ճարտարապետության մեջ կազմավորված ոճական նոր ուղղության, որը դրսևորվեց այդ դարաշրջանի բազմաթիվ կառույցներում։ Ըստ ավանդության` այն կառուցել է ճարտարապետ Տրդատը։ Տաճարին արևմուտքից կից է մեծ գավիթը, որ կառուցվել է XIIIդ. 10-ական թթ.` 1185թ.-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում։ Գավիթը ուշագրավ է իր ներքին հորինվածքով։ Գլխավոր տաճարից հյուսիս վանահայր Համազասպը 1257թ.-ին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի շենքը», որը արևելքից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու։ «Համազասպի շենքի» արևելյան պատի հարավային մասին կից է գրատունը։ XIդ. այստեղ եղել է գրատան հին շենքը, որը XIIIդ. արմատապես վերակառուցվել է: XIIIդ.-ում տաճարի, «Համազասպի շենքի» և գրատան միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան։ Նրա անմիջական շարունակությունն է տաճարի արևելյան երկայնքով ձգվող թաղածածկ միջանցքանման երկրորդ տապանատունը։ Այս երկու կառույցները հուսալի կերպով ապահովել են համալիրի շենքերը բլրալանջից իջնող անձրևաջրերի հոսքից։ Համալիրի արևելյան մասում է զանգակատունը` կառուցված 1245թ.-ին։ Այն եռահարկ է` առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ ռոտոնդա է։ Կառույցը աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով։ Հյուսիսային մասում է գտնվում XIIIդ.-ում կառուցված սեղանատունը։ Իրենց ուրույն տեղն ունեն մեմորիալ հուշարձանները։ Դրանցից են` հյուսիս-արևմտյան մասում, պարսպի մոտ կողք-կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները (XIIIդ. 1-ին քառորդ), միջանցքանման տապանատունը, Ս.Նշան տաճարի հյուսիսային մուտքի մոտ տեղադրված «Ամենափրկիչ» խաչքարը (1273թ.)` կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Սադունի պատվին։ Տաճարի Ավագ խորանը և պատերի առանձին հատվածները որմնանկարազարդ են եղել։ X դարից մեզ է հասել Ավագ խորանի որմնանկարների առաջին շերտը, ուր Դեիսուս կոմպոզիցիայում պատկերված է գահին նստած Քրիստոսը։ Ավելի ցած եղել են ավետման, ծննդոց, մկրտության տեսարաններ։ Քանդակագործական արվեստի հոյակապ գործ է տաճարի արևելյան ճակտոնապատի վերին մասում տեղադրված կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Սմբատ և Գուրգեն թագավորները պահում են տաճարի մանրակերտը: Շինությունների հիմնական խմբից դուրս է վանքի աղբյուրը (1258թ.): Հաղպատի գրադարանը միջնադարում հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Հիմնվել է XIդ., Հաղպատի վանքի Ս.Նշան եկեղեցու մոտ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։

  • * *

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:

  • * *

Հաղպատ գյուղը հնում կոչվել է Սրբլիս (Սուրբ Լույս), որովհետև արևը բարձրանում էր հարևան սարի հետևից և լույս էր սփռում հարևան գյուղերի վրա: Հաղպատի վանքի կառուցումից հետո գյուղը վերանվանվեց, իսկ Սրբլիս անունը անցավ հարևան սարին:


                                          ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Միջնադարյան Հայաստանի այս վանական համալիրը գտնվում է Երևանի հարավարևելյան կողմում, 35-40 կմ հեռավորության վրա, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհին: Ըստ ավանդության հիմնադրվել է IV դ. սկզբին: Վաղ շրջանում քարայրային կառույցների համար կոչվել է Այրիվանք, իսկ XIII դարից սկսած նաև Գեղարդ` վանքում պահված սուրբ գեղարդի պատվին: Եղել է Հայաստանի միջնադարյան գրչության խոշոր կենտրոներից մեկը: Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս , արևմտյան կողմում գտնվող XII դարի կիսաժայռափոր մատուռն է: Հիմնական հուշարձանախումբը ձևավորվել է XIII դարում, որն իր մեջ ներառում է գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը, խուցերը` պարփակված XVII դ. կառուցված պարսպապատի մեջ: Հայաստանի վիմափոր հուշարձանների մեջ Գեղարդավանքը ժայռակոփ արվեստի առանձնակի կառույց է: Գլխավոր եկեղեցուն կից` հյուսիսային հսկայածավալ ժայռի տարբեր բարձրությունների վրա, փորված են մի ամբողջ հուշարձանախումբ` երկու ոչ մեծ եկեղեցի, մեկ գավիթ (վերևում) և սյունազարդ ժամատուն-դամբարան (ներքևում): Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչքարեր և ժայռափոր խուցեր: Համալիրը 2000 թ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում: Մատուռ – կիսաժայռակոփ, գտնվում է վանական համալիրի հիմնական հուշարձանախմբից արևմուտք: Պատին փորագրված են նվիրատվական մի քանի արձանագրություններ, այդ թվում նաև XII դարի (1177, 1181թթ.): Գլխավոր եկեղեցի (Կաթողիկե)- Կառուցվել է 1215 թ. Զաքարյանների իշխանության ժամանակ: Կառուցման արձանագրությունը փորագրված է արևմտյան ճակատի մուտքի վերևում: Հատակագծային և ծավալա-տարածական հորինվածքով պատկանում է Հայաստանի խաչաձև գմբեթակիր կառուցվածքների XII-XIII դդ. բնորոշ տիպին: Հատակագիծը ձգված ուղղանկյունի է, ներգծված խաչով, որի ուղիղ կենտրոնից վեր է խոյանում քառակուսի հիմքերի վրա խարսխված սլացիկ գմբեթը: Գմբեթակիր քառակուսուց անցումը թմբուկի կորին իրականացվել է առագաստների միջոցով: Խաչի արևելյան թևը պսակված է կիսաշրջանաձև ավագ խորանով, իսկ մյուս թևերը ընդարձակվելով ստացել են ուղղանկյան տեսք` ծածկված գլանաձև թաղերով: Խաչի թևերի չորս անկյուններում կառուցված են երկհարկանի ավանդատներ` թաղակապ ծածկով, արևելյան կողմում` փոքրիկ խորաններով: Պատերի վրա պահպանված արձանագրություններից երևում է, որ ավանդատներից յուրաքանչյուրը կառուցվել է տարբեր անձանց միջոցներով: Ներքին հարդարանքը մշակված է XII-XIII դդ. ճարտարապետական արվեստի ոճով: Հարդարանքի վարպետ կատարմամբ առանձնանում է հատկապես թմբուկը և հարավային շքամուտքը: Գավիթ (Գլխավոր եկեղեցու ժամատունը) – Կառուցվել է 1215-1225 թթ. ժամանակահատվածում: Արևելյան կողմով հպված է գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին, իսկ հյուսիսային պատին փոխարինում է բնական ժայռը: Պատկանում է կենտրոնակազմ, չորս սյուներով գավիթների տիպին: Հատակագիծը ուղղանկյուն է /գրեթե քառակուսի/: Հորինվածքի կենտրոնում հավասար հեռավորության վրա ազատ կանգնած են չորս զանգվածեղ սյուներ, որոնցից մինչև դիմացի պատերի որմնասյուները տարածվող կամարները ներքին տարածությունը բաժանում են մեկ խոշոր (կենտրոնական) և ութ առավել փոքր հատվածների: Շինության գլխավոր առանցքը կազմում է կենտրոնական հատվածը` ծածկված շթաքարե (ստալակտիտային) նրբաքանդակ թաղով: Առաջին եկեղեցի – ժայռակոփ, գտնվում է գլխավոր եկեղեցու գավթի հյուսիս-արևմտյան կողմում: Կառուցվել է Իվանեի որդի մեծ իշխան Ավագի իշխանության օրոք (XIII դ. 30-40-ական թվականներից մինչև 1250 թվականը ընկած ժամանակահատվածում): Հատակագիծը ոչ լրիվ խաչաձև է, հարավային թևը գրեթե բացակայում է (այն ուղղակի հնարավոր չէր կառուցել, գավթի պատի համար մնացած տեղի սղության պատճառով): Ծածկված է XIII դ. բնորոշ խաչաձև կամարների վրա հանգչող նրբագեղ շթաքարե գմբեթով: Գմբեթակիր քառակուսու վրա` նռան քանդակներով զարդարված խաչաձևվող կամարների վերևում, արձանագրված է. ՙԶվարդպետս Գալձագ յիշեցեք՚: Գալձագը համարվում է վանքի ժայռափոր կառույցները կերտող ճարտարապետը: Եկեղեցու մեջ կա ժայռերից բխող սառնորակ աղբյուր (ՙՍուրբ աղբյուր՚): Երկրորդ եկեղեցի – Ժայռակոփ, գտնվում է գլխավոր եկեղեցուն կից գավթի հյուսիսարևելյան կողմում: Բաղկացած է եկեղեցուց և գավթից: Գլխավոր եկեղեցու խորանի հյուսիսային պատի շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին և գավիթը կառուցվել են Պռոշ իշխանի օրոք, 1283 թ.: Եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի է: Պատերից սկզբնավորվող կիսաշրջանաձև կամարների վրայից բարձրանում է թմբուկը` պսակված գմբեթի քանդակազարդ կիսագնդով: Ինչպես եկեղեցու, այնպես էլ գավթի պատերը ծածկված են քանդակներով: Մուտքը եկեղեցի անցնում է գավթի միջով: Վերջինս ոչ մեծ չափերի ուղղանկյուն հատակագծով կառույց է և հավանաբար Պռոշյանների տոհմական տապանատունն է: Գավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների ճակատային մասում քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, իսկ ավելի ներքև պատկերված է արծիվ` խոյը ճիրաններում: Ենթադրվում է, որ դա Պռոշյանների տոհմական զինանշանն է: Պապաքի և Ռուզուքանի ժամատուն-դամբարան - Ժայռակոփ, գտնվում է ժայռի վերին մասում: Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի դամբարանն է, կառուցվել է 1288 թ – ին: Չորս անջատ սյուներով կենտրոնակազմ հորինվածքի է: Դամբարանն ունի առանձին թունելանման մուտք, մոտ 10 մ երկարությամբ: Դահլիճ – ժայռակոփ, գտնվել է վանքի գլխավոր մուտքից հյուսիս արևմուտք: Հետազոտվել է 1932 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարած պեղումների ժամանակ: Պեղումներից որոշ ժամանակ անց, ժայռի փլուզման հետևանքով, գրեթե ամբողջովին ոչնչացվել է: Խոշոր դահլիճ է (5 մետր բարձրությամբ, 9×15 մետր չափերով), աշխարհիկ նշանակությամբ: Հավանաբար եղել է գրադարան, ժողովասրահ կամ սեղանատուն: Թ.Թորամանյանը գրել է, որ մաքուր հղկված են բոլոր որմնակամարները, խորշերը, որմնասյուները, ամբողջ քարայրը` առաստաղով և հատակով: Կառուցվել է XIII դ. II-րդ կեսին, Պռոշ իշխանի օրոք, որի անունը հիշատակված է արևմտյան պատին փորագրված արձանագրության մեջ: Վանքը իր գոյության ընթացքում բազմիցս ավերվել է, ոչ միայն արտաքին հարձակումների, այլ նաև երկրաշարժերի հետևանքով և վերակառուցվել: Հիմնավորապես վերանորոգվել է խորհրդային իշխանության տարիներին (1934, 1940, 1960-1961թթ.):


