Հողի ջրաթափանցելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի ջրաթափանցելիություն, հողի հատկություն, երբ մակերևույթի ջուրը ներծծվում է ստորին շերտերը, և խոնավունակության շնորհիվ հողն իր մեջ է պահում դրա մի մասը։ Ջրաթափանցելիությունը կախված է հողի մեխանիկական և քիմիական կազմից, կառուցվածքից, խտությունից, ինչպես նաև հողի ծակոտիների մեծությունից ու բնույթից։ Հողում որքան շատ են խոշոր (ոչ մազանոթային) անցքերը, այնքան բարձր է ջրաթափանցելիությունը։ Հողի ջրաթափանցելիությունը բաժանում են ներծծման և ծծանցման փուլերի։ Առաջին փուլում ծանրության ուժի, ջրի սյան ճնշման ու մենիսկային ուժերի ազդեցությամբ հողի ծակոտիները լցվում են ջրով։ Երկրորդ փուլում ջրով հագեցած հողի ծակոտիներում հեղուկի շարժումը ընթանում է միայն ճնշման ուժի ազդեցությամբ։ Հողի ջրաթափանցելիությունը չափվում է հողի լայնակի կտրվածքով անցնող ջրի շարժման արագությամբ (մմ/ր, մմ/ժ, մ/վրկ)։ Բնական պայմաններում ներծծման և ծծանցման փուլերը դժվար է սահմանազատել միմյանցից։ Մելիորացվող հողերը ըստ ջրաթափանցման արագության բաժանվում են 3 խմբի. ուժեղ ջրաթափանց, երբ 1 ժամում ջուրը թափանցում է 150 մմ, միջակ՝ 50-150 մմ, թույլ՝ 50 մմ և պակաս խորություններ։ ՀՍՍՀ-ում բարձր հողի ջրաթափանցելիություն ունեն լեռնամարգագետնային, անտառային գորշ և դարչնագույն հողերը, բավարար՝ սևահողերը, միջակ՝ շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերի այն տարբերակները, որոնց հողային պրոֆիլը չունի ջրամերժ կարբոնատային ցեմենտացած հորիզոն։ Վատ՝ շագանակագույն կիսաանապատային գորշ հողերի կարբոնատային ցեմենտացած հորիզոններ ունեցող տարբերակներն ու սոդային աղուտ ալկալի հողերը։ Հողի ջրաթափանցելիությունը կանոնավորում են քիմիական մելիորացիայի (աղուտ ալկալի հողեր), մեխանիկական փխրեցման, վերին հորիզոնների ստրուկտուրայի բարելավման (ցեմենտացած կարբոնատային ջրամերժ հորիզոն ունեցող շագանակագույն և գորշ հողեր) միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։