Jump to content

ՀՀ բանկեր և դրամավարկային քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ բանկեր և դրամավարկային քաղաքականություն. 1991 թվականի դեկտեմբերին նորանկախ ՀՀ ազգային բանկի գործառույթները դրվել են ՀՀ պետական բանկի վրա՝ շրջանառու արժույթը թողնելով խորհրդային ռուբլին։ 1993 թվականի սեպտեմբերին նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների և ՌԴ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև՝ երկկողմանի համաձայնագիր, սակայն դրանք չեն իրագործվել։ Ավելին, ՀՀ-ն խորհրդային ռուբլու շրջանառության գոտում մնացած նախկին հանրապետություններից վերջինն էր և հայտնվել էր անկանխատեսելի վտանգի առջև, զրկվել ինքնուրույն ֆինանսական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից։ Այդ ճգնաժամը հաղթահարելու նպատակով ՀՀ Գհյ-ի որոշմամբ հոկտեմբեր 13-ին ստեղծվել է դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով [ՀՀ Գհյ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Տ. Սարգսյան, Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ՝ Ի. Իսահակյան, ֆինանսների նախարար՝ Լ. Բարխուդարյան], որի 1993 թվականի նոյեմբերի 19-ի համար 15 որոշմամբ ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը։ ԿԲ-ի ոսկու և արտարժույթի պահուստներն այդ ժամանակ կազմել են ընդամենը 500 հազար դոլար։ 1993 թվականի ապրիլին ընդունվել է «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով ազգային բանկը վերանվանվել է ՀՀ ԿԲ-ի, նախագահ է նշանակվել Իսահակ Իսահակյանը, որը պետական բանկը կառավարում էր դեռևս 1986 թվականից (1994-1998 թվականներին՝ Բագրատ Ասատրյան, 1998-2008 թվականներին՝ Տիգրան Սարգսյան, 2008 թվականից՝ Արթուր Ջավադյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։