                                Ազատ գետի հովիտ

Ազատը գետ է Հայաստանի Հանրապետության Արարատի և Կոտայքի մարզերում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում): Երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասարլեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից: Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛: Սկզբում` մոտ 13 կմ հոսում է հարավ-արևմտյան ուղղությամբ` անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով: Վերին հոսանքի այս հատվածը` մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև` մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի: Այս ընթացքում գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ` ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են): Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք` սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով: Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ: Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը: Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛: Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%): Ձրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը: Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 մլն մ³: Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում: Ձրերը մասամբ օգտագործվում գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով: Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթն գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։


                                          Զվարթնոցի Տաճար

Բացառիկ ճարտարապետական արժեք է ներկայացնում Վաղարշապատից քիչ հեռու գտնվող Զվարթնոցի համալիրը, որն իր մեջ ներառում է Զվարթնոցի տաճարը և մոտակայքում գտնվող կաթողիկոսական պալատը: Այս հնավայրը պաշտամունքային կենտրոն է եղել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից ի վեր։ Պեղումների ժամանակ բացվել են նաև ուրարտական տաճարի հիմքերը, զոհասեղանը, Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրությունը, որը վկայում է Հրազդան գետից անցկացված և մինչ օրս պահպանված ջրանցքի շինարարության մասին։ Պատմության ընթացքում Տիրին նվիրված հելլենիստական մեհյանը փոխարինվել է ուրարտական շինությամբ, 301 թ. Քրիստոնեության ընդունումից հետո` բազիլիկով, իսկ 5-6-րդ դդ.` միանավ բազիլիկով (հիմքերը պահպանվում են տաճարից հարավ)։ Այս հիասքանչ համալիրը 641–661թվականներին կառուցվել է Ներսես III Շինող կաթողիկոսի պատվերով, ում ակտիվ շինարարական գործունեության շնորհիվ «Շինարար» էին կոչում: Զվարթնոցը հիմնված է այն ճանապարհին, որով Տրդատ III թագավորը գնաց դիմավորելու Վաղարշապատ ժամանող Գրիգոր Լուսավորչին, և ենթադրվում է, որ Ներսես III կաթողիկոսը տաճարը կառուցեց ի հավերժացումն այդ հանդիպման, քանի որ այն նաև կոչվում Էր Սուրբ Գրիգոր: Սակայն համալիրը ավելի հայտնի դարձավ Զվարթնոց անունով, քանի որ այն նաև նվիրված էր երկնային զվարթուններին՝ հրեշտակներին։ Այսպիսով՝ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»: X դարի վերջին, ենթադրաբար երկրաշարժի ժամանակ, տաճարը գրեթե ամբողջովին ավերվել է, սակայն պատմական աղբյուրները չեն փաստում քանդման իրական պատճառը: 1901-1907 թվականներին վարդապետ Խաչիկ Դադյանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից: Շնորհիվ այս պեղումների հնարավոր եղավ վերականգնել տաճարի նախնական ճշգրիտ տեսքը, որը մինչ այժմ ընդունված է գիտնականների կողմից որպես իրական: Ըստ Թորոս Թորամանյանի Զվարթնոցը եղել է եռաստիճան կառույց՝ բաղկացած հետզհետե նվազող տրամագծերով բազմանիստերից, որոնք ավարտվում են կոնաձև գմբեթով: Տաճարի բարձրությունը մոտ 45 մետր էր, իսկ առաջին մակարդակի տրամագիծը՝ 35.75 մետր, ուներ 5 մուտք և կառուցված էր բաց մոխրագույնից մինչև սև գույնի տուֆ քարերից: Ըստ միջնադարյան պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ տաճարը օծվել է 653 թվականին: Հետագայում Դվինի պաշարումը և արևելյան սահմաններին բյուզանդական ու արաբական բանակների միջև ընթացող պատերազմները ստիպեցին Ներսես Կաթողիկոսին տեղափոխել կաթողիկոսի նստավայրը Դվինից Զվարթնոց: Զվարթնոցի ճարտարապետական ոճն ու գեղեցկությունն այնքան նշանավոր էին դարձել, որ հետագայում` X դարի երկրորդ կեսին, Գագիկ I թագավորի հրամանով ճարտարապետ Տրդատը Անի քաղաքում նույն ոճով կառուցեց Գագիկաշեն (Սուրբ Գրիգոր) եկեղեցին: Զվարթնոցի գեղեցկությամբ զմայլվել են թե հայ և թե արաբ պատմիչները։ Զվարթնոցատիպ տաճարներ են պահպանվել Մերձավոր Արևելքի շատ երկրներում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանի Իշխան գյուղում։ Հետագայում, երբ Զվարթնոցի տաճարում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, տաճարը ստացավ Սուրբ Գրիգոր անունը։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և եկեղեցիների (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ) հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` նույն անվանակարգում


                                           Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը Հայաստանյաց եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի իջմամբ և կառուցվել Սբ. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից: Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում: Ընդ որում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է: Այդ առումով քաղաքն ունի զբոսաշրջության զարգացման հեռանկարներ: Քաղաքում կան 6 վանքային համալիրներ (5-ը գործող) , որոնք կառուցվել են IV-X դարերում և հանդիսանում են հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցները: Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է 303 թվականին Գրիգոր Լուսավորչի հորդորանքով Տրդատ թագավորի կողմից և հանդիսանում է քրիստոնեական հնագույն արվեստի կոթողներից մեկը և քրիստոնեական ամենահին տաճարներից մեկը Եվրոպայում։Մայր տաճարը, ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի, կոչվում է էջ Միածին, այսինքն՝ Միածնի իջնելու տեղը։ Իսկ Միածինը, ինչպես ասվեց, մակդիրն է Քրիստոսի։ Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը): Էջմիածնի Մայր տաճարը, Ագաթանգեղոսի (Vդ.) վկայությամբ կառուցվել է արքունի ապարանքների մոտ, Տրդատ Գ-ի (298-330թթ.) և Գրիգոր Լուսավորիչի օրոք՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (301-303թթ.)։ Այն վաղ միջնադարի ճարտարապետական ամենանշանակալից կառույցներից է։ Այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին IVդ. շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ ժամանակվա խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ ատրուշան։ Տաճարի սկզբնական տեսքի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Կառուցումից մոտ 80 տարի անց, Հայաստանում Պարսից Շապուհ II թագավորի կատարած ավերածություններից տաճարը մեծապես վնասվել է։ Ներսես Ա Մեծ (353-373թթ.) և Սահակ Ա Պարթև (387-436թթ.) կաթողիկոսների օրոք կատարվել է երկու վերանորոգում։ Այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ.-ին կառուցածն է (բացառյալ գմբեթը)։ Այժմյան գմբեթը հավանաբար XVIIդ. վերակառուցման արգասիք է։ Շահ Աբբասը, հայերին բռնի կերպով Պարսկաստան գաղթեցնելուց հետո, ցանկացել է Էջմիածնի Մայր տաճարը ամբողջապես քանդել, նրա քարերը տեղափոխել Պարսկաստան և այնտեղ կառուցել նոր տաճար՝ մտադրվելով հայերին կապել նոր բնակատեղիին։ Սակայն հետագայում որոշվեց տանել միայն «նշանավոր» քարերը (4 անկյուններից, պատարագի սուրբ սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտանակներ և այլն, նաև Լուսավորչի Աջը), որոնք և քանդվեցին ու տեղափոխվեցին Ջուղա։ Այս ամենը ավելի քայքայեց դարերի ընթացքում խարխլված տաճարը։ Մովսես Գ Տաթևացի (1629-1632թթ.) կաթողիկոսի օրոք վերանորոգվեցին գմբեթը, առաստաղը, ծածկը, հիմքերը, սալահատակը, կառուցվեցին արտաքին նոր պարսպապատեր, հյուրանոց, խուցեր, սեղանատուն, այլ շենքեր։ 1654թ.-ին Փիլիպպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը սկսեց արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը, որն ավարտվեց 1658թ.-ին, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք։ Այն կառուցել է ճարտարապետ Սահակ Հիզանցին՝ մասնակցությամբ «ուստա Մովսեսի», ծախսերը կատարել է Կոստանդնուպոլսի մեծահարուստ Անտոն Չելեպին։ Զանգակատան որմնանկարները կատարել է Ջաքարե ոսկերիչը։ 1682թ.-ին արևելյան, հյուսիսային, հարավային աբսիդներին դրվել են փոքրիկ զանգակատներ։ 1869թ.-ին Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ Էջմիածնի Մայր տաճարին արևելքից կցվում է եռադահլիճ թանգարանի շենքը։ XIXդ. վերջին վերափոխվել են տաճարը շրջապատող աստիճանները։ 1955թ.-ից տաճարի դրսում և ներսում խոշոր շինարարական աշխատանքներ էր ծավալել Վազգեն Ա կաթողիկոսը։ Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները կատարվել են հնում, վերանորոգվել XVIIIդ.։ Զանգակատունը 1664թ.-ին նկարազարդվել է Ստեփանոս Լեհացու գլխավորությամբ։ 1712-21թթ.-ին Էջմիածնի Մայր տաճարում գեղանկարչական աշխատանքներ է կատարել Նաղաշ Հովնաթանը (պահպանվել են գմբեթի վերին մասի նկարազարդումներն ու ավագ խորանի ներքին մարմարի վրայի Աստվածամայրը): Էջմիածնի Մայր տաճարի համար պարբերաբար նկարներ են աստեղծել Հակոբ և Հարություն Հովնաթանյանները (XVIIIդ. 1-ին կես) և Հովնաթան Հովնաթանյանը (XVIIIդ. 2-րդ կես): Վերջինս իր աշակերտների հետ նկարազարդել է տաճարի ներսը, ստեղծել Հին Կտակարանի և ավետարանական թեմաներով նկարներ, ինչպես նաև հայ պատմական գործիչների դիմանկարներ: Էջմիածնի Մայր տաճարի համար նկարներ են կատարել նաև Մկրտում և Հակոբ Հովնաթանյանները (XIXդ.): 1956թ.-ին Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները վերանորոգվել են (Լ.Ս.Դուռնովոյի գլխավորությամբ): Տաճարի գեղարվեստական ձևավորման մեջ զգալի տեղ են գրավում կիրառական արվեստի զանազան իրեր, այդ թվում՝ ավագ խորանի ասեղնագործ վարագույրը, Մադրասի հայերի (1721թ.) և Հռոմի պապի (1967թ.) նվիրաբերած պատրիարքարանները: Դռների փայտի փորագրությունները կատարված են 1888թ.-ին, Թիֆլիսում:«էջմիածնատիպ» կառույցները VIII-IXդդ. տարածվեցին Եվրոպայում, երբ Պավլիկյանների շարժումը հատկապես Արևմտյան Հայաստանում հալածվում էր բյուզանդական կայսրերի կողմից (Լևոն III-ից մինչև Թեոդորա կայսրուհին)։ Պատկերամարտությունը սկիզբ դրեց պավլիկյանների զանգվածային գաղթին Բալկաններ, Կիևյան Ռուսիա, Արևմտյան Եվրոպա, մինչև Ֆրանսիա, Իսպանիա։ Այդ շրջանում Ֆրանկների պետությունը ապրեց մշակութային վերածնունդ, ստեղծվեցին կառոլինգյան արվեստի նշանակալից գործերը. կառուցվեց հայ ճարտարապետությունից և բյուզանդական զարդարվեստից ներշնչված Աախենի պալատական մատուռը՝ Սեն Շապելը (ավարտվել է 806թ.-ին), նրա նմանությամբ՝ Քյոլնի Ս.Գեդեոնը (ավերվել է 1940թ.-ին), Ֆուլդայի Ս.Միքայելը (787թ., խիստ վնասվել է 1945թ.-ին) և Ժերմինյի-Դե-Պրեն, որը կրած վերափոխություններով հանդերձ (հատկապես 1869թ.-ի), մնում է Կառլոս Մեծի շրջանից անաղարտ պահպանված գրեթե միակ եկեղեցին։ Էջմիածին-Բագարան տիպին են պատկանում նաև Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (836թ., Լուար-Ատլանտիկ, Ֆրանսիա), Սեն-Բազիլ դղյակային մատուռը (IXդ., Բրուժ, Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (859թ.)։ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն իր ճարտարապետական ինքնատիպ ոճով հանդիսանում է աշխարհի հնագույն քրիստոնեական հուշարձաններից մեկը, նաև համբավավոր սրբատեղին ու ուխտավայրը Հայաստանում և արտասահմանյան երկրներում բնակվող հայերի համար:1994թ. Մայր Տաճարի մանրակերտը տեղադրվել է <<Մինի Մունդուսում>> (համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշների մանրակերտների բացօթյա թանգարան), իսկ 2000թ. տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:


