Կոնսիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնսիլեր

Կոնսիլեր, քողարկող միջոց, շտկիչ։ Կոնսիլերը քողարկում է դեմքի մանր թերությունները, պիգմենտային բծերը, բշտիկները, կարմրությունները, աչքերի շուրջ առաջացած շրջանակները, միմիկական կնճիռները։ Այս միջոցը չի վերացում մաշկային թվարկված խնդիրների պատճառները, բայց օգնում է արագ և արդյունավետ քողարկել դրանք։ Ներկա ժամանակներում կոսմետոլոգիայի շուկայում հայտնի և առաջատար ֆիրմաները արտադրում են կոնսիլերներ, որոնց բաղադրության մեջ մտնում են պիգմենտային բծերը գունաբացող, ակնեն չորացնող նյութեր, ինչպես նաև վիտամիններ, հակաօքսիդանտներ։

Կոնսիլերը քսում են խնդիր ունեցող հատվածներին՝ «կետային» ձևով (հիմքը քսելուց հետո, բայց նախքան տոնային քսուկը), մաշկի վրա տարածում են մատներով և ստվերագծում վրձնիկով կամ խոնավ սպունգով[1]։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քողարկող միջոցների տարբեր արտադրատեսակներ նախատեսված են տարբեր նպատակների համար՝

- փոքր բշտիկները կոկիկ գուներանգելու համար ամենալավը կոնսիլեր-մատիտն է (այդ թվում՝ հակամանրէական),

- հեղուկ կոնսիլերը կարող է կիրառվել ինչպես կետային, այնպես էլ որպես տոնային քսուկի հիմք՝ օգտագործելով վրձին կամ սպունգ։ Սա լավագույնն է մաշկի բարակ հատվածները (օրինակ՝ աչքերի շուրջ) քողարկելու համար կամ եթե մաշկը որոշակիորեն չոր է և զգայուն,

- կոնսիլեր-փայտիկի պարբերաչափը որոշելն ամենաբարդն է։ Այն նախատեսված է մեծ հատվածներ թարմացնելու և փայլատելու համար, առավելապես հարմար է նրանց, ում մաշկը յուղոտ է, պրոբլեմային, ինչպես նաև՝ պիգմենատային բծեը, պեպենները, լայնացած ծակոտկենները քողարկելու համար։ Այս կոնսիլերով նուրբ, «ոսկերչական» աշխատանք հնարավոր չէ անել, փոխարենը այն երկար է պահպանվում և մաշկը ավելի հոծ է ծածկում,

- կոնսիլեր-քսուկ, սովորաբար վաճառվում է պալետկայի ձևով, մի քանի գունային երանգներով։ Այն մաշկի վրա տարածում են սպունգով կամ վրձինով։ Այնպիսի կոնսիլերը կարելի է օգտագործել ինչպես աչքերի շուրջ, այնպես էլ դեմքի այլ հատվածներին քսելու համար։ Սա ունիվերսալ արտադրատեսակ է,

- դիմափոշի-կոնսիլերը փխրուն է։ Ավելի հաճախ կոնսիլերի այս տեսակը ներկայացվում է որպես հանքային կոսմետիկա։ Քսվում է վրձնով։

Գույները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ (անանուխ) շտկիչը չեզոքացնում է կարմիր գույնը, իսկ դա նշանակում է՝ օգնում է քողարկել դեմքի բորբոքված և կարմրած հատվածները։ Անոթներից բացի, կանաչ շտկիչով հարմար է քողարկել փոքրիկ կարմիր բծերը և ոչ մեծ բշտիկները, ինչպես նաև թեթևակի այտուցված աչքերի կարմրաերանգ շրջանակները։

Սառը դեղինը (մանուշակագույնի հակադիրը) գերազանց քողարկում է աչքերի տակի կապտավուն/մանուշակագույն շրջանակները, որոնք հաճախ հայտնվում են հոգնածության հետևանքով, ավելի պայծառ և հարթ է դարձնում մաշկի ցանկացած գույն։

Նարնջագույնը (կապույտին հակադիր) օգտագործվում է աչքերի տակի կապտա-կանաչավուն կապտուկները և աչքերի շուրջ եղած մանրիկ երակները քողարկելու, ինչպես նաև խառը տիպի կամ սառը երանգ ունեցող մուգ մաշկի դեպքում՝ ընդհանուր երանգը ավելի «տաք» դարձնելու համար։

Երկնագույնը կիրառվում է պիգմենտային բծերը գունազրկելու, աչքերի մուգ շրջանակները գունաբացելու, վարդացանը, արևահարված մաշկի կարմրած մեծ հատվածները, ինչպես նաև բնածին շիկահերների՝ մաշկի կարմրություն ունեցող հատվածները, առատ պեպենները, դեղնավուն մաշկը քողարկելու համար։

Բաց մանուշակագույն, կամ յասամանի գույնի, կամ նարդոսի գույնի (դեղինին հակադիր) շտկիչը հիմնականում հարմար է դեղնաերանգի գերակշռությամբ մաշկ ունեցողներին (կանանց ասիական տիպ), այն դեմքին առողջ փայլ է տալիս, չեզոքացնում է դեղնությունը, դեղին բծերը և պեպենները։ Սա նաև քողարկում է կապտուկները և թարմություն է հաղորդում հոգնած դեմքին։ Նարդոսի գույնի շտկիչը կարելի է օգտագործել արևայրուքի երանգը մեղմելու, այն առավել հավասարաբաշխ դարձնելու համար։

Վարդագույնը օգնում է թաքցնել արևելյան և միջերկրածովյան տիպին բնորոշ՝ աչքերի շագանակագույն ուրվագծերը, որոնք չեն շտկվում հիմնական երանգով և խանգարում են աչքերի պատշաճ դիմահարդարում կատարելուն։ Ընդհանրապես, վարդագույն բոլոր միջոցները (շտկիչներ, շղարշներ, երանգային դիմափոշիներ) օգտագործվում են մաշկի գորշ երանգը շտկելու համար, դրա համար շատ հարմար են էլեգանտ տարիքի կանաց համար, քանի որ դեմքին թարմություն և երիտասարդություն են տալիս, փայլատ մաշկը դարձնում են ավելի պայծառ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baston, Fred (2012). Max Factor: The Man Who Changed the Faces of the World. Skyhorse Publishing Inc. ISBN 9781611451351.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]