Հայ բողոքականի ընտանիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ բողոքականի ընտանիքը
ԺանրՎիպակ
ՁևԱրձակ
ՀեղինակՄուրացան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1882
ԿերպարներԳրիգոր, Մարիամ, Մանիշակ, Աշոտ, Սարգիս, Ավետիք
ՎիքիդարանՀայ բողոքականի ընտանիքը

Հայ բողոքականի ընտանիքը, Մուրացանի վիպակներից, որը գրվել է 1882 թվականին։

Շարժառիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մուրացանի վկայության՝ այս վիպակը գրելու շարժառիթը «Մեղու» և «Մշակ» լրագիրների միջև ընթացող կրոնական պայքարն էր[1]

Գրիգոր Արծրունին, որ հայոց պատմության և անցյալի այբուբենին անտեղյակ էր և չէր ճանաչում այն ժողովուրդը, որի համար լրագիր էր հրատարակում, պնդում էր, թե եթե հայերի մեջ կրոնական աղանդները բազմանան, ազգությունը դրանից չի վտանգվիր․․․ Բայց մեր հին և նոր պատմության տեղյակ ո՞ր հայը չգիտե, թե կրոնական բաժանմունքները որքան թշվառություններ են բերել ազգի գլխին, որքան ընտանիքների մեջ գժտություն ու խռովություն են սերմանել․․․ և ահա այդ փաստերից մինը իմ վիպակի նյութը շինեցի - բաժանման կուսակից հրապարակախոսի և նրա համախոհների մոլորությունը երևան հանելու համար[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորը, ով զբաղվում էր ոսկերչությամբ և Մարիամը, ով որբացել էր մանուկ հասակում և, մեծացել մորեղբոր տանը, ընտանիք էին կազմել երիտասարդ հասակում, ունեին մեկ դուստր՝ Մանիշակը, և երեք որդի։ Ընտանիքը ապրում էր սիրո և համերաշխության մեջ։ Ամանորի երեկոյին Գրիգորը տուն է վերադառնում և իրենց տուն հյուրընկալում իր ընկերներին։ Պատրաստություն տեսնելու համար Մարիամին օգնում էին Մանիշակը և իր հասակակից ընկեր Աշոտը։ Աշոտը բոլորի կողմից հարգված և սիրված վարպետ Սարգիսի որդին էր։ Հյուրերի շարքում էր նաև վարպետ Սարգիսը, ով, նայելով երեխաներին, ժպտում էր։ Ընկերները, նկատելով Մանիշակին և Աշոտին, առաջարկում են, որ երբ մեծանան երեխաները, նրանց ամուսնացնեն։ Առաջարկը դուր է գալիս երկու ընկերոջը, ովքեր բաժակ են բարձրացնում այդ առթիվ։ Հյուրերի մեջ կար նաև Ավետիքը, ով լութերական էր։ Հավաքվածները, իմանալով այդ մասին, զգուշանում էին նրանից։ Ավետիքը, մտնելով խոսակցության մեջ, ասում է հետևյալը․

․․․ի՞նչ սովորություն է ձեր մեջ, երբ հավաքվում եք մի տեղ՝ ուրախանալու, երիտասարդների եք ամուսնացնում․․․ չի կարող լինել, որ մեծանան և հանկարծ իրար չսիրեն․․․[3]

