Մագմատոգեն հանքավայրեր
Մագմատոգեն հանքավայրեր, հանքավայրեր, որոնց ծագումը կապված է մագմատիկ գործունեության հետ։ Առաջանում են երկու ճանապարհով։ Մի դեպքում մագմայից հանքային տարրերը անջատվում են ապար կազմող սիլիկատների հետ միաժամանակ, կամ փոքր-ինչ ավելի, ուշ։ Հանքանյութերն առաջացնում են միներալների ցան կամ նրանց ավելի հոծ կուտակներ ինտրուզիվ զանգվածների տարբեր հատվածներում։ Հանքային միներալները՝ ինտրուզիաների սառչելու ժամանակ առաջացած ճեղքերում երբեմն գոյացնում են երականման, ոսպնյակաձև, հազվադեպ՝ սյունաձև հոծ մարմիններ։ Մյուս դեպքում մագման, նախքան սառչելն ու բյուրեղանալը, բաժանվում է սիլիկատային և սուլֆիդային մասերի։ Ջերմությունն իջնելու հետ միասին իջնում է սուլֆիդների լուծելիությունը, որոնք հաւռցքից կաթիլների ձևով անջատվում են, միանում իրար, կազմում ավելի խոշոր զանգվածներ և ծանրության ուժի տակ իջնում ինտրուզիվ զանգվածների հատակը։ Այդ եղանակով են առաջանում հատկապես պդինձ-նիկելային հանքավայրերը։ Մագմատոգեն հանքավայրերի ձևավորումը տեղի է ունենում մի քանի հարյուր աստիճան ջերմության և զգալի ճնշման պայմաններում։ Մագմատոգեն հանքավայրեր են առաջացնում քրոմը, պլատինը և նրա խմբի տարրերը՝ ալմաստը, տիտանը, երկաթը, հազվագյուտ տարրերը, նիոբիումը, տանտալը, ինչպես նաև պղնձի ու նիկելի հանքանյութերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 112)։ |