Մասնակից:ԼԻԼՈ/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ լեզվաբանության այն բաժինն է, որում ուսումնասիրվում են բառերի ծագումը, ձևը, իմաստը, կառուցվածքը, ինչպես նաև բառարաններն ու նրանց տեսակները: Բառի հատկանիշների ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի: Մարդիկ իրենց հայտնի բոլոր իրողությունները՝ անձերը, կենդանիները, առարկաները, զգացումներն ու զգացմունքները, հատկություններն ու գործողությունները, անվանում են բառերով: Բառերի, հատկապես նրանց ծագման ուսումնասիրությունը հետաքրքրական ու զարմանալի շատ երևույթներ է բացում մեր առաջ: Օրինակ՝ հայտնի է, որ անապատ կոչում են Երկրի շոգ ու ծայրահեղ չորային շրջանները: Իսկ ի՞նչ ծագում ունի անապատ բառը: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ -ապատ բաղադրիչը կա նաև մի քանի այլ բառերում (օրինակ՝ Վաղարշապատ): Այս բառը պահլավական է (միջին պարսկերեն) և նշանակում է շեն, բնակելի, իսկ անապատ նշանակում է անշեն, անբնակ: Սակայն այս ամենը պարզ է դառնում միայն մասնագիտական ուսումնասիրության շնորհիվ, ուստի ժամանակակից հայերենի համար անապատ բառը կազմությամբ պարզ է համարվում: Անապատ է կոչվում նաև այն մեկուսի վայրը՝ մենաստանը, որտեղ առանձնացած ապրում են ճգնավորները: Ուրեմն այս նույն ձևն ունեցող բառով անվանում են երկու հասկացություններ՝ երկրագնդի չորային վայրերը և ճգնավորների մենաստանները: Սակայն այս ամենով չի սպառվում անապատ բառի ուսումնասիրությունը: Պետք է որոշել նաև նրա իմաստային-ոճական նրբերանգները, գրության ու արտասանության ձևերը և այլն: Բառերի այսպիսի բազմազան հատկանիշները, ինչպես նշվեց, ուսումնասիրվում են բառագիտության բաժնում:

ԲԱՌԱՊԱՇԱՐ Ամեն մի լեզու ունի իր բառերի ամբողջությունը՝ բառապաշար: Բառապաշարը թեև ամբողջություն է, սակայն քարացած չէ և ժամանակի ընթացքում փոփոխվում է: Լեզուն զարգանում է, և լեզվի մյուս բաղադրիչների հետ փոփոխվում են նաև բառերը: Այդ պատճառով էլ գրաբարի, միջին հայերենի ու ժամանակակից հայերենի միջև բառապաշարային բազմաթիվ տարբերություններ կան: Ամեն մի լեզվի բառապաշարն արտահայտում է այդ լեզվով խոսող ժողովրդի կենցաղը, մշակույթը, սովորությունները, աշխարհագրական պայմանները, հասարակական կյանքի փոփոխությունները և այլն: Օրինակ՝ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հայերենի բառապաշար մտան բոլշևիկ, մենշևիկ, կոլտնտեսություն և շատ այլ բառեր, որոնք արտացոլում են պատմական այդ իրադարձությունը: Խորհրդային կարգերի վերացումից հետո այդ բառերն աստիճանաբար դարձան անգործածական: Բառապաշարի ուսումնասիրությունից պարզ է դառնում, թե տվյալ ժողովուրդն ինչ հագուստ է հագնում, ինչ ուտելիքներ է ուտում, ինչ ծեսեր ունի, մշակութային ինչ իրողություններ են նրան բնորոշ և այլն: Օրինակ՝ խաչքարը հայկական մշակույթի ստեղծագործություն է, և այդ բառը սովորաբար չեն թարգմանում, այլ ուրիշ լեզվով մեկնաբանում են նրա նշանակությունը:

