Լուսաչափ
Լուսաչափ, ֆոտոմետր, լուսաչափական կամ լուսային մեծություն չափելու սարք։ Տարբեր տիպի լուսաչափերով չափում են ճառագայթման աղբյուրի պայծառությունը, լուսավորվածությունը, լույսի ուժը, լուսային հոսքը։ Ճառագայթման աղբյուրի գույնը չափող սարքը՝ գունաչափը, նույնպես համարվում է լուսաչափ։
Տիպերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինում են երկու հիմնական տիպի լուսաչափեր՝ վիզուալ և օբյեկտիվ (կամ ֆիզիկական)։
Վիզուալ լուսաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիզուալ լուսաչափերում որպես ընդունիչ օգտագործվում է աչքը, այսինքն՝ համեմատման երկու տիրույթների պայծառությունների հավասարեցումը կատարվում է աչքով։ Այսպիսի լուսաչափն աչքի հոգնելու և չափողի անհատական սխալների պատճառով մեծ ճշգրտություն ապահովել չի կարող։
Օբյեկտիվ լուսաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի ճշգրիտ չափումներ կատարվում են օբյեկտիվ լուսաչափով, որտեղ օգտագործվում են տարբեր սպեկտրային բնութագրեր ունեցող ֆիզիկական ընդունիչներ՝ ֆոտոէլեմենտ, ջերմաէլեմենտ, ֆոտոբազմապատկիչ։ Լուսային մեծությունները չափող օբյեկտիվ լուսաչափ հիմնականում բաղկացած է ոսպնյակներից, լուսազտիչներից, լույսը թուլացնող հարմարանքներից, դիաֆրագմաներից և ճառագայթման ընդունիչից։ Հաճախ, օբյեկտիվ լուսաչափում ճառագայթման հոսքը վերածվում է էլեկտրական հոսանքի, որի միջոցով էլ (համապատասխան աստիճանավորումից հետո) որոշվում է տվյալ լուսաչափական մեծությունը։
Չափումները և կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսաչափական մեծությունների բացարձակ չափումները սովորաբար կատարվում են մեծ սիստեմատիկ սխալներով։ Ճառագայթման հոսքի հարաբերական չափումները տալիս են ավելի մեծ ճշգրտություն։ Ստանդարտ և չափվող աղբյուրների ճառագայթման հոսքերի հավասարեցումը իրականացվում է լուսաչափական սեպի, փոփոխական չափեր ունեցող դիաֆրագմաների և այլ սարքերի միջոցով։
Լուսաչափը լայն կիրառություն ունի աստղագիտության մեջ։ Աստղադիտակի վրա տեղադրված լուսաչափով աստղերի պայծառությունները չափվում են աչքով։ Ընդ որում չափվող երկնային մարմնի պայծառությունը հավասարեցվում է հայտնի պայծառություն ունեցող մեկ այլ երկնային մարմնի կամ հաստատուն լույսի աղբյուրի (հաճախ շիկացման էլեկտրական լամպի) պայծառության հետ։ Աստղադիտակի վրա տեղադրված ժամանակակից էլեկտրալուսաչափին ապահովում է չափման մեծ ճշգըրտություն։ Դրանցում որպես ընդունիչ օգտագործվում են ֆոտոբազմապատկիչները կամ ֆոտոէլեմենտները, որպես համեմատման լույսի աղբյուր՝ ինքնալուսարձակող ռադիոակտիվ նյութեր։ Մեծ թվով երկնային մարմինների լուսաչափությունը կատարվում է լուսանկարչական մեթոդով։ Այդ դեպքում լուսաչափությունը իրականացվում է միկրոֆոտոմետրերով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 689)։ |