Մալայա-պոլինեզյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Մալայա-պոլինեզյան լեզուներ
Տեսակ լեզվաընտանիք
Ենթադաս ավստրոնեզյան լեզուներ
IETF poz
ISO 639-5 poz
Malayo-Polynesian languages Վիքիպահեստում

Մալայա-պոլինեզյան լեզուներ, ավստրոնեզիական լեզուներ, ցեղակից լեզուների ընտանիք։

Ներկայանում է չորս խմբով՝ ինդոնեզյան, մելանեզյան, պոլինեզյան և միկրոնեզյան։ Համեմատաբար քիչ ուսումնասիրված լեզվաընտանիքներից է, ընդ որում՝ որոշ լեզուների ցեղակցությունը դեռևս որոշակիորեն պարզված չէ։ Մալայա-պոլինեզյան լեզուներին բնորոշ են բազմավանկ (առավելապես՝ երկվանկ) արմատները, կցական կառուցատիպը, վերլուծական հարուստ ձևերը շարահյուսության մեջ։ Առկա է ստացականության ուրույն կարգ, բայական համակարգում սուբյեկտը կամ օբյեկտը արտահայտվում է հատուկ մասնիկներով։ Միկրոնեզյան լեզուներում թվականը սովորաբար ստանում է քերականական տարբեր ձևավորում՝ պայմանավորված տվյալ քանակով առնված առարկաների բնույթով։ Մելանեզյան լեզուներում քերականորեն տարբերակված է ստացականությունը, ստացական առումը, և ըստ ստացողի ու ստացյալի փոխհարաբերության՝ զանազանում են օտարված և չօտարված ստացականներ։ Պոլինեզյան լեզուներին բնորոշ է հնչյունական կազմի սակավությունը (աղքատությունը)՝ 5 ձայնավոր և 9-10 բաղաձայն։ Ինդոնեզյան և պոլինեզյան լեզուներում գերակշռում են բաց վանկերը։ Ինդոնեզյան լեզուներից համեմատաբար խոշոր են մալայերենը, ինդոնեզերենը, տագալերենը, մալգաշերենը, ճավայերենը։ Մալայերենը պետական լեզու է Մալայզիայում (խոսողների թիվը՝ 12,5 մլն, 1970 թ.)։ Սրան շատ մոտ լեզու է ինդոնեզերենը, որի անունով էլ կոչվում է լեզուների այս խումբը (պետական լեզու է Ինդոնեզիայում)։ Ինդոնեզերենը սերում է մալայերենից, ճավայերենը հայտնի է գրավոր հին աղբյուրներով։ Նրա հին գրական տարբերակը հայտնի է «կավի» անունով։ Տագալերենը պետական լեզու է Ֆիլիպիններում, մալգաշերենը՝ Մադագասկարի Դեմոկրատական Հանրապետությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 147 CC-BY-SA-icon-80x15.png