Խճանկար կամ Ջիգսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gruppenpuzzle.png

Խճանկար կամ Ջիգսո (գերմ.՝ Gruppenpuzzle, անգլ.՝ Jigsaw technique) ուսուցման մեթոդ, որը հայտնագործվել է 1971 թվականին Տեխասի A&M համալսարանում ամերիկացի սոցիոլոգ և հոգեբան Էլիոթ Արոնսոնի կողմից: Նպատակն էր թուլացնել ռասայական խմբավորումները բռնի կերպով ինտեգրված դպրոցներում[1][2][3]: «Խճանկար կամ Ջիգսո» մեթոդը համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ աշակերտները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի դրույթների և որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց դասընկերներին: Այս մեթոդի կիրառման ժամանակ աշակերտները համագործակցային խմբերով միևնույն թեմայի շուրջ աշխատում են առանձին ուղղություններով: Բոլոր խմբերի գործունեության արդյունքները միավորվում են և դառնում են ողջ դասարանի սեփականությունը: Այսպիսով` նյութն ուսումնասիրվում է հատվածաբար կամ տարբեր կողմերից, ապա պատկերն ամբողջանում է, երբ միավորվում են խմբային աշխատանքների արդյունքները: Մեթոդին բնորոշ հատկություններից է այն, որ սովորողները մեծ պատասխանատվություն են կրում միմյանց ուսումնառության համար, հանդես են գալիս և սովորողի, և սովորեցնողի դերերում:

Էլիոթ Արոնսոնի լուսանկարը, 1972 թվական

Մեթոդի նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նպաստել առաջադրված նյութը տարբեր կողմերից ուսումնասիրելուն` անդրադառնալով թեմային առնչվող տարբեր ոլորտներին:
  2. Նույն նյութի մասին տարբեր աղբյուրներ ուսումնասիրելու հնարավորություն ընձեռնել:
  3. Ընկերների հետ համագործակցելով` օգնել գտնելու առաջադրված հարցերի պատասխանները:
  4. Մշակել փորձագիտական կարողություններ` ըստ տրված նյութի ամբողջացնելու և հաղորդելու տեղեկատվությունը:
  5. Հնարավորություն ստեղծել միաժամանակ դառնալու և սովորող և սովորեցնող:
  6. Նոր նյութը յուրացնել արդեն դասարանում:

Խճանկարի փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուլը Նկարագրությունը
Նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում Աշակերտները բաժանվում են հենակետային խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ: Փորձագետները ուսումնասիրում են իրենց ենթաթեման, հավաքում են տեղեկատվություն:
Աշխատանք փորձագիտական խմբում Փորձագիտական խմբերի աշակերտները համեմատում և հարստացնում են իրենց նյութերը:
Աշխատանք ուսումնական խմբում Յուրաքանչյուր փորձագետ հենակետային խմբի մյուս անդամներին սովորեցնում է իր ենթաթեման:
Ավարտական աշխատանք Աշակերտները անհատական ստուգողական են հանձնում ամբողջ թեմայից:
Ամփոփում Արդյունքներն ամփոփում են ըստ անհատական և խմբային ցուցանիշների:

Խճանկարի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մեթոդի զանազան տարբերակներ.

«Խճանկար»-1[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Թեման բաժանել առանձին ամբողջական մասերի, հատվածների: Կարևոր է հաշվի առնել աշխատանքը կատարող աշակերտների գիտելիքները և, եթե անհրաժեշտ է, ընտրել տարբեր բարդության ու հագեցվածության հատվածներ:

2. Ստեղծել չորս-հինգ հոգուց բաղկացած համագործակցային խմբեր (նպատակային խմբեր ձևավորելիս հնարավորության դեպքում հաշվի առնել սովորողների հետաքրքրություններն ու ցանկությունները):

3. Համագործակցային խմբերում մասնակիցներին համարներ են տրվում(1,2,3,4...):

