Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված28.06.2010
ՆպատակներԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից տուժած անձանց շահերի պաշտպանություն և ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովում
Գործադիր տնօրենՎաղինակ Եղիազարյան
Վերադաս կազմակերպությունՀՀ կենտրոնական բանկ
Անձնակազմ27
ՀիմնադիրՀՀ կենտրոնական բանկ
Կայքappa.am
Նախկին անվանում(ներ)"Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" իրավաբանական անձանց միություն

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո, ապահովագրական ոլորտում գործող հասարակական կազմակերպության կազմակերպական-իրավական ձև ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնակարգավորվող կազմակերպություն է, որին անդամակցում են ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկը։

Բյուրոն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2010 թվականի հունիսի 28-ին «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա[1]։

Բյուրոյի գործունեության նպատակը ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը։

Բյուրոյի կառավարման մարմիններն են անդամների ընդհանուր ժողովը, խորհուրդը և գործադիր տնօրենը։ Բյուրոյի խորհրդի կազմում ընդգրկված են ապահովագրական ընկերությունների 3 ներկայացուցիչներ, մեկ ներկայացուցիչ Կենտրոնական բանկից, մեկ ներկայացուցիչ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից և մեկական ներկայացուցիչներ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից[փա՞ստ]։

Իր գործունեության ընթացքում Բյուրոն ունեցել է չորս գործադիր տնօրեն՝ Վահան Ավետիսյանը (2010-2012 թթ, 2015-2020 թթ)[2], Աննա Վարդիկյանը (2012-2013 թթ), Միսակ Բաբաջանյանը (2013-2015 թթ) և Վաղինակ Եղիազարյանը (2020թ.-ից մինչև այսօր)։

Բյուրոյի կազմում գործում է նաև Երաշխավորման ֆոնդ և Տեղեկատվական համակարգ։ Երաշխավորման ֆոնդը ձևավորվում է ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունների վճարների հաշվին և ստեղծվել է, որպեսզի դրա հաշվին հատուցվեն տուժողներին պատճառված վնասները այն դեպքերում, երբ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է (այս դեպքում հատուցվում են միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները), կամ վնասը պատճառվել է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցով, կամ վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցով. կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Ընտրվել է Բյուրոյի նոր գործադիր տնօրեն(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]