Ավետիքի ասածը ոչ ոք չի ընդունում։ Ավետիքն առաջարկում է սկզբում «տիրոջը» հիշել, և բոլորը ոտքի կանգնելով աղոթում են, խաչակնքվում, սակայն ոչ ոք չի նկատում, որ Ավետիքն և իր ընկերը չեն խաչակնքվում։ Ընկերներից Համբարձումին ստեղծված միապաղաղությունը դուր չէր գալիս։ Ավետիքն էլ շարունակում էր խոսել պասից։ Ավետիքը փորձում է հեռացնել Համբարձումին։ Հյուրերը Համբարձումին տանում են առանձին սենյակ, որպեսզի քնի։ Համբարձումին այլևս ոչինչ չէր մնում անելու, քան քնելը, չնայած որ նկատել էր Ավետիքի միտումը։ Ընկերները միամիտ էին, և լութերականին հեշտությամբ հաջողվում է նրանց շեղել ճիշտ ճանապարհից։ Երեկոյի ավարտին Ավետիքը հյուրերին հրավիրում է հաջորդ օրը, իրենց տուն՝ ընթրիքի։ Մարիամը, նկատելով Ավետիքի մտադրությունը, խնդրում է Գրիգորին հեռու մնալ նմանատիպ զրույցներից։ Սակայն Գրիգորը չի լսում կնոջը։ Հաջորդ օրը Գրիգորը պատրաստվում է Ավետիքի տուն գնալ և դռան շեմին հանդիպում է Մարիամին։ Նա խնդրում էր, արտասվում, բայց ապարդյուն՝ ամուսինը կարևորություն չի տալիս խոսքերին։ Ընկերները, գրավվելով Ավետիքի ասածներից, նմանատիպ հանդիպումները և հավաքները դարձնում են պարբերաբար։ Այսպես շարունակվում է մի քանի տարի, ընտանեկան միջավայրը դառնում է ավելի միապաղաղ, կորցնում իր ուրախությունը և ջերմությունը։ Հավաքներից մեկի ժամանակ Ավետիքը առաջարկում է Գրիգորին իր ընտանիքին էլ հրավիրել իրենց քննարկումներին։ «Եղբայրներից» մեկն էլ ավելացնում է, թե իր կինը հեշտությամբ չի համոզվել և ինքը ուժ է գործի դրել և խորհուրդ է տալիս դա նաև մնացածին։ Գրիգորին այս ամենը անհնարին է թվում, որովհետև Մարիամը նվիրված էր եկեղեցուն՝ մասնակցում էր բոլոր պատարագներին։ Գրիգորը այս անգամ տուն է մտնում սովորականից ավելի ուրախ, զրույցը նպատակին հասցնելու համար։ Գրիգորը ժպիտով հայտնում է, որ ընտանիքի առօրյան ուզում է փոխել և առաջվանը դարձնել և ցանկանում է այս մասին Մարիամի հետ առանձին խոսել։ Մանիշակի համար այս լուրով երջանկության բոլոր դռները բացվեցին։ Վերջերս նա չէր շփվում աղջիկների հետ, որովհետև նրան լութերական էին կոչում։ Մանիշակը միայն Աշոտի հետ էր հանդիպում, և կիսվում նրա հետ։ ճաշից հետո Գրիգորը հայտնում է իր մտադրությունը՝ ասելով, որ կարևոր է նաև հոգու փրկությունը։ Եվ հանդիպելով Մարիամի առարկությանը՝ Գրիգորը հետզհետե դիմում է իր «եղբայրների» խորհուրդին՝ այնուամենայնիվ դիմել ուժի գործադրմանը։ Մանիշակի թվացյալ երջանկության դռները փակվում են։ Ողջ օրը հայրը հանդիմանում էր, ծեծում։ Դուստրը փորձում էր պաշտպանել մորը հարվածներից, սակայն Գրիգորը անխնա հարվածներ էր հասցնում նաև իրեն։ Մի անգամ էլ դստերը միջամտության համար հայրը դուրս է անում տանից՝ դուռը փակելով վրան։ Ցուրտ ձմռանը, ողջ գիշեր Մանիշակը մնում է դրսում։ Առավոտյան հարևան վարպետ Սարգիսի կինը՝ Խաթունը, պատարագի շտապելիս նկատում է հարևանի վառվող ճրագը և մոտենում դարպասին, որտեղից լսվում էր հեկեկոց։ Ուժեղ թակում է դուռը, և հանդիպելով ներսում ամբողջ մարմնով սառած աղջկան, հասկանում եղելությունը։ Միասին սկսում են թակել դուռը Մարիամին և երեխաներին օգնության հասնելու համար։ Արձագանք չստանալով՝ շտապում են պատարագի։ Բակում ժողովված պատարագի մասնակիցներին Խաթունը պատմում է, թե ինչ է կատարվում համագյուղացիներից մեկի տանը, և ժողովրդին ժողովվելով՝ գնում Գրիգորի տուն։ Հասնելուն պես բոլորը, բռունցքները թափահարելով օդում, կոտրում են դուռը։ Նրանց առջև բացվում է մի սարսափելի տեսարան։ Տան անկյունում հոսող արյունը դեմքին պառկած էր Մարիամը, հեկեկում էր անզորությունից, անկողնում հիվանդ նստած լալիս էր որդին, իսկ մյուս երկու փոքրիկները վախից անցել էին սենյակի մյուս ծայր և չէին համարձակվում ձայն հանել։ Որոշում են Մարիամին և երեխաներին տեղափոխել հարևանի տուն, որպեսզի լինեն Խաթունի և վարպետ Սարգիսի հսկողության և խնամքի ներքո, իսկ Գրիգորին հանձնում են արդար դատի վճռին։ Կաշառքով Գրիգորին բաց են թողնում, ով վերադառնում է իր «եղբայրների» մոտ։ Խրախուսելով Գրիգորին՝ ասում են, որ նրա հոգին այսուհետ պատրաստ է «տիրոջ» արքայություն մտնելուն։ Այս ամենից հետո Գրիգորը այլևս չի հետաքրքրվում իր ընտանիքի վիճակով։ Մարիամն անդադար զառանցում էր, Մանիշակը մրսել էր, ծայրահեղ ծանր վիճակում պառկած էր անկողնում, իսկ հիվանդ որդին տառապում էր քաղցկեղով, երեքն էլ ութ օր սխալ բուժում ստանալու պատճառով մահամերձ էին և այլևս հույս չկար։ Հաջորդ օրը երեքն էլ մահացան, ողջ գյուղում տարածվել էր լուրը, և բոլորը սգում էին։ Պատահականությամբ լուրը հասնում է նաև Գրիգորին, ով, հասկանալով իր մեղավորությունը, մյուս երկու որդիներին որբ թողնելով, ինքնասպան է լինում։ Մարիամին ու երեխաներին թաղելուց հետո՝ գյուղացիները տանը տեսնում են մահացած Գրիգորին և նրան նույնպես հանձնում նույն գերեզմանին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ նոր գրականության պատմություն (1972). Հատոր չորրորդ. Երևան: Հայկական ՍՍհ ԳԱ հրատարակչություն. էջեր 132։.
  2. Մուրացան. Երկերի ժողովածու, հատոր 7. էջեր 137-138։.
  3. 3,0 3,1 Մուրացան (1975). Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան: Հայաստան. էջեր 5-79։.