Հաղորդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաղորդակ, մեքենաները կամ մեխանիզմները գործողության մեջ դնող հարմարանք։ Բաղկացած է էներգիայի աղբյուրից, էներգիան (շարժումը) հաղորդող մեխանիզմից և կառավարման ապարատուրայից։ էներգիայի աղբյուր է ծառայում շարժիչը (ջերմային, էլեկտրական, պնևմատիկ, հիդրավլիկական են) կամ նախապես կուտակված մեխանիկական էներգիան վերադարձնող հարմարանքը (զսպանակային, իներցիոն մեխանիզմ և այլն)։ Երբեմն հաղորդակը իրագործվում է մկանային ուժի հաշվին (օրինակ, ձեռքի կարապիկներում, արիֆմոմետրերում, կարի մեքենաներում, հեծանիվներում)։ Ըստ էներգիայի բաշխման բնույթի տարբերում են խմբային, անհատական և բազմաշարժիչ հաղորդակներ։ Խմբային հաղորդակում մեկ շարժիչից շարժումը հաղորդվում է աշխատանքային մեքենաների կամ մեխանիզմների խմբին մեկ կամ մի քանի տրանսմիսիայով։ Տեխնիկական անկատարելության հետևանքով խմբային հաղորդակին դուրս է մղել անհատական հաղորդակից, որում յուրաքանչյուր աշխատանքային մեքենա ունի փոխանցումով սեփական շարժիչ։ Այս հաղորդակը հնարավորություն է տալիս աշխատել պտտման առավել շահավետ հաճախականություններով, կատարել մեքենայի արագ գործարկում ու արգելակում, իրագործել շարժման ռևերսը։ Բազմաշարժիչ հաղորդակում մեքենայի առանձին աշխատանքային օրգանները շարժման մեջ են դրվում ինքնուրույն շարժիչով՝ իրենց փոխանցման համակարգի միջոցով։ Այդ հաղորդակը հնարավորություն է ընձեռում ստանալ մեքենայի կոմպակտ կառուցվածք, կիրառել ավտոմատ կառավարում։ Ըստ նշանակման մեքենայի հաղորդակի լինում է ստացիոնար (անշարժ տեղադրված շրջանակի կամ հիմքի վրա), փոխադրովի (օգտագործվում է շարժվող աշխատանքային մեքենաներում), տրանսպորտային (կիրառվում է զանազան տրանսպորտային միջոցներում)։ Ստացիոնար հաղորդակներից առավել տարածված է էլեկտրականը, որտեղ մեխանիկական էներգիայի աղբյուր է ծառայում էլեկտրաշարժիչը։ Փոխադրովի աշխատանքային և տրանսպորտային մեքենաներում գլխավորապես օգտագործվում են ջերմային շարժիչներ (անմիջական մեխանիկական կամ էլեկտրական փոխանցումով)։ Արտադրության մեջ կիրառվում են նաև մեքենաների հիդրոհաղորդակ և պնևմոհաղորդակ, որում սեղմված օդի կոմպրեսորի արտադրած էներգիան պնևմոշարժիչների միջոցով փոխակերպվում է մեխանիկական էներ գիայի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 79 CC-BY-SA-icon-80x15.png