Թղիթ
Թղիթ, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի ամրոց։ Գտնվում է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղից 2,5 կմ արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ գագաթներից մեկի վրա։
1975-ին հայտնաբերել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստ–ների և Երևանի համալսարանի հայագիտական կենտրոնի միացյալ հնագիտական երթուղային արշավախումբը։ Ունի պարսպապատ բնակավայր, ջրամբար և դամբարաններ։ Գրավում է մոտ 1 հա տարածություն, շրջափակված է պարսպով, որի արևմտյան՝ առավել լավ ամրացված հատվածն ունի չորս հզոր, ուղղանկյուն աշտարակ։ Պարսպի ու աշտարակների երկշար պատերը կառուցված են բազալտե խոշոր, կոպտատաշ վեմերից։ Շարքերի միջև մնացած տարածությունը լցված է մանր գլաքարերով և կավաշաղախով։ Պարսպի և աշտարակների պահպանված մասերի բարձրությունը տեղ–տեղ անցնում է 6 մ–ից։ Պարսպի վրա պահպանվել են նաև գլխավոր դարպասը (լայնությունը՝ մոտ 5 մ) և 2 մուտք։ Բնակատեղին տարածված է գագաթից լանջերն իջնող դարավանդների վրա։ Պահպանվել են բնակելի տների հետքեր։ Հյուսիս–արևմտյան կողմում գտնվում է ջրամբարը, որի ջուրն օգտագործվել է ամրոցի ջրամատակարարման և ոռոգման նպատակներով։ Վերգետնյա նյութի քննության հիման վրա ենթադրվում է, որ Թղիթը նախաուրարտական (մ. թ. ա. XIII–IX դդ.) շրջանի ամրոց է։ Թղիթը դեռևս կանոնավոր պեղումներով ուսումնասիրված չէ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 192)։ |