 Բառապաշարն  անընդհատ  հարստանում  է,  այսինքն՝ ավելանում  են  նորանոր  բառեր: Ժամանակակից  հայերենի  բառապաշարում  կա  շուրջ  250000  բառ: Հարստացումը  կատարվում  է  երկու  միջոցով. լեզվում  եղած  արմատներով  ու  ածանցներով  նոր  բառեր  են  կազմվում,  կամ  այլ  լեզուներից  բառեր  են  փոխառվում:  Այսինքն՝  բառապաշարի  հարստացման  միջոցներն  են  բառակազմությունը  և  փոխառությունը:

ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ՁևԻ և ԻՄԱՍՏԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ Բառերը տարբեր հատկանիշներ ունեն և այդ պատճառով էլ դասակարգվում են տարբեր մոտեցումներով: Եթե բառերը դասակարգվում են ըստ ծագման, ապա հաշվի է առնվում, թե բառը հայերենին անցել է հնդևրոպական մայր լեզվի՞ց, թե՞ այլ լեզուներից: Եթե բառերը դասակարգվում են ըստ կազմության, ապա հաշվի են առնվում նրանց կառուցվածքային հատկանիշները, այսինքն՝ քանի՞ արմատ կամ ածանց կա բառում: Ըստ ձևի և իմաստի փոխհարաբերության դասակարգելիս էլ հաշվի է առնվում այն հանգամանքը, թե բառերի ձևերը և իմաստները ինչ հարաբերություն ունեն: Բերենք հետևյալ նախադասությունները. Հաղթանակի տոնը եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ. Նա փոխեց ձայնի տոնը: Առաջին նախադասության մեջ տոն նշանակում է տոնախմբություն, իսկ երկրորդ նախադասության մեջ՝ ձայնաստիճան: Հետևաբար նշված երկու բառերը նույն ձևն ունեն, սակայն արտահայտում են միանգամայն տարբեր իմաստներ: Բերենք այլ նախադասություններ. Նորակառույց շենքի լուսամուտները տեղադրեցին: Նորակառույց շենքի պատուհանները տեղադրեցին: Այս նախադասություններում լուսամուտները և պատուհանները բառերը տարբեր ձևեր ունեն, սակայն անվանում են միևնույն առարկան:

  Այսպիսով՝  բառերը,  ըստ իրենց  ձևի  և  իմաստի, միմյանց  նկատմամբ  տարբեր  փոխհարաբերություններ  են  ունենում: Մի  դեպքում  կարող  են  ձևով  նույնը  լինել,  բայց  արտահայտել  տարբեր  իմաստներ, մյուս  դեպքում  կարող  են  տարբեր  ձևեր  ունենալ, բայց  նույն  իմաստն  արտահայտել: Բառերն  ըստ  ձևի  և  իմաստի  փոխհարաբերության  դասակարգելիս  հաշվի  են  առնվում  այս մի  քանի  այլ  ձևաիմաստային  հարաբերություններ:            
        

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՇԵՐՏԵՐԸ ԸՍՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐԻ Ժամանակակից հայերենն ունի ճոխ և հարուստ բառապաշար: Ի՞նչ շերտերից է կազմված այն: Հայտնի է, որ 5-րդ դարից՝ այբուբենի ստեղծումից հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար, որը ժամանակի ընթացքում երկփեղկվեց արևելահայերենի ու արևմտահայերենի: Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ: Ժամանակակից հայերենի բառապաշարում կան զարգացման տարբեր շրջաններից եկող բառեր: Եթե ժամանակակից հայերենի բառապաշարում ըստ զարգացման փուլերի առանձնացնենք բառաշերտերը, ապա կլինի 4 շերտ՝ ընդհանուր հայերեն բառեր, գրաբարյան բառեր, միջինհայերենյան բառեր, նոր հայերեն բառեր:

