Մասնակից:Թամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թթուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթուները քիմիական նյութեր են, որոնց մոլեկուլները բաղկացած են մետաղների ատոմներով տեղակալվելու ընդունակ ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդից: Թթուները ջրում առաջացնում են H+ իոններ: Այդ իոնների առկայությամբ էլ պայմանավորված են թթուների ջրային լուծույթների հատկությունները՝ թթու համը, քիմիական ինդիկատորների գույնը փոխելու ունակությունը և այլն: Ըստ մոլեկուլից պոկվող պրոտոնների թվի՝ թթուները լինում են միահիմն (HCl, HNO3, CH3COOH), երկհիմն (H2SO4, H2CO3), եռհիմն (H3PO4): Որքան մեծ է թթվի իոնների տրոհման` դիսոցման աստիճանը, այնքան այն ավելի ուժեղ է: Ըստ բաղադրության` թթուները լինում են թթվածնավոր (HNO3, H2SO4, H2CO3, H3PO4և այլն) և անթթվածին (HCl, HBr, HF, H2S և այլն):

Ըստ թթուների ջրածնային տեսության՝ թթո ւների թթվային հատկությունները վերագրվում են միայն մետաղների ատոմներով տեղակալվելու ունակ ջրածնի ատոմներին: Ըստ էլեկտրոլիտային դիսոցման տեսության՝ թթուները ջրային լուծույթում դիսոցվում են՝ որպես կատիոն առաջացնելով միայն ջրածնի իոններ, իսկ որպես անիոն՝ թթվային մնացորդի իոններ: Թթուների և հիմքերի վերաբերյալ ժամանակակից տեսություններից գործնական նշանակություն ունեն դանիացի քիմիկոս Ի. Բրենստեդի պրոտոնային և ամերիկացի քիմիկոս Գ. Լյուիսի էլեկտրոնային տեսությունները: Ըստ պրոտոնային տեսության՝ թթու համարվում է ցանկացած մոլեկուլ կամ իոն, որը տալիս է պրոտոն՝ H+, իսկ հիմք համարվում է ցանկացած մոլեկուլ կամ իոն, որն իրեն միացնում է պրոտոն: Ըստ էլեկտրոնային տեսության՝ թթուները էլեկտրոնային զույգի վերցնողներ (ակցեպտորներ) են, օրինակ՝ BF3, AlCl3, SnCl2և այլն, իսկ հիմքերը՝ էլեկտրոնային զույգի տվողներ (դոնորներ), օրինակ՝ NH3, ամիններ և այլն: Թթուների և հիմքերի փոխազդեցությունների ժամանակ թթվի էլեկտրոնների պակասը լրացվում է հիմքի էլեկտրոնների ավելցուկի հաշվին, և առաջանում է էլեկտրոնների ավելի կայուն խմբավորմամբ նոր միացություն՝ աղ: Թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են: Աղաթթուն, ծծմբական թթուն, ազոտական թթուն մեծ կիրառություն ունեն ժողովրդական տնտեսության մեջ: Թթուները բազմազան ֆունկցիաներ են կատարում կենդանի օրգանիզմում. մասնակցում են բազմաթիվ կենսաքիմիական շարժընթացների: Ողնաշարավորների ստամոքսի լորձաթաղանթի գեղձերն արտադրում են աղաթթու, որը նպաստում է մարսողությանը և ոչնչացնում սննդի հետ ստամոքս մտած մի շարք վնասակար բակտերիաներ: Ստամոքսի հիվանդությունների ժամանակ աղաթթվի քանակությունը (0,3%) ստամոքսում նվազում կամ աճում է: Առաջինի դեպքում հիվանդին նշանակում են աղաթթվի նոսր լուծույթ՝ ստամոքսի հյութազատության խթանման համար: Ազոտական թթուն օգտագործվում է պարարտանյութերի, պայթուցիկ նյութերի, ծծմբական թթվի, ներկանյութերի, նիտրոմիացությունների արտադրության, գունավոր մետաղաձուլության մեջ, հրթիռային տեխնիկայում: Ծծմբական թթուն կիրառվում է հանքային պարարտանյութերի, թթուների, աղերի, ներկանյութերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության, մետաղամշակման, տեքստիլ, կաշվի, նավթամշակման արդյունաբերության մեջ: Խիտ թթուներն օրգանիզմում առաջացնում են ներքին օրգանների ուժեղ այրվածքներ, սրտի գործունեության անկում, որոշ դեպքերում՝ օրգանիզմի մահ: Ուստի, թթուներով աշխատելիս անհրաժեշտ է շատ զգույշ լինել, իմանալ դրանց հետ վարվելու կանոնները և խստորեն պահպանել դրանք: