Jump to content

Մասնակից:Հայկուհի Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկաստան


Թաջ Մահալ` աշխարհի ութերորդ հրաշալիք

Թաջ Մահալը գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում: Մարմարե այս մահմեդական դամբարանը համարում են աշխարհի ութերորդ հրաշալիք, քանի որ այն շատ յուրահատուկ եւ շքեղ ճարտարապետական կառույց է, որը գրավում է իր հեքիաթային գեղեցկությամբ ու եթերային տեսքով: "Թաջ" նշանակում է "թագ", իսկ "մահալ"` "արքունիք":

     Սակայն միայն ճարտարապետական կատարելությունը չէ, որ գրավում է տարբեր երկրներից այստեղ ժամանած միլիոնավոր մարդկանց: Նրանց վրա մեծ ազդեցություն է թողնում նաեւ Թաջ Մահալի ստեղծման պատմությունը, մի պատմություն, որն ավելի շատ նման է արեւելյան հեքիաթի:
     Այս հուշարձան-դամբարանը	 

կառուցել է Մեծ Մողոլների դինաստիայի կայսր Շահ Ջահանը իր սիրելի կնոջ` Մումթազ Մահալի հիշատակին: Ի դեպ, տեղեկություններ կան այն մասին, որ Մումթազ Մահալը հայուհի է եղել, եւ կայսերական արքունիքում նա է ներդրել Մարաշի ասեղնագործությունը:

      Չնայած Շահ Ջահանը մեծ հարեմ ուներ, ինչպես դա ընդունված է ցանկացած արեւելյան տիրակալի մոտ, սակայն նա շատ կապված էր Մումթազ Մահալին, որը կայսերը պարգեւում է ութ որդի եւ վեց դուստր: Մումթազ Մահալն ամենուրեք ուղեկցում էր կայսերը տարբեր արշավանքների, ճամփորդությունների ժամանակ: Նա շատ խելացի կին էր, շահը միշտ նրա կարծիքի հետ հաշվի էր նստում: Սակայն վերջին` 14-րդ երեխային ծնունդ տալու ժամանակ Մումթազը մահանում է: Մահից առաջ նա խնդրում է Շահին խոստանալ իր համար դամբարան կառուցել եւ այլեւս ոչ ոքի հետ չամուսնանալ:
     Կնոջ մահճի մոտ Շահ Ջահանը վշտից միանգամից սպիտակում է: Նա երկու տարով երկրում սուգ է հայտարարում, եւ այդ ընթացքում արգելված էին տոները, պարերն ու երաժշտությունը: Որոշ ժամանակ անց Ագրայում` Մոնղոլական կայսրության մայրաքաղաքում սկսվում է Մումթազի դամբարանի շինարարությունը, որը տեւում է 22 տարի: Շինարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 20 հազար մարդ, որոնց թվում էին Պարսկաստանից, Հնդկաստանից, Վենետիկից, Սամարղանդից հրավիրված լավագույն շինարարներ եւ ճարտարապետներ: Ի դեպ, նրանց թվում եղել են նաեւ հայ շինարարներ: Նրանցից մեկին` Գրիգոր անունով, կոչում էին մեծ վարպետ-կառուցող: Ի դեպ, նա մասնակցել է ոչ միայն Թաջ Մահալի, այլեւ Շահ Ջահանի ճարտարապետական այլ գլուխգործոցների կառուցմանը: 
     Թաջ Մահալի բարձրությունը գմբեթի հետ միասին 74մ է: Նրա չորս կողմում կառուցված մինարեթների բարձրությունը 42մ է: Այս կոթողն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից: Այն հիացնում եւ ապշեցնում է նաեւ նրբագեղ աշխատանքով, ասես մարմարի վրա արված ասեղնագործ լինի: Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերեւներով, ինչպես նաեւ Ղուրանի որոշ սուրաներով:

Դրվագազարդումը կատարվում է այսպես. նախ մարմարի վրա փորագրվում է ծաղիկը, այնուհետեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից շատ բարակ տաշեղներ են կտրվում եւ սոսնձվում պատրաստված տեղում:

	      Յամունա գետի մյուս ափին` Թաջ Մահալի դիմաց, Շահ Ջահանը մտադիր էր մեկ այլ դամբարան կառուցել: Դա էլ իր համար, որը պետք է լիներ սեւ մարմարից: Երկու դամբարանները պետք է միմյանց միանային կամրջով: Սակայն նրա որդին` Ջահանգիրը, որին արդեն հոգնեցրել էին հոր անտեղի հսկայական ծախսերը, Շահ Ջահանին գահընկեց է անում եւ տնային կալանքի տակ առնում իր պալատում: Նախկին կայսրը կարող էր միայն իր կալանասենյակի պատուհանից տեսնել հեռվում երեւացող իր հավերժական սիրո խորհրդանիշը:
     Շահ Ջահանի մահից հետո նրան թաղում են նույն դամբարանում` իր սիրած կնոջ կողքին:
     Ահա այսպիսին է Թաջ Մահալի` հնդկա-իսլամական արվեստի գլուխգործոցի գեղեցիկ եւ տխուր պատմությունը: