Jump to content

Լվացող-արմատահատ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լվացող-արմատահատ մեքենա, պալարապտուղները լվացող, քարերից մաքրող և կերի համար մանրացնող մեքենա։ Բաղկացած է մանրիչից, պտուտակրիչից, քերակային փոխադրիչից և բաքից։ Աշխատանքն սկսելուց առաջ բաքը լցնում են ջրով, թևասարքով ստեղծում ջրի պտտական շարժում, որի շնորհիվ բաքի մեջ լցված պալարապտուղները գտնվում են կախված վիճակում և պտուտակրիչի գալարներով մղվում են դեպի մանրիչի դանակները։ Քարերը և ծանր առարկաները նստում են վաննայի հատակին և թիասարքի թիերով նետվում բեռնաթափող փոխադրիչի վրա։ Իսկ պալարապտուղները մանրիչի սկավառակի վրա մանրվում են հորիզոնական դանակներով և փոխանցվում ստորին սկավառակին, որ տեղվերջնականապես մանրվում են ուղղաձիգ դանակներով։ Ստացված արտադրանքը ստորին սկավառակի թիերով բաքերի միջով բեռնաթափվում է։ Տարբեր աստիճանի մանրված արտադրանք ստացվում է մանրիչի լիսեռի վրա տարբեր տրամագծերով փոկանիվներ հագցնելով։ Սառած արմատապտուղներ մշակելու համար վերևի սկավառակի վրա տեղադրում են ատամնավոր հորիզոնական դանակներ։ Աշխատանքից հետո լվացող-արմատահատ մեքենա. լվանում են և չորացնում պարապ ընթացքի ժամանակ։ Մեքենայի արտադրողականությունը 8–12 տ/ժ է, շարժիչի սահմանված հզորությունը՝ 14,3 կՎտ։ Պալարապտուղների մեքենայացված մատուցման դեպքում մեքենան սպասարկում է 1 գործարկու։ 1 տ պալարապտուղների համար ջրի ծախսը մոտ 150 լ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։