Մասնակից:Մարիամ Մեսրոբյան/ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարազի պատմությունը

Հայ ժողովրդի տարազի արվեստը գալիս է դարերի խորքից։ Չնայած այն բանին, որ պետականությունը կորցնելուց հետո հայոց երկիրը դարեր շարունակ մասնատված վիճակում է գտնվել տարբեր պետությունների կազմում, այնուամենայնիվ հայկական շատ տարազաձևեր անաղարտ են մնացել և պահպանել են իրենց ինքնատիպությունն ու ազգային գծերը, որի բաղկացուցիչ մասերից է ազգային տարազը։ Նուրբ բուրդ ունեցող ոչխարի բուծումը, բամբակագործությունն ու մետաքսի մշակումը նպաստում էին բարձրորակ հյուսվածքեղեն, հետևապես և տարբեր ոճի տարազներ ստեղծելուն։ Խիստ կարևոր էր նաև տարբեր ու բազմազան որակյալ ներկերի առկայությունը, որոնց թվում էր հայկական անզուգական որդան կարմիրը։

Տարազի ստեղծման գործում մեծ էր հայ կնոջ դերը։ Ինչպես ամենուրեք, այնպես էլ Հայաստանում տարզաները ստեղծվում էին զանազան խավերի համար։ Ունևոր խավերի տարազը իր հարստությամբ ու շքեղությամբ բավական զանազանվում էր աշխատավոր մարդկանց տարազից։ Մեծ էր տարբերությունը իշխանավորների, պաշտոնյաների, զինվորականների և հոգևորականների տարազների միջև, իսկ անչափահաս աղջիկների և տղաների համար կարվում էին այլ տիպի տարազներ։ Հանրահայտ են հայ ժողովրդի վիթխարի կորուստները Մեծ եղեռնի հետագա տարիների, երբ ոչնչացվել են տարազներ։

Այնուամենայնիվ ժողովուրդը կարողացել է փրկել շատ տարազներ և որպես սրբազան նմուշներ պահպանել իր մոտ կամ հանձնել թանգարանների։ ՀՀ թանգարանում տարազի ամենահին նմուշը Անիի պեղումներից, ակադեմիկոս Նիկողայոս Մառի հայտնաբերած ազնվատոհմ աղջկա մետաքսե հագուստներն են։

Պահպանված տարազների մեջ հին են նաև Վասպուրականից բերվածները։ Վասպուրականի տարազների անբաժանելի մասն էին կազմում ճաշակով ու մեծ վարպետությամբ պատրաստված զարդերը։

Կանացի տարազ

Զեյթունցի կանանց տարազի համալիրը նույնն էր, ինչ Սիսում, Հաճնում, Ադանայում, Մարաշում, բայց տարբեր էր կտորեղենի գործածությունը: Զեյթունում կանայք գլխաշորը կարում էին սպիտակ մանուսա կտորից, մազերը մի քանի հյուսք էին անում (կանայք՝ 3, աղջիկները՝ ավելի շատ): Կտավե վերնազգեստը ասեղնագործում էին արծաթե կամ ոսկե մետաղաթելով (սրմայով) և աստառպատում մետաքսե կտորով, վրայից հագնում էին կարճ բաճկոնակ, որը գոտկատողում երկու կողմերից միանում էր արծաթե ճարմանդով։ Հագնում էին նաև ամբողջովին ասեղնագործած կարճ թևերով սև չուխա, վրան կապում կտորե գոտի (գոտին, որն ուներ շուրջ 50 սմ լայնություն և 3 մ երկարություն, պատրաստվում էր երեք գույնի բրդե թելերից՝ կարմիր, կանաչ, դեղին, և մի քանի անգամ փաթաթում մեջքի շուրջը):

Ըստ կիլիկյան Ժողովրդական սովորության, կանայք կենցաղային նպատակներով գոտուց շղթայով կախում էին փոքր դանակ: Հագուստի կարևոր մասն էր նաև գոգնոցը, որը կապվում էր գոտկատեղում` գոտու տակից: Գուլպաները գործում էին գունավոր թելերով։ Նամանները կաշվե բաց կոշիկներ էին:

Զեյթունի տղամարդը գլխին կրել է թաղեքե գդակ՝ վրան փաթաթված փուշի։ Հագել է մահուդե կտորից կարված բաճկոնակ՝ ասեղնագործված նուրբ ոսկեթելերով, վրայից՝ այծի բրդով գործած տաք վերնազգեստ (քազախիկ)։ Գծավոր գոտին երեք-չորս մետր երկարությամբ գործվածք էր, որի ծայրերը վերջանում էին փնջերով։ Տաբատի վերևը շատ լայն էր, իսկ ներքևը նեղանում էր։ Այն ասեղնագուրծվում էր շքեղ ոսկեթելով, հագնում էին վերարկու, կապում էին շալե գոտի որի ծալքերի մեջ կրում էին զույգ ատրճանակներ։