Լուսարձակի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսարձակի էֆեկտ, հոգեբանական էֆեկտ, որը ցույց է տալիս մարդու միտումը՝ վերագնահատելու այն, թե որքանով են նկատելի մարդու գործողությունները և նրա արտաքին տեսքը ուրիշների համար։

Լուսարձակի էֆեկտի իմաստն այն է, որ մարդու արտաքին տեսքի տեսանելիությունը և նրա գործողությունները չափազանցված են իր կողմից, կարծես նա լուսավորված է լուսարձակով։ Այլ կերպ ասած՝ մարդը հավատում է, որ լուսարձակը միշտ փայլում է իր վրա՝ անընդհատ գրավելով մարդկանց ուշադրությունը։

Ուսումնասիրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս էֆեկտը առաջինը նկատել և սկսել է ուսումնասիրել ամերիկացի հոգեբան և Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ Թոմաս Գիլովիչը (անգլ.՝ Thomas Gilovich)։ Ավելի ուշ սոցիալական հոգեբան, Ուիլյամս քոլեջի (ԱՄՆ)պրոֆեսոր Քենեթ Սավիցկու (անգլ.՝ Kenneth Savitsky) հետ միասին նրանք դրան տվել են «լուսարձակի էֆեկտ» անվանումը[1]։ Էֆեկտն առաջին անգամ նկարագրվել է «Current Directions in Psychological Science» ամսագրում 1999 թվականին։

Թոմաս Գիլովիչը տարիներ շարունակ զբաղվել է այս էֆեկտի ուսումնասիրությամբ, նույնիսկ տերմինի հայտնվելուց առաջ։ Դեյվիդ Քենին (անգլ.՝ David Kenny) և Բելլա Դեպոլոն (անգլ.՝ Bella DePaulo) հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում ցանկացել են պարզել՝ արդյոք մարդիկ գիտեն, թե ինչպես են իրենց տեսնում շրջապատողները։ Հեղինակները ենթադրում էին, որ դրանք հիմնված կլինեն իրենց սեփական ընկալման վրա։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ անհատի կարծիքն այն մասին, թե ինչ են մտածում ուրիշներն իր մասին, տարբերվում է նրանից, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իր մասին[2]։

Էմպիրիկ հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Գիլովիչի, Վիկտորյա Մեդվեկի (անգլ.՝ Victoria Medvec) և Թոմաս Կրյուգերի (անգլ.՝ Thomas Kruger) հետազոտության ընթացքում հետազոտվողներին խնդրել են ամբողջ օրը քայլել տարօրինակ վերնաշապիկով, իսկ դրանից հետո գնահատել, թե քանի մարդ է նկատել այն։ Արդյունքում փորձարկվողների գնահատականները երկու անգամ ավելի բարձր էին, քան իրական թիվը։

Սրա գործնական հետևանքն այն է, որ մարդն ավելի քիչ է ուշադրության կենտրոնում, քան կարծում է։ Մի կողմից անհատը, ի տարբերություն իրավիճակային գործոնների, տեսանելի է դիտորդների համար (սա ցույց է տալիս վերագրման հիմնարար սխալ), բայց մյուս կողմից, նա այնքան էլ նկատելի չէ, որքան թվում է[3]։ Քենեթ Սավիցկին պնդում է, որ մարդը չի կարող լիովին ազատվել շփոթմունքից, երբ զգում է, որ սխալ է թույլ տալիս։ Բայց նա կարող է գիտակցել, թե որքան է չափազանցնում դրա ազդեցությունը։

Թոմաս Գիլովիչը, Վիկտորիա Մեդվեկը և Քենեթ Սավիցկին պնդում են, որ անհատների գործողությունները և նրանց կարծիքը այն մասին, թե ինչպես են նրանք ընկալվում ուրիշների կողմից, ազդում են լուսարձակի էֆեկտի վրա։ Հեղինակների կարծիքով՝ այն իրավիճակներում, որոնցում ներգրավված են խոշոր խմբեր (օրինակ՝ դասախոսություն կամ սպորտային մրցույթ), ուշադրությունը բաժանվում է անհատի և խմբի գործողությունների միջև։ Ուշադրության բաժանման անհնարինությունը անհատներին հանգեցնում է այն փաստին, որ նրանք գերագնահատում են իրենց հասակակիցների կողմից տրված բացասական գնահատականը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gilovich, T., Medvec, V. H., & Savitsky, K." (2000). The spotlight effect in social judgment: An egocentric bias in estimates of the salience of one’s own actions and appearance. Journal of Personality and Social Psychology, 78(02), 211—222.
  2. «Kenny, D. A., & DePaulo, B. M.» (1993). Do people know how others view them? An empirical and theoretical account. Psychological Bulletin, 114(1), 145—161.
  3. «Gilovich, T., Kruger, J., & Medvec, V. H.» (2001). The spotlight effect revisited: Overestimating the manifest variability of our actions and appearance. Journal of Experimental Social Psychology, (38), 93-99.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аронсон Э., Уилсон Т., Эйкерт Р. Социальная психология. Психологические законы поведения человека в социуме. — СПб.։ Прайм-ЕВРОЗНАК, 2002. — 560 с. — ISBN 5-93878-134-5.