ՀՆԱ և նրա բաղադրիչները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն) մեկ տարվա (կամ այլ ժամանակահատվածի) կտրվածքով երկրի ամբողջ պատրաստի արտադրանքի և ծառայությունների շուկայական արժեքն է։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն հաճախ դիտարկվում է որպես երկրում կենսամակարդակի ցուցանիշ։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն անհատական եկամտի ցուցանիշ չէ։ Ըստ տնտեսագիտական տեսության Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն հավասար է համախառն ներքին եկամտին (ՀՆԵ)։ ՀՆԱ-ն կապված է ազգային հաշիվների հետ և հանդիսանում է մակրոտնտեսական առարկա։ Այն չպետք է շփոթել Համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) հետ, որը բաշխում է արտադրանքը ըստ սեփականության։ ՀՆԱ-ն առաջին անգամ մշակվել է Սիմոն Կուզնեցի կողմից 1934 թ․ԱՄՆ Կոնգրեսի համար։ Այս հաշվետվությունում Կուզնեցը նախազգուշացնում է, որ այն չպետք է օգտագործվի որպես բարեկեցության չափորոշիչ։ 1944 Բրետոն Վուդզի կոնֆերանսից հետո ՀՆԱ-ն դարձավ երկրի տնտեսության չափման հիմնական գործիք։ ՀՆԱ-ն կարող է որոշվել երեք եղանակով, որոնք սկզբունքորեն պիտի նույն արդյունքին հանգեցնեն։ Այդ եղանակներն են․ 1. Արտադրական եղանակը, 2. Եկամտի եղանակը, 3. Ծախսերի եղանակը։ Նշված երեքից առավել ուղղակին արտադրական մոտեցումն է, ըստ որի ընդհանուրին հանգում են ձեռնարկությունների յուրաքանչյուր դասի արտադրանքներն իրար գումարելով։ Ծախսային եղանակի հիմքում ընկած է այն սկզբունքը, որ բոլոր արտադրանքները պետք է որևէ մեկի կողմից գնվեն, հետևաբար ընդհանուր արդյունքի արժեքը պիտի հավասար լինի մարդկանց՝ գնումների վրա արված բոլոր ծախսերի գումարին։ Եկամտային եղանակը հիմնվում է այն սկզբունքի վրա, որ արտադրական գործոններից (Համախառն արտադրողների) եկամուտը պետք է հավասար լինի այդ արտարանքի արժեքին, և որոշում է ՀՆԱ-ն իրար գումարելով արտադրողների եկամուտները։ Օրինակ․ Ծախսերի եղանակը․ ՀՆԱ = Մասնավոր սպառում + Համախառն ներդրումներ + պետական ծախսումներ + (Արտահանում − Ներմուծում), կամ GDP = C + I + G + ( X - M ) ՀՆԱ-ն (Y) Սպառման (C), Ներդրումների (I), Պետական ծախսերի (G) և զուտ արտահանման (X – M) Գումարն է։ Y = C + I + G + (X − M) Ահա յուրաքանչյուր բաղադրիչի նկարագրությունը։ C – Սպառումը սովորաբար ՀՆԱ ամենամեծ բաղադրիչն է, որը բաղկացած է տնտեսության մասնավոր հատվածի (տնային տնտեսությունների սպառման համար նախատեսված) ծախսերից։ Այս անհատական ծախսերը սովորաբար դասակարգվում են երկարաժամկետ օգտագործման ապրանքների, կարճաժամկետ օգտագործման ապրանքների և ծառայությունների։ Օրինակ են հանդիսանում մթերքը, վարձավճարը (ռենտան), զարդերը, վառելիքը, բժշկական ծախսերը։ Մասնավոր ծախսերը չեն ներառում անշարժ գույքի գնումները։ I (Ներդրումները) ներառում են, օրինակ, սարքավորումների մեջ ձեռնարկատիրական ներդրումները, բացառությամբ առկա ակտիվների փոխանակումը։ Օրինակները ներառում են նոր հանքատարածքների շինարարությունը, համակարգչային ծրագրերի գնումները, մեքենաների և արտադրական սարքավորումների գնումը գործարանների համար և այլն։ Տնային տնտեսությունների կողմից նոր բնակավայրերի գնման վրա իրականացված ծախսերը նույնպես դասվում են ներդրումների շարքին։ Ի հակադրություն իր բառացի նշանակության, ներդրում չեն համարվում ֆինանսական գործիքներում իրականացված ներդրումները։ Ֆինանսական գործիքների գնումները համարվում են խնայողություններ՝ հակառակ ներդրումներին։ Այս մոտեցումը բացառում է կրկնակի հաշվառումը։ Երբ անձը գնում է ընկերության բաժնետոմսեր, և ընկերությունն օգտագործում է ստացված միջոցները արտադրամաս, սարքավորում և այլն գնելու նպատակով, գումարը կհաշվառվի ՀՆԱ-ում միայն երբ ընկերությունը ծախսի գումարը այդ գնումների վրա․ եթե գումարը հաշվառվեր երբ անձն այն հանձներ ընկերությանը, ապա կստացվեր միևնույն գումարի կրկնակի հաշվառում, երբ այն համապատասխանում է միայն մեկ ապրանքային խմբի։ Պարտատոմսերի և բաժնետոմսերի գնումը ապագա արտադրանքի նկատմամբ իրավունքների փոխանակում է, և չի համարվում արտադրանքի վրա ծախս։ G (Պետական ծախսումները) պատրաստի արտադրանքի վրա պետության կատարած ծախսումներն են։ Դրանք չեն ներառում տրանսֆերային վճարումներն, ինչպիսիք են սոցիալական ապահովության կամ գործազրկության նպաստները։ X (Արտահանումը) ներկայացնում է համախարն արտահանումը։ ՀՆԱ-ն ներառում է այն գումարը, որ երկիրն արտադրում է, ներառյալ այլ երկրների սպառման համար նախատեսված ապրանքներն ու ծառայությունները։ Հետևաբար արտահանումը գումարվում է արդյունքին։ M (Ներմուծումը) ներկայացնում է համախառն ներմուծումը։ Ներմուծումը հանվում է արդյունքից, քանի որ ներմուծված ապրանքները ներառված են մասնավոր, ներդրումային և պետական սպառման (G, I, կամ C) մեջ, և հետևաբար արդյունքը պետք է նվազեցվի արտասահմանյան մատակարարման չափով, որպեսզի մնա միայն հայրենական արդադրանքը։ ՀՆԱ-ի համարժեք սահմանում է նաև վերջնական սպառման ծախսերի (final consumption expenditure (FCE)), համախառն կապիտալի ձևավորման (gross capital formation (GCF)) և զուտ արտահանման (X – M) գումարը։ Y = FCE + GCF+ (X − M) FCE։ Վերջնական սպառման ծախսերը հետագայում կարող են բաժանվել երեք հատվածների՝ մասնավոր, պետական և տնային տնտեսություններին ծառայող հասարակական կազմակերպությունների։ Իսկ GCF-ը (համախառն կապիտալի ձևավորումը) կարող է բաժանվել 5 սեկտորի՝ ոչ ֆինանսական ձեռնարկություններ, տնային տնտեսություններ, տնային տնտեսություններին ծառայող պետական և հասարակական ընկերություններ։ Հարկավոր է նշել, որ C-ն, G-ն, և I-ն ծախսեր են վերջնական արտադրանքի և ծառայությունների վրա, միջանկյալ բարիքներն ու ծառայությունները չեն հաշվառվում։ (միջանկյալ բարիքներն ու ծառայությունները նրանք են, որոնք օգտագործվում են ձեռնարկությունների կողմից այլ բարիքներն ու ծառայություններ արտադրելու նպատակով հաշվապահական տարվա ընթացքում։