 Ընդհանուր  հայերեն  են  այն  բառերը,  որոնք  գործածական  են  հայերենի  բոլոր  փուլերում:  Օրինակ՝  մարդ,  քույր, եղբայր, հաց,  ջուր, տուն  և  այլն:  Այդ  բառերի  մի  մասի  իմաստը  փոխվել  է:  Օրինակ՝  գնացք  գրաբարում  նշանակել  է  ընթացք, շարժում, իսկ  ժամանակակից  հայերենում  նշանակում  է  փոխադրամիջոցի  տեսակ:
 Գրաբարյան  են  այն  բառերը,  որոնք  գործածվել  են  գրաբար  մատենագրության  մեջ  և  աշխարհաբարին  են  անցել  ոչ  թե  ժառանգաբար,  այլ  վերցվել  են  գրաբար  բնագրերից  որպես  փոխառություններ  ու  կիրառվել  ոճական  և  այլ  նպատակներով: Օրինակ՝  Թումանյանը  ծիծաղախիտ  բառը  վերցրել  է  Նարեկացուց,  Տերյանը  գործածել  է  գրաբարյան  ոսկեհանդերձ  բառը, Ն. Զարյանը՝ ոսկեմայր  բառը  և  այլն: 
  Գրաբարից  են  վերցված  նաև  լուսատեսակ, խոտաճարակ, կորուսիչ,  պատվասիրել,  քաղաքամայր  և  բազմաթիվ  այլ  բառեր:
  Միջինհայերենյան  շերտի  մեջ  են  մտնում  այն  բառերը,  որոնք  ժամանակակից  հայերենին  են  անցել  լեզվի  զարգացման  միջին  փուլից՝  միջին հայերենից, օրինակ՝  գաթա, ճորտ, մասուր, մշուշ, պարոն և  այլն: 
   Նոր  հայերեն  են  այն  բառերը, որոնք  գոյություն  չունեն  ո՛չ գրաբարում, ո՛չ  միջին  հայերենում,  ո՛չ  էլ  որևէ  բարբառում: Դրանք ստեղծվել  են  նոր  շրջանում, օրինակ՝  ջրագնդակ, ջրապտույտ, գեղասահք, հեծանվավազք, հեծանվորդ, ծանրամարտիկ, անտառազանգված, հեռախոսահամառ, մասնաշենք, խոսափող  և  այլն: Նոր  բառերի  բառաշերտ  կա  թե՛  արևելահայերենում, թե՛  արևմտահայերենում, և  ժամանակի ընթացքում  բառեր  են  անցնում  մեկից  մյուսին:  
    Առանձնացվում  է  նաև  բարբառային  բառաշերտ: Բարբառային  շերտի  մեջ  են  մտնում  այն  բառերը,  որոնք  հայերենի  տարբեր  բարբառներից  անցել  են  գրական  լեզվին,  և  նրանց  բարբառային  լինելը  արդեն  չի  գիտակցվում,  օրինակ՝  աղաման, աղցան, իրիկուն, լացակումել, լեղապատառ, կիսամաշ, ձգձգել  և  այլն:

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Բառակազմությունն ուսումնասիրում  է  լեզվի բառերի  կազմության  եղանակներն  ու  օրինաչափությունները:
Բառակազմության  նպատակն  է  բացահայտել,  թե  ինչ  կառուցվածք  ունի  և  ինչ  բաղադրիչներից  է  կազմված  բառը.  ինչ  դեր  ունեն  և  ինչ  իմաստ  են  արտահայտում  բառերի  բաղադրիչ  մասերը:
Բառապաշարի  հարստացման  2 միջոց  կա.  առաջինը  օտար  լեզուներից  կատարվող  բառային  փոխառություններն  են (արտաքին միջոց), իսկ  երկրորդը  գրական  լեզվի  տվյալ  փուլի  բառակազմական  տարբեր  եղանակների  շնորհիվ  նոր  բառերի  ստեղշումն  է (ներքին միջոց): 
 Մեր  գրական լեզուն  այսօր  ունի բառակազմական  3 եղանակ՝ ածանցում, բառաբարդում  և  հապավում: