Հեռուստատեսային անտենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռուստատեսային անտենաներ

Հեռուստատեսային անտենա, հեռուստատեսային կայանի ազդանշանների հաղորդումը և ընդունումը ապահովող անտենա։ Լինում են հաղորդիչ, ընդունիչ, մետրային և դեցիմետրային տիրույթի հեռուստատեսային անտենաներ։ Հաղորդիչ անտենաները կառուցվում են հորիզոնական սիմետրիկ մետաղե վիբրատորներից։ Այդպիսի անտենաների ուղղորդվածության դիագրամը հորիզոնական հարթության մեջ շրջանաձև է, իսկ ուղղաձիգ հարթության մեջ՝ տերևաձև։ Հաղորդիչ անտենաների մեջ առավել տարածվածը տուրնիկետային անտենան է։ Բարձր աշտարակների դեպքում ընդունված է հեռուստատեսային անտենաները տեղադրել աշտարակի գագաթի շուրջը որպես պանելների հավաքածու։

Ընդունիչ հեռուստատեսային անտենաները լինում են անհատական (դրսի կամ սենյակային) և կոլեկտիվ (միայն դրսի)։ Դրանք կարող են լինել միա կամ բազմանցուղի, ինչպես նաև լայնաշերտ։ Կոլեկտիվ անտենաները սովորաբար միաուղղորդված են և ունեն ուժեղացման մեծ գործակից։ Սենյակային անհատական հեռուստատեսային անտենան գործածվում է միայն հուսալի ընդունման գոտում։ Հեռուստակենտրոնից մեծ հեռավորության դեպքում, երբ ազդանշանը թույլ է, կիրառվում են դրսի միաուղղորդված անտենաներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 363