Իրանահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանի հայ երաժիշտները նշանակալի ներդրում ունեն ոչ միայն ազգային, այլև իրանական ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության մեջ։

18–19–րդ դարերի հայ աշուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանահայ կոմպոզիտոր, մանկավարժ Նիկոլ Գալանդերյանը

18–րդ դարում ժողովրդական երգարվեստի զարգացմանը նպաստել են հայ աշուղներ Հարություն Օղլին, Ղուլ Սարգիս Շիրիշկանցին, Միսկին Մատթեոսը, Միսկին Ստեփանը, Մարտիրոս Մանուկյանը և ուրիշներ։ Իրանական երաժշտական մշակույթի պատմության մեջ կարևոր ղեր ունի երգիչ Սարգիսը (7–րդ դար), որի համբավը տարածված էր նաև Հայաստանում ու Մերձավոր Արևելքում։ Իրանահայ երգարվեստի ճանաչված դեմքերից է Նիկոլ Գալանդերյանը, որը գրել է ռոմանսներ (շուրջ 700), մանկական երգեր, օպերաներ և այլն։ Պրոֆեսիոնալ երաժշտության ներկայացուցիչներից է Ա. Տեր-Հովհաննիսյանը, 19–րդ դարի վերջին Թեհրանում ստեղծել է Երաժշտասերների միություն և լարային նվագախումբ։ Հայտնի է Գրիգորյանների տոհմը, հատկապես՝ ջութակահար, խմբավար Լևոև Գրիգորյանը, որը Թեհրանում կազմակերպել և ղեկավարել է «Գուսան» երգչախումբը։ Որդին՝ կոմպոզիտոր և խմբավար Ռուբենը, պարսկական ժողովրդական երգերի առաջին գրառողն էր։ Ճանաչված դաշնակահարներից են էմանուել Մելիք-Ասլանյանը, Տանյա Հարությունյանը, Ռուբինա Սաիդխանյանը, Հայկուշ Մակարյանը, ջութակահարներ Լեոպոլդ Ավագյանը, Հրաչ Մանուկյանը, երգչուհիներ Սաթո Աղաբաբյանը, Թամարա Փիլոսյանը, Մարիցա Սանոսյանը, Հակինթ Վարդանյանը, Հերմինե Դավթյանը, խմբավար Գուրգեն Մովսիսյանը։ Երգչախմբերից են «Գուսանը», «Անուշը», «Արագը», «Հայ երգը», «Անին» և այլն։ 1920-ական թվականներին Ե. Ավետիսյանը Թավրիզում հիմնադրել է բալետի առաջին ստուդիան (1945 թվականից՝ Թեհրանի պարարվեստի դպրոց), 1939 թվականին պարուսույց Ա. Ջամբալյանը Թեհրանում՝ բալետի դպրոց։ Թեհրանում գործել է նաև «Պապիկյան-Բալե» խումբը։ Հայտնի են Թեհրանի «Արարատ», «Կարապ», «Զարթոնք», «Կարավան» պարախմբերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։