Մասնակից:Բաբիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդր Երկրորդ (1818-1881): Ռուսական կայսր 1855-ից: Ծնվել է ապրիլի 17-ին: Քաղաքական հայացքներով պահպանողական էր, սակայն երկրի տնտեսական զարգացման ընթացքը, պարտությունը 1853-56թթ. Ղրիմի պատերազմում, հասարակական ընդվզումները և հեղափոխական շարժումների աշխուժացումը հակադրեցին նրան մի շարք բուրժուական հեղափոխություններ անցկացնել: Դրանցից ամենակարևորը 1861-ի գյուղացիական ռեֆորմն էր, որով վերևից վերացվեց ճորտատիրությունը և ուղի հարթվեց Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման համար: 1863-64-ին լեհական ապստամբության ճնշումից հետո հեղափոխական շարժման մեջ սկսված տեղատվությունը Ա-ին հնարավորություն ընձեռեց անցնելու բռնության և հալածանքների քաղաքականության: Որպես պատրվակ ծառայեց Կարակոզովի մահափորձը Ա-ի դեմ`1866-ի ապրիլի 4-ին: Հեղափոխական շարժման դեմ պայքարելու նպատակով Ա. 1880-ին ստեղծեց Գերագույն կարգադրիչ հանձնաժողով`լիբերալի համբավ վայելող Լորիս-Մելիքովի գլխավորությամբ, որը բռնությունների հետ մեկտեղ նախատեսում էր իրականացնել որոշ բարենորոգումներ: Արտաքին քաղաքականության մեջ Ա. գերմանական կողմնորոշում ուներ: Նա մեծ տեղ էր տալիս Արևելյան հարցին`ձգտելով վերանայել տալ 1856-ի Փարիզի հաշտության պայմանագիրը: Բալկաններում ամրանալու նպատակով 1877-ին պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ, որի հետևանքը եղավ Բուլղարիայի ազատագրումը թուրքական լծից: Ա-ի օրոք Ռուսաստանին միացվեց Կարսը, Արդահանը, Բաթումը, Միջին Ասիայի զգալի մասը, Հեռավոր Արևելքի մի շարք շրջաններ: Կարսի և Արդահանի գրավման շնորհիվ թուրքական լծից ազատագրվեց այդ շրջանների հայ բնակչությունը: Ա. սպանվեց մարտի 1-ին, Պետերբուրգում, նարոդովոլականների դատավճռով`Ի.Ի. Գրինևիցկու նետած ռումբից: