Մասնակից:Մարտա Մանգասարյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղը գտնվում է Կաթողիկե սարի լեռնաշղթայի հյուսիսարևելյան կողմում՝ Եկեղենա սարից դեպի հյուսիս թեքված մի սարահարթի վրա՝ Թարթառ գետի միջին հոսանքի և Սարսանգի ջրամբարի աջ ափին։

Կոճողոտ գյուղի շրջակայքում պահպանվել են Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբարաններ։ Թեև Կոճողոտի և նրա հարակից տարածքներում եղած բնակավայրերի վերաբերյալ գրավոր աղբյուրներում սակավ նյութեր են պահպանվել, այնուամենայնիվ, եղած պատմաճարտարապետական կառույցների ու բնակատեղիների ավերակները վկայում են, որ հայ մարդը վաղնջական ժամանակներից անընդհատ ապրել է Արցախի այս հատվածներում։

Կոճողոտ և Պողոսագոմեր գյուղերի արանքում էր գտնվում վաղ միջնադարից գոյություն ունեցած Խորաստան գյուղը։ Այդտեղ պահպանվել են հին գերեզմանոցը, մատուռը։ Տեղացիները մատուռը անվանում են Մանդուռ։ Այդտեղ հայտնաբերվել են բազմաթիվ խաչքարեր, որոնց վրա կան գրություններ։ Խորհրդային Ադրբեջանի գիտաերկրահետախուզական վարչության կողմից խաչքարերը 1986-1987 թվականներին տեղափոխել են Բաքու։

Մյուս խոշոր բնակատեղին Թխախորն է իր ավերակ եկեղեցով, գերեզմաններով, խաչքարերով։ Գերեզմանատան մեջ կա 1226 թվականի թվագրությամբ խաչքար, որի վրա կա արձանագրություն․ «Ես Սարգիս որդի Բագրատայ կանգնեցի զխաչս մաւր իմոյ Ազ(իզին)»:

Կոճողոտից հարավ-արևմուտք գտնվում են Կարմիր քար, Երի Հոռաթաղ բնակատեղիները: Մեկ այլ բնակատեղի՝ Վարի ու Վերի Խամշուտ ծով(Եղեգնուտ լիճ) անունով, գտնվում է անտառի մեջ: Պահպանվում են եղեկեցու, գերեզմանոցի և բնակելի տների ավերակները: Ինչպես Հայաստանի մյուս նահանգները, Արցախը նույնպես 11-17-րդ դարն ասպատակվել ու թալանվել է սելջուկ-թուրքերի, մոնղոլների, թուրքմենական ցեղերի, պարսիկների նորից թուրքերի կողմից:

Թարթառի միջին հոսանքի աջ կողմում փռված բնակավայրերն ավերվել են 1145-1146 թվականներին պարսիկ Չոլի զորապետի արշավանքների ժամանակ: Թեև նրա մոտ չհաջողվեց գրավել հայոց անառիկ բերդերն ու ամրոցները, բայց և այնպես արնածարավ զորապետին ոչինչ չխանգարեց անպաշտպան բնակավայրերը, վանքերն ու եկեղեցիները, այդ թվում Դադի վանքն ավերելու: Կոտորածներից մազապուրծ փախածները բնակության նոր վայրեր էին փնտրում, կամ պատսպարվում, ով որտեղ և ինչպես կարող էր: Այդ վայրերից էր նաև Կոճողոտը:

Ներկայիս Կոճողոտի ձևավորման մասին գրավոր աղբյուրները լռում են: Եղած նյութերը վկայում են, որ Գանձասարի Սարգիս կաթողիկոսի կոնդակով 16-րդ դարում թուրքերից նեղված փախստականներին իրավունք է վերապահվել բնակատեղի ընտրել ներկայիս Կոճողոտի տեղում:

Այս բնակավայրը ևս ավերվել է ժամանակի ընթացքում, իսկ բնակչությունը կամ բռնել է գաղթի ճանապարհը, կամ էլ կոտորածի ենթարկվել:

Ներկայիս գյուղի կազմավորման մասին հնաբնակների պատմածներն էլ հաճախ հակասում են մեկը մյուսին: Նրանց մի մասը պնդում է, թե իբր ներկայիս Կոճողոտը հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին, մյուսը նույն դարավերջն է հիմնադրման հավանական ժամանակաշրջանը համարում: