Հարուստները զվարճանում են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարուստները զվարճանում են, վիպակ, Մուրացանի՝ 1884 թվանանին գրված ստեղծագործություն։

Հարուստները զվարճանում են
Ժանրվիպակ
ՀեղինակՄուրացան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1884թ․
ԿերպարներՀեղինե-Ելենա, տիկին Բերնար, Սամվել Փուլշատյան, Մարգար, Սալոմե, Նինո, Շուշան, Անտոն, Հռիփսիմե, Եղիսաբեթ
ՀրատարակչությունՀայաստան
ՎիքիդարանՀարուստները զվարճանում են

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարուստները զվարճանում են» վիպակը ներկայցնում է մեծահարուստների ցուցադրանքին ու նկրտումներին զոհ գնացող միամիտ ու պարզ մարդկանց ճակատագրերը։ Վիպակը տպագրվել է «Նոր դար»-ում 1884 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարուստները զվարճանում են» պատմվածքի գլխավոր հերոսը՝ Հեղինեն, աղքատ արհեստավորի դուստր է. նա գավառից քաղաք է գալիս և աշխատանքի անցնում կարի մի արհեստանոցում։ Այդ գեղեցիկ աղջկան սիրո խոստումներով հրապուրում է հարուստ ու բարետես Սամվել Փուլշատյանը/Փողշատյան/: Նա կենակցում է աղջկա հետ, իսկ հետո հեռանում՝ նրան թողնելով բախտի քմահաճույքին՝ դրժելով իր հավաստիացումները նրա հետ ամուսնանալու մասին։ Պատմվածքում հեղինակն ընդգծում է, որ նման սրիկայության դեմ անզոր են ոչ միայն խաբված աղջկա աղաչանքն ու արցունքը, այլև հասարակական օրենքն ու արդարադատությունը։ Իրեն պատուհասված չարիքից հուսահատված Հեղինեն անպատիվ ապրելուց գերադասում է ինքնասպանություն գործել՝ նետվելով քաղաքի միջով անցնող Քուռ գետի ջրերի մեջ[2]։

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստները զվարճանալ են ուզում․ իրենք են իրավունքի և օրենքի տերերը, իրենք էլ բարոյականություն են տնօրինում ըստ իրենց կամքի։ Նրանք նաև բարոյագիտություն են ստեղծում, սրբագործում «պատվի» արժեքը, որպեսզի մեղադրեն բարոյազրկվածին՝ ծածկելով իրենց «պատիվը» անհատական իրավունքի պատրվակով։ Ազգային բարոյականությանն սպառնացող միակ չարիքը չէր այս․ այն, ինչ չի հանգչում ավանդական կենցաղի, չափավոր կեցության և զուսպ առաքինության վրա, ինքնին ենթադրում էր քամահրանք դեպի ազգային հոգեբանությունը[3]։ Քաղաքային կյանքի անմարդկային խառնաշփոթի մեջ հնարավոր չի լինում տարբերել զոհը զրպարտողից, առաքինությունը անբարոյականությունից[4]։ Մուրացանը չէր ընդունում հեղափոխական վերաշրջումը, նա ազգային գոյակցության հիմքը համարում էր եկեղեցին, ընտանիքը, ազգային ավանդույթներն ու սովորությունները։ Ազգային միասնության ավանդական կյանքի գաղափարներն որոշակի ուղղորդում են տվել նրա ստեղծագործությանը՝ դրան հաղորդելով բացահայտ միտումնավորություն[5]։ Գեղարվեստական պատկերացումներ են այստեղ ստացել ստորին խավը, ապա՝ վերնախավը։ «Հարուստները զվարճանում են» վիպակում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկվում հայ ապազգայնացնող վերնախավին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ. էջեր 82։.
  2. Մուրացան, Երկերի ժողովածու, Հատոր առաջին. Երևան: Հայաստան. 1975. էջեր 299-363։.
  3. Հայ նոր գրականության պատմություն, Հատոր չորրորդ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. 1972. էջեր 136։.
  4. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ. էջեր 85։.
  5. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ. էջեր 81-82։.
  6. Ա․ Տերտերյան (1971). Մուրացան. Երևան: ԵՊՀ. էջեր 171։.