Jump to content

Հայկական պարեր (սյուիտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Ռիդ, «Հայկական պարեր»(մաս 1), հատված նոտաներից

Հայկական պարեր, երաժշտական ստեղծագործություն, որը հեղինակել է ամերիկացի կոմպոզիտոր Ալֆրեդ Ռիդը (1921–2005): Այն 4 մասից բաղկացած սյուիտ է։ Յուրաքանչյուր հատված կազմված է մի շարք հայկական ժողովրդական երգերից՝ Կոմիտաս Վարդապետի (1869–1935) ժողովածուից։

Հայկական պարեր (մաս I), առաջին մասը Ալֆրեդ Ռիդն ավարտել է 1972 թվականի ամռանը։ Առաջին անգամ կատարել Իլինոյսի համալսարանի սիմֆոնիկ նվագախումբը 1973 թվականի հունվարի 10-ին։ Գործը նվիրված է այդ համույթի ղեկավար դոկտոր Հարրի Բեգյանին: Ներառում է հինգ առանձին բաժիններ.

  • 1․Ծիրանի ծառ[1], սկսվում է կարճ փողային նվագակցությամբ և ապա անցում կատարվում փայտե փողային նվագարանների կատարման։ Այս սենտիմենտալ երգը բաղկացած է երեք միաձույլ մեղեդիներից.
  • 2․ Կաքավի Երգը[2], Կոմիտաս Վարդապետի ինքնատիպ ստեղծագործությունն է, ունի պարզ մեղեդի, որը սկզբում հոբոյով և փայտե փողային նվագարաններով է կատարվում, ապա շարունակվում շեփորներով և այլ փողայիններով։ Նրա պարզ, նուրբ մեղեդին նախատեսված է մանկական երգչախմբի համար և խորհրդանշում է կաքավիկ թռչնի փոքրիկ քայլերը։
  • 3․ Հոյ, նազան իմ[3], սա աշխույժ պար է, մեղեդու չափը՝ 5/8 է։ Տակտի մեջ նոտաները անընդհատ փոխվում են 3+2 ութերորդականից մինչև 2+3 ութերորդական նոտա։ Այս երգում երիտասարդ տղան երգում է իր սիրելիի՝ Նազան անունով աղջկա գովքը։
  • 4․Ալագյազ[4], Հայաստանի լեռներից մեկի անունով ժողովրդական երգը 3/4 չափով վեհաշուք երգ է. այն ծառայում է որպես հակադրություն իրեն նախորդած և հաջորդ ուրախ երգերի։
  • 5․Գնա, գնա[5], շատ արագ, սքանչելի կատակերգ՝ 2/4 չափով, այն զարգանում է՝ ծավալվելով մինչև այս մասի հուզիչ ավարտը։

«Հայկական պարեր»(Մաս II). այս մասը նույնպես նվիրված է դոկտոր Հարրի Բեգյանին, առաջին անգամ ներկայացվել է 1976 թվականի ապրիլի 4-ին, Իլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում, Իլինոյսի համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր՝ դոկտոր Բեգյան։ Երկրորդ մասը բաղկացած է երեք բաժնից, որոնցից յուրաքանչյուրը հիմնված է մեկ հայկական ժողովրդական երգի վրա։

1․Հով արեք, սարեր ջան[6], սա քնարական երգ է, որտեղ մի երիտասարդ աղաչում է սարերին, որ քամի ուղարկեն՝ ազատելու իրեն դժբախտություններից։ Դա խորապես հուզիչ երգ է, որտեղ նուրբ մեղեդիական գիծն ընդգրկում է արտահայտչական լայն շրջանակ։ Դոկտոր Ռիդը նշել է նաև "The Peasant's Plea վերնագիրը, որը թարգմանվում է որպես «Գյուղացիների խնդրանքը»։

2.Խումար[7]Խումարը կնոջ հայկական անուն է։ Այս երգն ի սկզբանե գրվել է երգչախմբի, սոպրանոյի համար՝ Կոմիտաս Վարդապետի կողմից։ Այս աշխույժ, թեթեւ պարերգում պատկերված է հայկական գյուղական ուրախ տեսարան, որտեղ երկու երիտասարդ հանդիպում են, սիրահարվում և ամուսնանում։ Այս երգին բնորոշ են կենսական ռիթմիկ ձևավորումներ։ Դոկտոր Ռիդը այս երգը ենթավերնագրել է որպես «Հարսանեկան պար»(Wedding dance):

3․Լոռվա հորովել[8], այս երգի բնօրինակ երաժշտությունն ունի բարդ իմպրովիզացիոն մեղեդի, որը մանրամասնորեն ուսումնասիրվել է Կոմիտաս Վարդապետի կողմից։ Իր հարուստ ռիթմիկ և մեղեդային կառուցվածքով այն բացահայտել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից եկող երաժշտական տարրեր։ Հորովելը կամ գութաներգը հայ մշակի ավանդական երգն է, որը երգվել է գութանով վար անելիս, գութանին լծված անասուններին ոգևորելու, աշխատանքը խթանելու համար։ Հայ գյուղացին այս երգերում արտահայտել է նաև իր հույզերն ու ապրումները։ Հորովելում հնչող արտահայտությունները կրկնվում են երգի մեղեդու, ռիթմիկ և ինտերվալային կառուցվածքի ողջ ընթացքում։ Ալֆրեդ Ռիդը այն ենթավերնագրել է «Երգեր Լոռուց»(Songs from Lori)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Program Note by Alfred Reed, from the scores to Armenian Dances (Part I) and Part II
  • Historical Note by Dr. Violet Vagramian, Florida International University, from the scores to Armenian Dances (Part I) and Part II

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]