Մագնիսադիմադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնիսադիմադրություն, մագնիսառեզիստիվ էֆեկտ, հաղորդչի (կիսահաղորդչի) էլեկտրական դիմադրության փոփոխությունն արտաքին մագնիսական դաշտի ազդեցությամբ։ Պատկանում է գալվանամագնիսական երևույթների խմբին։ Տարբերում են լայնական և երկայնական մագնիսադիմադրություն։ Լայնական մագնիսադիմադրության դեպքում հոսանքի հարթությունն ուղղահայաց է մագնիսական դաշտի ուղղությանը, իսկ երկայնականի դեպքում հոսանքն ուղղված է դաշտի ուղղությամբ։ Մագնիսադիմադրության պատճառը լիցքակիրների հետագծերի կորացումն է մագնիսական դաշտում Լորենցի ուժի ազդեցությամբ։ Թույլ մագնիսական դաշտում մագնիսադիմադրությունը համեմատական է դաշտի լարվածության քառակուսուն։ Ուժեղ մագնիսական դաշտում լայնական մագնիսադիմադրության վարքն էապես կախված է բյուրեղի տեսակից։ Որոշ բյուրեղներում (In, Al, Na, Li) մագնիսադիմադրությունը հագեցման է հասնում (դառնում անկախ դաշտի լարվածությունից) բոլոր ուղղություններով, մի խումբ բյուրեղներում (Bi, Sb, W, Mo) հագեցման չի հասնում, մեծ թվով բյուրեղներում (Cu, Ag, Au, Ga, Pt ևն) դիտվում է մագնիսադիմադրության հագեցում որոշակի ուղղություններով և հագեցման բացակայություն՝ այլ, հաճախ շատ մոտ ուղղություններով։ Երկայնական մագնիսադիմադրությունը բոլոր մետաղներում ձգտում է հագեցման։ Մագնիսադիմադրությունը կիրառվում է բյուրեղային ցանցից հոսանքակիրների ցրման մեխանիզմի և էլեկտրոնային էներգետիկական սպեկտրի հետազոտման, ինչպես նաև մագնիսական դաշտի չափման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 115 CC-BY-SA-icon-80x15.png