4. Նույն համարները կրող մասնակիցները միավորվում են նոր` փորձագիտական խմբերում ( 1.1,1...; 2.2,2... և այլն): Յուրաքանչյուր փորձագիտական խմբի տրվում է առանձին առաջադրանք ( օրինակ` եթե նյութը հատվածների է բաժանվել, փորձագետների 1-ին խումբը կաշխատի նյութի առաջին հատվածի վրա, 2-րդ խումբը` երկրորդի և այլն):

Խմբային աշխատանքների ընթացքը կախված է հատվածի, նյութի կամ ուսումնասիրվող ոլորտի առանձնահատկություններից: Առանձին դեպքերում սովորողներն իրենք կարող են մշակել իրենց խմբի աշխատանքային պլանը: Իսկ սա իր հերթին պայմանավորված է նրանով, թե «Խճանկար» մեթոդը դասի ընթացքում կամ ուսուցման մեջ ինչ տևողությամբ է կիրառվում:

  • Առաջադրանքը կատարելիս աշակերտները կարող են դասագրքի տրված գլխից տարբեր հատվածներ, նույն թեմայի վերաբերյալ տարբեր կարճ պատմություններ կամ նույն հեղինակի այլ պատմվածքները կարդալ:
  • Հանձնարարված թեմայի սահմաններում կարող են հետազոտել ուշադրության արժանի տարբեր ոլորտներ, օրինակ` էկոլոգիական խնդիրներ ուսումնասիրելիս կարող են քննել Օզոնային շերտի քայքայման ազդեցությունը բույսերի վրա, եղանակի կտրուկ փոփոխությունների հետևանքները, բնական պաշարների սպառման, մարդկանց առողջության պահպանման հարցերը:
  • Առանձին հետազոտությունների առարկա կարող են դառնալ ժամանակակից մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ:
  • Աշակերտները կարող են այս մեթոդը կիրառել նաև ինքնուրույն բնագիտական հետազոտական նախագծեր իրականացնելու համար: Այս դեպքում յուրաքանչյուր խումբ կամ առանձին մասնակից պատասխանատվություն է կրում կոնկրետ ոլորտի ուսումնասիրման համար:

5. Մեթոդի ամփոփիչ քայլն այն է, որ աշակերտները վերադառնում են համագործակցային խմբեր և հաշվետվություն են տալիս խմբին իրենց փորձագիտական խմբի ուսումնասիրած նյութի մասին` հանդես գալով նաև ուսուցանողի, սովորեցնողի դերում.

  • ներկայացվում են խմբային քննարկումների, աշխատանքների արդյունքները,
  • աշակերտները իրենց սովորածը սովորեցնում են միմյանց,
  • միավորվում, ամբողջանում են գիտելիքները:

6. Ամփոփիչ փուլը առաջանում է, երբ համագործակցային խմբերը 2-3 րոպեի ընթացքում ամբողջ դասարանին իրենց նախընտրած ձևով ներկայացնում են թեման:

Ուսուցիչը թեմայի ամփոփման տարբեր հանձնարարություններ կարող է տալ («Ո՞րն էր ամենակարևորը», «Համառոտ ձևակերպե՛ք թեմայի գլխավոր գաղափարը», «Ինչի՞ վրա խումբն առավելագույն ուշադրություն դարձրեց»...):

Այս քայլը հնարավորություն է տալիս միևնույն նյութն ամփոփել և գնահատել տարբեր տեսանկյուններից և մի քանի անգամ:

«Խճանկար»-2[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոդի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Աշակերտները աշխատում են 4 հոգանոց թիմերով (համագործակցային խմբերով): Խմբի անդամներին տրվում են տարբեր փորձագիտական թերթիկներ: Փորձագիտական թերթիկներում զետեղված հարցերը նպատակ ունեն ուղղորդելու տվյալ աշակերտի ընթերցանությունը: Թերթիկները տարբեր են, քանի որ հետագայում տարբերվելու են աշակերտների պարտականությունները: Նրանք օգնելու են հիմնական խմբին` համակողմանի յուրացնելու իրենց վստահված և փորձագիտական թերթիկում նշված հատվածը:

2. Աշակերտներին տրվում է որոշակի ժամանակ` ամբողջ նյութը կարդալու համար: Բոլորը պետք է նյութը կարդան ամբողջությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով այն հատվածներին, որոնք պատասխանում են իրենց փորձագիտական թերթիկում նշված հարցերին և համապատասխան գրառումներ անեն:

3. Աշակերտները վերախմբավորվում են ըստ թերթիկների` կազմելով փորձագիտական խմբեր, որտեղ նրանք քննարկում են թերթիկում նշված հարցերը: Յուրաքանչյուր խմբում ընտրվում է քննարկումը վարող անձ: Ուսուցիչն այդ ընթացքում շրջում է խմբերում որպես մասնակից, անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ անում:

4. Փորձագետները վերադառնում են իրենց նախնական համագործակցային խմբերը և ընկերներին սովորոցնում փորձագիտական խմբում յուրացրածը: Փորձագետները ոչ միայն զեկուցում, այլև պատասխանում են հարցերին և հավաստիացնում, որ բոլորը յուրացրել են տվյալ հատվածը:

5.Վերջին քայլը գնահատումն է: Ուսուցիչը կարող է առաջարկել աշակերտներին գրավոր նշել, թե ինչ ներդրում են իրենք ունեցել խմբի ընդհանուր աշխատանքում:

Մեթոդը կիրառման լայն հնարավորություններ ունի: Այն հավասարապես կարող է օգտագործվել բոլոր առարկաների դասերին: Առավել նպատակահարմար է կիրառել հատկապես ծավալուն, փաստերով ու տվյալներով հագեցած նյութերի վրա աշխատելիս: «Խճանկարը» հիմնականում դասի իմաստի ընկալման փուլի մեթոդ է, որը, սակայն, ներառում է նաև կշռադատման փուլը:

Մեթոդի առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութի բազմակողմանի և ավելի խոր ուսումնասիրություն,
  • խմբային աշխատանքը հեշտացնում է նյութի ընկալումը,
  • աշակերտը հանդես է գալիս և՛ սովորողի, և՛ սովորոցնողի դերում, որն էլ ստիպում է լինել ուշադիր և պատասխանատու,
  • ժամանակի ճիշտ և արդյունավետ օգտագործում,
  • հաշվետու լինելու կարողության և անձնական պատասխանատվության ձևավորում,
  • նյութը ներկայացվում է բազմապիսի ձևերով, ինչն էլ ընկալման ու կրկնության բազմաթիվ հնարավորություններ է ընձեռնում,
  • մոտիվացիա և հետաքրքրությունների բավարարում,
  • նոր նյութի յուրացում:

Մեթոդի սահմանափակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

- անհրաժեշտ ռեսուրսների ոչ բավարար քանակ,

- հետաքրքրությունների, աշխատանքի ծավալի և ժամանակի անհամապատասխանություն:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսուցման ժամանակակից մեթոդներ, հնարներ, վարժություններ, ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր 2008թ
  • Elliot Aronson (1978). The jigsaw classroom. Beverly Hills: Sage.
  • Elliot Aronson, S. Patnoe (1997). Cooperation in the classroom: The jigsaw method. New York: Longman.
  • Elliot Aronson (2000). Nobody left to hate. New York: Henry Holt.
  • Bärbel Barzel, Andreas Büchter, Timo LeudersBarzel (2011). Mathematik-Methodik: Handbuch für die Sekundarstufe I und II. — 6. Aufl. — Berlin: Cornelsen Scriptor, 2011. — ISBN 978-3-589-22378-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lestik, M., & Plous, S. (2012). "Jigsaw Classroom". Retrieved October 24, 2012, jigsaw.org
  2. Aronson, E. (n.d.). "Jigsaw Basics". Retrieved December 5, 2012, from
  3. Perkins, D. V., & Tagler, M. J. (n.d.). "Jigsaw Classroom". Retrieved December 5, 2012