Մասնակից:Աշխեն28/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաջարան


Աշխարհագրական դիրքը

Քաջարանի ներկայիս տարածքը զբաղեցնում է պատմական Սյունիք նահանգի Ձորք գավառի մի մասը: Քաղաքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1750-1800մ բաձրության վրա՝ Ողջի գետի ափին՝ շրջապատված Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաների ճյուղավորումներով: Քաղաքից արևմուտք գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Կապուտջուղը (3904մ), որն իր բարձրությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ լեռն է՝ Արագածից  (4090մ) հետո: Քաղաքի ռելիեֆը մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռների համակարգի մի մասն է: Այստեղ ակտիվ է էրոզիոն մասնատվածությունը:

Քաջարանի հեռավորությունը հանրապետության մայրաքաղաք Երևանից 345 կմ է, մարզկենտրոն Կապանից՝ 25 կմ, ՀՀ պետական սահմանից և Իրանի Իսլամական  Հանրապետությունից՝ 50 կմ:

Կլիման

Քաջարանը, գտնվելով Զանգեզուրի բարձրադիր գոտում, աչքի է ընկնում կլիմայական հակադրություններով: Այստեղ Կապուտջուղի բարձրաբերձ կատարը ծածկված է հավերժական ձյան շերտով: Լեռնակատարներում և լեռնանցքներում փչում են ուժեղ քամիներ: Լեռներում ավելի շատ ձյուն ու անձրև է տեղում:

Ռելիեֆը մասնատված է, լանջերը թեք են, որոնց տատանումները հասնում են 5-25 աստիճանի: Կլիման ցուրտ և բարեխառն է: Ձմեռը բավականին խիստ է: Տարեկան միջին ջերմաստիճանը +6 է, հունվարին՝ -8 աստիճան , հուլիսին՝ +14: Գարնանը և աշնանը զով է: Ձմռանը գոյանում է հաստ շերտով ձյան ծածկույթ: Տարեկան սառնամանիքային օրերի թիվը հասնում է 100-ի: Թափվում են մինչև 600 մմ տեղումներ:

Հանքային ռեսուրսներ

Սյունիքը հարուստ է հանքային ռեսորսներով, այդ թվում նաև քարերի և մետաղների հայտնաբերված և հետազոտված հանքավայրերով: Տարածքում շահագործվում է հանրապետության խոշորագույն պղինձ-մոլիբդենային հանքավայրը:

Հանքավայրը հետախուզվել է 1931թ. և սկսել շահագործվել  1952թ-ից.: Հանքանյութը պարունակում է հիմնականում է մոլիբդենիտ, խալկոպիրիտ, մագնետիտ, պիրիտ միներալներ: Պարունակում է նաև թանկարժեք ուղեկից տարրեր՝ ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, բիսմուտ: Տարածված է նաև մոլիբդեն և պղինձ պարունակող արդյունաբերական նշանակության մինչև 5մ հաստության կվարցի երակներ:

Տնտեսական գործունեություն

Տնտեսության հիմնական և առաջատար ճյուղը հանքարյունաբերությունն է։  Քաջարանում է Հայաստանի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը գործարկվել է 1951թ.:  ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր: Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները: