Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, բնականոն գործունեությունը ապահովող պետական կառավարչական հիմնար[1]:Աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բագրևանդի 5[1]։

Համաձայն ՀՀ ՊՆ Կանոնադրության, ՀՀ ՊՆ աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։ Աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ՀՀ ՊՆ Կանոնադրության հիման վրա[1]։

Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող[1]։

Նպատակներ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը` օրենքներով, այլ իրավական ակտերով, ՀՀ ՊՆ Կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ աշխատակազմի կառուցվածքում ներառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նրա կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է նախարարը։ Նախարարության աշխատակազմն աջակցում է նախարարության աշխատակազմից դուրս` կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը։ Նախարարության աշխատակազմի կառուցվածքը հետևյալն է[1].

  1. Քարտուղարություն
  2. Վերահսկիչ վարչություն
  3. Ֆինանսական տեսչական վարչություն
  4. Վարչատնտեսական վարչություն
  5. Տեղեկատու վերլուծական բաժին
  6. Կոլեգիայի աշխատանքների կազմակերպման բաժին
  7. Ներքին անվտանգության բաժին
  8. Զինանշանագրային բաժին

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է նախարարը` օրենքով և ՀՀ ՊՆ կանոնադրությամբ վերապահված իր իրավասությունների սահմաններում[1]։

Աշխատակազմի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը։ Աշխատակազմի ղեկավարն օրենքով, ՀՀ ՊՆ կանոնադրությամ, այլ իրավական ակտերով և նախարարի հրամաններով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, ՀՀ ՊՆ կանոնադրության պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար[1]։

Նախարարության աշխատակազմի ղեկավարը[1].

  1. առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
  2. օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և ՀՀ ՊՆ կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
  3. իր իրավասության սահմաներում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
  4. օրենքով, ՀՀ ՊՆ կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
  5. օրենքով, այլ իրավական ակտերով և ՀՀ ՊՆ կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.
  6. կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
  7. վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
  8. իր իրավասության սահմաններում նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.
  9. ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
  10. կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
  11. իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և ՀՀ ՊՆ կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]