Կուտակային կենսաթոշակային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուտակային կենսաթոշակային համակարգ, պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի կամ այլ անձի կողմից մասնակցի օգտին կատարվող վճար։ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականի հունվարի 1-ից։

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 1-ից՝ բնակչության ծերացման, ծնելիության անկման, պետական ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով և կենսաթոշակառուներին պատշաճ կենսաթոշակով ապահովելու նպատակով Հայաստանում ներդրվել է երկու նոր՝ կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչներով համակարգ։ Իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված բազմաստիճան կենսաթոշակային համակարգը բաղկացած է 4 աստիճաններից․

  • 0-ական աստիճան՝ սոցիալական կենսաթոշակ է տրամադրվում այն անձանց, ովքեր չունեն օրենքով սահմանված նվազագույն ստաժ կամ ճանաչվել են հաշմանդամ կամ կորցրել են կերակրողին։ Այս բաղադրիչի հիմնական նպատակը աղքատության հաղթահարումն է։ Սոցիալական կենսաթոշակները ֆինանսավորվելու են Հայաստանի պետական բյուջեից։
  • 1-ին աստիճան՝ աշխատանքային կենսաթոշակ է տրամադրում այն անձանց, ովքեր ունեն պահանջվող նվազագույն ստաժ և բոլորել են 63 տարեկանը կամ ճանաչվել են հաշմանդամ կամ կորցրել են կերակրողին։ Աշխատանքային կենսաթոշակները ևս ֆինանսավորվելու են Հայաստանի պետական բյուջեից։ Օրենքով սահմանված նվազագույն ստաժ ունենալու դեպքում աշխատանքային կենսաթոշակ կվճարվի նաև կուտակային բաղադրիչի մասնակիցներին։
  • 2-րդ աստիճան կամ կուտակային բաղադրիչ՝ կենսաթոշակ կվճարվի կուտակային բաղադրիչի մասնակիցներին (այն անձանց, ովքեր կատարել են սոցիալական վճարներ)։
  • 3-րդ աստիճան կամ կամավոր կենսաթոշակային բաղադրիչ՝ կվճարվի կամավոր կուտակային կենսաթոշակ[1]։

Կուտակային բաղադրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝

ա) վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք,

բ) նոտարները,

գ) անհատ ձեռնարկատերերը։

դ) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ։

Մասնակիցների համար կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով՝ 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից։

Զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք՝ անկախ տարիքից, կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներ չեն[2]։

Կամավոր բաղադրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ տարիքից և անկախ այն հանգամանքից, որ նա պարտադիր կուտակային և բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե ոչ։ Կատարելով կամավոր կուտակային վճարներ, անձը ձեռք է բերում լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք։ Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաև գործատուները` այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որևէ կենսաթոշակային սխեմայի[3]։

Կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներն իրականացնում են կենսաթոշակային համակարգերի արմատական կամ մասնակի բարեփոխումներ, որոնք կարելի է խմբավորել ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

  • Կենսաթոշակային պետական համակարգի արմատական վերակառուցում։ Այս ուղղությունը հիմնականում իրականացվել է այսպես կոչված «Չիլիական մոդելով»։ Ըստ այս ուղղության, պետությունը պետք է հոգ տանի միայն աղքատ և խոցելի բնակչության մասին՝ ապահովելով այդ խավերը նպատակային ծերության նվազագույն կենսաթոշակով։ Հասարակության կենսունակ խավերը պարտավոր են ինքնուրույն ապահովել իրենց (և իրենց հարազատների) ծերությունը՝ խնայողություններ կատարելու միջոցով։
  • Կենսաթոշակային պետական համակարգի «բեռնաթափում»։ Ըստ այս ուղղության,  պետությունը պետք է հոգ տանի մեծահասակների կյանքի որակի բարելավման և առողջության պահպանման համար՝ նպաստելով նրանց աշխատունակ տարիների ավելացմանը։
  • Կենսաթոշակային պետական համակարգին զուգահեռ մասնավոր կենսաթոշակային ծրագրերի ներդրում։ Այս ուղղության գաղափարական հիմքերը նման են առաջինին, միայն այն տարբերությամբ, որ պետությունը ցածր պահելով պետական կենսաթոշակների մակարդակը, խթանում է բնակչության մասնակցությունը մասնավոր կենսաթոշակային սխեմաներում։
  • Կենսաթոշակային պետական համակարգի հիմքերի վրա նոր բազմաստիճան համակարգի ձևավորում։ Գաղափարը հետևյալն է. հասարակության բոլոր անդամները վտանգված են անաշխատունակության հետ կապված առնվազն մեկ դեպքի՝ ծերության։ Հասարակության որոշակի մասը վտանգված է մինչև կենսաթոշակային տարիքը աշխատունակության կամ այլ դժբախտ դեպքերի։ Ուստի վտանգները, որոնք սպառնում են հասարակության անաշխատունակ անդամներին պետք է հնարավորինս տարանջատվեն և տարբերակված կերպով կառավարվեն[4]։

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Արցախի կենսաթոշակային ապահովության ոլորտները գործելով միևնույն օրենսդրական դաշտում Արցախի կառավարության 2019 թ. նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագիրը։ Արցածի Հանրապետությունում օրենքի անցումային դրույթներով պայմանավորված՝ մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարները կազմում են անձի ամսական եկամտի 2.5 %-ը և պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից՝ 7.5 %-ը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն, Կենսաթոշակային բարեփոխումներ. Հանրային իրազեկում. էջ 8.
  2. ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին
  3. Կամավոր կուտակային կենսաթոշակներ. էջեր 7–8. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  4. 114 հարց ու պատասխան Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ.
  5. Կուտակային կենսաթոշակների մասին ԱՀ օրենք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]