Կառավարման սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառավարման սարք, սարք, որը նախատեսված է կառավարելու մեքենայի բոլոր սարքերի փոխներդաշնակ աշխատանքը, ծրագրերի և մշակման տվյալների ավտոմատ մուտքը արտաքին հիշողության սարքերից (ՀՍ) հիմնական ՀՍ, ծրագրի հրամանների տրամաբանական հաջորդականությամբ ընտրելը, նրանց վերծանումը, տրամաբանական կամ թվաբանական գործողության անմիջական կատարումը, գործողության արդյունքների գրանցումը հիմնական ՀՍ-ում, վերջնական արդյունքների արտածումը մեքենայից, ինչպես նաև մարդու անմիջական ներգործությունը հաշվման պրոցեսի վրա։ Պարզագույն կառավարման սարքը բաղկացած է հետևյալ հանգույցներից՝

  1. մուտքի-ելքի կառավարման հանգույց, որը կառավարում է ծրագրերի և մշակման ենթակա ինֆորմացիայի մուտքը արտաքին ՀՍ-ից հիմնական ՀՍ, ինչպես նաև արդյունքների արտածումը հիմնական ՀՍ-ից (մեքենագրում թղթի վրա, արտապատկերում էլեկտրոնային լաստատախտակի վրա և այլն)։
  2. Հրամանների ընտրման հանգույց՝ հիմնական ՀՍ-ից ծրագրի հրամաններն ընտրում է տրամաբանական հաջորդականությամբ։
  3. Հրամանների վերծանման հանգույց՝ վերծանում է հերթական հրամանը և ըստ նրա բնույթի՝ ապահովում տարրական գործողությունների տրամաբանական հաջորդականությունը։
  4. Տվյալների ընտրման հանգույցը նախատեսված է տվյալներն ըստ հրամանի պահանջի ընտրելու համար։
  5. Գրանցման հանգույցը գործողության արդյունքը գրանցում է հիմնական ՀՍ-ում։

Մեքենայական յուրաքանչյուր հրաման տարրական գործողությունների որոշակի տրամաբանական հաջորդականություն է, որը կարելի է իրականացնել ինչպես ապարատային, այնպես էլ հիշողության միջոցով։ Առաջին դեպքում կառավարման սարք կոչվում է ապարատային, իսկ երկրորդ դեպքում՝ միկրոծրագրային։ Միկրոծրագրային կառավարումն ունի մի շարք առավելություններ, օրինակ, նախագծման պրոցեսի ավտոմատացման հնարավորություն, շահագործման ընթացքում ծրագրողի հայեցողությամբ հրամանների ձևափոխման կամ ավելացման ճկունություն և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 270