Ճնշմամբ մետաղամշակում
Մետաղամշակում ճնշմամբ, տեխնոլոգիական պրոցես, որի հետևանքով տեղի է ունենում մետաղական նախապատրաստուկի ձևի փոփոխություն՝ պլաստիկ դեֆորմացիայի միջոցով (առանց տաշեղ հանելու)։ Հիմնական տեսակներն են գլոցումը, մամլումը, քարշումը, կռումը և դրոշմումը։ Մետաղամշակում ճնշմամբ կիրառում են նաև մակերևույթի որակը լավացնելու համար։ Տարբերում են ճնշմամբ մետաղամշակման տաք և սառը եղանակներ։ Տաք եղանակը բնութագրվում է ետդարձի և վերաբյուրեղացման երևույթներով, ամրացման (մակակոփման) բացակայությամբ, մետաղի մեխանիկական և ֆիզիկաքիմիական հատկությունների աննշան փոփոխությամբ։ Սառը եղանակն ուղեկցվում է ամրացմամբ, որի հետևանքով փոխվում են մետաղի մեխանիկական և ֆիզիկա-քիմիական բնութագրերը։ Օգտագործելով ճնշմամբ մետաղամշակման ազդեցությունը մետաղի հատկությունների վրա, կարելի է նվազագույն զանգվածի դեպքում պատրաստել լավագույն հատկություններով օժտված դետալներ։ Ճնշմամբ մետաղամշակման օպերացիաների և դեֆորմացման պայմանների ճիշտ ընտրությունը թույլ է տալիս ոչ միայն մեծացնել ձևի թույլատրելի փոփոխությունը, այլև կիրառել մետաղամշակում ճնշմամբ բարձրամուր, դժվար դեֆորմացվող համաձուլվածքներից դետալներ պատրաստելու համար։ Ճնշմամբ մետաղամշակման տեխնոլոգիական պրոցեսների նախագծման և կառավարման գիտական հիմունքները տալիս է ճնշմամբ մետաղամշակման տեսությունը և պլաստիիկության տեսությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 476)։ |