Մանկական ստեղծագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանկական ստեղծագործություն, ստեղծագործության պրոցեսում զարգանում է երեխայի բանականությունն ու հուզականությունը, նա կարողանում է ճանաչել կյանքն ու որոշել իր տեղը, ձեռք է բերում կոլեկտիվ աշխատանքի փորձ, տարբեր նյութերով ու գործիքներով աշխատելու հմտություն, ինքնատիրապետում։ Տեխնիկական մանկական ստեղծագործությունը պոլիտեխնիկական կրթության ու մասնագիտական կողմնորոշման կարևոր միջոցներից է։ Նպաստում է տեխնիկայի հանդեպ երեխայի կայուն հետաքրքրության ձևավորմանը, նորարարական ու գյուտարարական հակումների, մտածողության զարգացմանը, խթանում կրթության գիտական մակարդակի բարձրացմանը։ Տեխնիկական մանկական ստեղծագործությունը ավելի շատ իրականացվում է արտադասարանական պարապմունքներում և դրսևորվում է ռոբոտներ, մոդելներ, սարքեր, մեխանիզմներ, ոչ բարդ մեքենաներ նախագծելու և պատրաստելու ընթացքում։ 1924 թ-ին առաջին անգամ Մոսկվայում անցկացվեց ավիամոդելիստ դպրոցականների մրցույթ։ Տուլայում բացվեց երկրում առաջին տեխնիկական մանկական ստեղծագործության ցուցահանդեսը։ 1928 թ-ին Մոսկվայում հիմնադրվեց առաջին մանկական տեխնիկական կայանը՝ ՄՏԿ (այժմ՝ պատանի տեխնիկների կենտրոնական կայան)։ 1920-1930-ական թթ. վերջին ՄՏԿ-ներ են կազմակերպվել երկրի շատ քաղաքներում։ 1939 թ-ին ԽՍՀՄ պատանի տեխնիկների աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի համաշխարհային, 1941 թ-ին՝ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսներում։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-45 թթ) պատանի տեխնիկները մասնակցել են գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների պատրաստման, վերապատրաստման, զինվորական հիվանդանոցների ռադիոֆիկացման և այլն աշխատանքների։ 1967 թ-ից ԽՍՀՄ-ում անց են կացվել երիտասարդության տեխնիկական ստեղծագործության ստուգատես (ԵՏՍՍ)։ Տեխնիկական մանկական ստեղծագործության բնագավառի լավագույն աշխատանքները ցուցադրվել են ԽՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում։ Տեխնիկական մանկական ստեղծագործության ամենամյա ցուցահանդեսներ են անցկացվել բոլոր միութենական հանրապետություններում, մարզերում և շրջաններում։ 1968 թ-ից շարունակաբար անց են կացվել հրթիռամոդելիստ դպրոցականների համամիութենական մրցումներ։ Տեխնիկական մանկական ստեղծագործության խմբակներում են իրենց գործունեությունը սկսել ակադեմիկոս Բ. Ե. Պատոնը, ավիակոնստրուկտորներ Մ. վ. Իլյուշինը, Ա. Ս. Յակովլևը, Օ. Կ. Անտոնովը, օդաչու-տիեզերագնացներ Գ. Մ. Տիտովը, Ա. Վ. Ֆիլիպչենկոն և ուրիշներ։ Տեխնիկական մանկական ստեղծագործության հիմնական խորհրդային հանդեսներ էին «Մոդելիստ-կոնստրուկտոր»-ը («Моделист-конструктор», 1966 թ-ից և «Յունի տեխնիկ» («Юный техник», 1956 թ-ից)։ Տեխնիկական մանկական ստեղծագործությունը հաջողությամբ զարգանում էր նաև սոցիալիստական մյուս երկրներում։ ԲԺՀ-ում և ԳԴՀ-ում նախապատվությունը տրվում էր էլեկտրոնային տեխնիկայի, տեխնիկական կիբեռնետիկայի, մեքենաշինության ու հաստոցաշինության ուսուցմանը, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում՝ մոդելիզմին։ Տեխնիկական մանկական ստեղծագործությունը զարգացած է նաև կապիտալիստական մի շարք երկրներում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա)։ Գեղարվեստական մանկական ստեղծագործություն։ Երեխայի ստեղծագործական գործունեությունը արվեստի բնագավառում դրսևորվում է իմպրովիզացիաների (պատմվածքներ, բանաստեղծություններ, մեղեդիներ, պարային շարժումներ, խաղեր և այլն) ձևով։ մանկական ստեղծագործությունը արվեստի բնագավառում նպաստում է երեխայի գեղագիտական ճաշակի դաստիարակությանը և գեղարվեստական կրթությանը (տես Գեղագիտական դաստիարակություն

Կերպարվեստի մանկական ստեղծագործությունը երեխայի համար ամենամասսայականն է։ Երեխան իր ճանաչած առարկան, որպես կանոն, սկսում է պատկերել 3-4 տարեկանից։ Նրա պատկերածը տեսանելի է և գործուն։ Ավելի ուշ շրջանի մանկական նկարը խաղային թեքում և բովանդակություն ունեցող գծանկարչական պատմվածք է։ Գրական մանկական ստեղծագործության տարրերը երեխայի մոտ դրսևորվում են մայրենի լեզվին տիրապետելուց հետո։ Տարեցտարի երեխայի գրական ստեղծագործությունը դառնում է էլ ավելի նպատակասլաց, երեխան սկսում է հասկանալ գրական ստեղծագործությունների հասարակական արժեքը, դրանց ստեղծումը դառնում է նրա ստեղծագործական պրոցեսի նպատակը, որոշակիորեն դրսևորվում են հակումները գրական տարբեր ժանրերի նկատմամբ։ Երաժշտության բնագավառում մանկական ստեղծագործությունը դիտվում է որպես երաժշտական դաստիարակության մեթոդ։ Երաժշտական մանկական ստեղծագործության հիմնախնդիրները լայնորեն ուսումնասիրվել են ԽՍՀՄ ՄԳԱ նախադպրոցական դաստիարակության ինստիտուտում։ 1960 թ-ից մեծ տարածում են գտել ֆոտոկինոսիրողների խմբերը։ Ստեղծվել են ակումբներ, լաբորատորիաներ և այլ հիմնարկներ։ 1930-ական թթ. սկզբին երեխաների գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական մանկական ստեղծագործության զարգացման նպատակով ԽՍՀՄ մարզային, երկրամասային և հանրապետական կենտրոններում ստեղծվել էին գեղ. դաստիարակության տներ, գիտամեթոդական հատուկ հիմնարկներ։ 1952 թ-ին գեղ. դաստիարակության տները միացվել են պիոներների և դպրոցականների պալատներին ու տներին։ մանկական ստեղծագործության ուսումնասիրմամբ զբաղվում էին ԽՍՀՄ ՄԳԱ գիտահետազոտական ինստիտուտները։ Մանկական գեղ. ստեղծագործության թանգարանային հավաքածուներ կան Լենինգրադում, Կիևում, Երևանում։ Այդպիսի խոշոր կենտրոններ են ստեղծվել Հնդկաստանում (Դելի), Հարավսլավիայում (Նովի Սաղ), Ֆրանսիայում (Սեր), Իտալիայում (Ֆլորենցիա), ԱՄՆ-ում (Նյու Յորք) և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 231 CC-BY-SA-icon-80x15.png