Կարագյոզյան որբանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարագյոզյան որբանոց (Գարագյnզյան որբանոց), գիշերօթիկ նախակրթարան-որբանոց, հիմնվել է 1913 թվականին, Կոստանդնուպոլսի Շիշլի արվարձանում, Տիգրան Կարագյոզյանի կտակած միջոցներով։ Առաջին տնօրենը Գրիգոր Մարգարյանն էր։ Սովորել են Կոստանդնուպոլսի և շրջակա գավառների 7-17 տարեկան որբ երեխաներ։ Ուսուցումը տարվել է 6-ամյա ծրագրով։ Ավանդվել է կրոն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, առողջապահություն, մաթեմատիկա, բարոյագիտություն, գեղագրություն, նկարչություն, ձեռարվեստ։ Մեծ տեղ է հատկացվել մարմնամարզությանը, արհեստների ուսուցմանը։ Սաներն զբաղվել են նաև երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Կոստանդնուպոլիսում կային գրադարան, գեղարվեստ, աշխատանոց, արհեստանոցներ, թատերախումբ, երգչախումբ։ 1916-1917 թվականներին ուսումնական տարում ուներ 145, 1920-1921 թվականներին՝ 175 սան (նախակրթարանի վեց և նախապատրաստականի երկու դասարաններ)։ 1926 թվականին հիմնվել է Գարագյոզյան սանուց միությունը, որը 1967-1968 թվականներին հրատարակել է «Մեր տունը» ամսօրյան։ 1930-ական թվականներին սկզբներից, կալվածքների հասույթների նվազման հետևանքով, որբանոցը անկում է ապրել։ 1938 թվականին Կարագյոզյան և Սկյուտարի խնամատարական որբանոցները միացվել են և ստացել «Կարագյոզյանի-Խնամատարական» միացյալ որբանոց անունը։ 1940 թվականից նորից կոչվել է Կարագյոզյան։ Պահվում է կալվածքների հասույթներով և նվիրատվություններով, որոնք տնօրինում է խնամակալությունը։ 1976 թվականին Կարագյոզյան որբանոցը ուներ 189 սան։ 1974 թվականից տնօրենն էր Արուսյակ-ժակլին Մալխասյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 293