Կառաչչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կառաչչիի (Caracci), իտալացի նկարիչների ընտանիք, Բոլոնիայի դպրոցի և ակադեմիզմի ներկայացուցիչներ։ Լոդովիկո Կառաչչիին (1555-1619 թթ.) և նրա հորեղբորորդիներ Ագոստինո Կառաչչիին (1557-1602 թթ.) ու Աննիբալե Կառաչչիին (1560-1609 թթ.) սովորել են Բոլոնիայում։ Էկլեկտիկորեն համադրելով Կոռեջոյի, Միքելանջելոյի, Տինտորետտոյի ստեղծագործական սկզբունքները՝ ստեղծել են մաներիզմին հակադրվող սեփական ոճ։ 1585 թ.-ին Բոլոնիայում հիմնել են «Ճիշտ ուղի ընտրածների ակադեմիա»-ն, որը կարևոր դեր է խաղացել արվեստի ակադեմիական սկզբունքների մշակման գործում։ Ուսուցման նրանց մեթոդում զուգորդվում էին Բարձր Վերածննդի վարպետների արտահայտչամիջոցներին ձևականորեն հետևելու ոգով բնորդի ուսումնասիրումն ու իդեալականացումը։ Կառաչչիիները ստեղծել են եկեղեցու բեմի պատկերի նոր տիպ, որն աչքի է ընկնում մոնումենտալությամբ, շարժումների տպավորիչ կրճատումներով։ Համատեղ կատարել են Բոլոնիայի պալատների մի շարք որմնանկարներ (Ֆավի Պալացցո, 1580-1585 թթ.): Եղբայրներից նշանավորը Աննիբալե Կառաչչին էր։ Ստեղծել է կենցաղային հորինվածքներ, դիմանկարներ («Ինքնադիմանկար», 1590-ական թթ., Էրմիտաժ, Լենինգրադ), բնության վեհությունն ու ներդաշնակությունն ընդգծող բնանկարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 269 CC-BY-SA-icon-80x15.png