Լիբիական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիբիկանա գրականություն: VII դ.–VIII դ. սկզբին արաբական նվաճումներից հետո Լիբիայում գրականությունը զարգացել է համաարաբական մշակույթի հունով։ XVI դարից սկսած, երբ Լիբիան ընկել է թուրքական տիրապետության տակ, գրականությունը անկում է ապրել։ Այնուամենայնիվ, XVII–XVIII դդ. հանդես են եկել սուֆի բանաստեղծներ Օմար բեն ալ–Ֆարիդը, Ահմեդ ալ–Բախ–լյուլին (մահ. 1701), որոնք հետևել են արաբական հնագույն պոեզիայի ավանդույթներին։ Իրենց քասիդներում գաղութարարների դեմ պայքարի կոչ են արել բանաստեղծներ Ահմեդ աշ–Շարիֆը (1864–1918), Մուսթաֆա բեն Զիրին (1853–1918), Սուլեյման ալ–Բարունին (մահ. 1914): Իտալական գաղութակալության (1912-1943) շրջանի պոեզիային բնորոշ են հայրենասիրական, ազատագրական մոտիվները (Ահմեդ Ռաֆիկ ալ–Մախդաուի, մահ. 1961, Իբրահիմ ալ–Ուստ Ումառ, 1907–1950 թվականներ)։ Անկախության հռչակումից (1951) հետո բանաստեղծներ Ալի Սիդկի Աբալ–Քադերը, Ահմեդ Ֆուադ Շիննիբը, Ալիառ–Ռուկեյնը և ուրիշներ հրաժարվեցին արաբական տաղաչափության դասական ձևերից, հետաքրքրություն ցուցաբերեցին հասարակական խնդիրների, մասամբ՝ հասարակ մարդու կյանքի նկատմամբ։ Արձակը ծնունդ է առել 40–50-ական թթ.: Գլխավոր թեմաներն են՝ լիակատար անկախությունը, սոցիալական հավասարությունը, նախապաշարումների դատապարտումը։ Մուսթաֆա ալ–Միսուրատայի, Մուհամեդ Աբու Խարրուսի Ռիշատ ալ-Խունի, Մուհամեդ Աֆիֆի և ուրիշների նովելների հերոսները բեդվիններ են, ձկնորսներ, արհեստավորներ։ 1960–70-ական թվականների սկզբին գրականություն եկան երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ Ջումա ալ-Ֆարանին, Ահմեդ ան–Նուեյրին, Ֆուազիա Բարիյուունը և Աբդել Հաֆեզ ալ–Մայարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 609