                                          Սբ Հռիփսիմե եկեղեցի

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում: Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին: Կույսերի նահատակման տեղում, հետագայում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցում են վկայարան` կիսագետնափոր հանգստարան, վրան` քարաշեն չորս սյուներով ամպհովանի: Գր. Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս կույսերին դասում է սրբերի շարքը, իսկ նրանց նահատակման օրը մտցնում եկեղեցու տասնյակի մեջ: Հետագայում` 618 թ., վկայարանի վրա Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը կառուցում է Հռիփսիմեի եկեղեցին, որի մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շինարարական երկու արձանագրությունները: Տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին: Այն ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով: Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը` չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի արտահայտման հիմնական միջոցն է: Այն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1մ) բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածի ուղղանիստ ծավալներից մինչև գմբեթի վեղարը` ծավալների ներդաշնակ անցումներով: XVII դարում հուշարձանը եղել է կիսավեր: 1653 թ. Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: 1776 թ. եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով և բուրգերով, իսկ 1880 թ. շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, 1894 թ.` բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները: Զգալի նորոգումներ են կատարվել 1898 թ.: 1958 թ. մաքրվել է տաճարի ներքին տեսքը խաթարող սվաղը: Նորոգումների ժամանակ բացված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորները վկայում են, որ Հռիփսիմե տաճարի տեղում եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցուց 50մ արևելք գտնվում է IV-XIX դդ թվագրվող գերեզմանատունը:

                                              Սուրբ Գայանե եկեղեցի

Էջմիածին քաղաքի հարավային կողմում, սբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Ս. Գայանե վանքը: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Ս. Գայանեի վկայարանը: 630-ին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Ս. Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու` հվ-արլ. ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: XVII դ. եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Ս. Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել: Փիլիպոս Ա Աղբակեցին 1652-ին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Ս. Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հվ. պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն: 1688-ին Եղիազար Ա Այնթապցին կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Ս. Գայանե եկեղեցուն արմ. կողմից կցել եռակամար գավիթ սրահ, նրա հվ. և հս. ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել: Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն: 1764-ին Սիմեոն Ա Երևանցին Էջմիածնի ս. Գայանե վանքի տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն` վանքի մթերքները պահելու համար: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866–82) Էջմիածնի ս. Գայանե վանքի վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արմ. կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը: 1910-ին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել ս. Գայանեի գերեզմանի համար: 1959-ին Էջմիածնի ս. Գայանե վանքը նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.` Ռ. Իսրայելյան): 1960-ին վանքի տարածքում Մայր աթոռի` 1920-ից հետո թաղված միաբանների գերեզմանների վրա դրվել են մարմարե սալիկներով տապանաքարեր: 1976-ին Ս. Գայանե եկեղեցու շուրջը դարերի ընթացքում կուտակված լիցքը հեռացվել է, պատերի մեջ շաղախ է ներարկվել, և քայքայված քարերը փոխարինվել են նորերով: 1977–80-ին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ, վանքի միաբանության շենքերը նորոգվել են և օժտվել ժամանակակից հարմարություններով, քարե սալերով ծածկվել եկեղեցու տանիքը և գմբեթը: Էջմիածնի ս. Գայանե վանքի գավթում են ամփոփված Եղիազար Ա Այնթապցի, Աբրահամ Բ Խոշաբեցի, Ղազար Ա Ջահկեցի, Մինաս Ա Ակներցի, Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի, Ղուկաս Ա Կարնեցի, Դավիթ Ե Էնեգեթցի, Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսները, իսկ վանքի շուրջը` բազմաթիվ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, վանահայրեր, Մայր աթոռի բարերարներ, իշխաններ և նշանավոր այլ անձինք:


                                     Շողակաթ եկեղեցի

Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Այն Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ-ին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»: Արևմուտքից կից է գավիթը` պսակված զանգակատան ութասյան ռոտոնդայով: Ունի մուտքեր արևելյան և արևմտյան կողմերից: Նրան շատ մոտ մի փոքրիկ մատուռի ավերակներ կան, որը 5-6 դարի կառույց է եղել: Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, թե Շողակաթ եկեղեցին կառուցվել է VI-VIIդդ. շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։ Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (IVդ.) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են IV-Vդդ.: