Թափուր աշխատատեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թափուր աշխատատեղ - որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող և տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ[1]։ Թափուր աշխատատեղերը առաջանում են աշխատողների և աշխատատեղերի շարժի արդյունքում։ Ընդ որում վերջինս հանդիսանում է աշխատանքի ընդունվելու և տարբեր պատճառներով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների թվաքանակի փոփոխությունը։ Թափուր աշխատատեղերի թիվը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է՝ նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով։ Թափուր աշխատատեղերի թվի մեջ ընդգրկված են միայն վարձատրվող թափուր պաշտոնները կամ հաստիքները։ Բացի այդ թափուր են համարվում նաև այն աշխատատեղերը, որոնք դիտարկվող ժամանակահատվածում զբաղեցված չեն եղել և գործատուն իր կազմակերպությունից դուրս համապատասխան հաստիքի պահանջներին թեկանծու գտնելու համար անցկացրել է կոնկրետ միջոցառումներ, ինչպես օրինակ՝ անցկացրել է հարցազրույցներ, ուղղակիորեն զբաղվել է թեկնածուի ընտրությամբ, թափուր հաստիքի մասին իրազեկել կամ հայտարարություն է տարածել աշխատանքի տեղավորման պետական, մասնավոր գործակալությունների միջոցով, ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերի միջոցով։ Միևնույն ժամանակ թափուր կարող է համարվել երկարատև անաշխատունակության պատճառով բացակայողների, նորածին որդեգրված կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողների ժամանակավոր թափուր աշխատատեղերը, եթե դրանք չեն փոխարինվել այլ աշխատողով և գործատուն անցկացրել է որոշակի միջոցառումներ թափուր պաշտոնի կամ հաստիքի համալրման նպատակով։ Թափուր հաստիք չի համարվում այն աշխատատեղը.

  1. որը դիտարկվող տարվա ընթացքում նախատեսված չի եղել համալրել.
  2. որի համալրման համար դիտարկվող ժամանակահատվածում որևէ կոնկրետ միջոցառում չի իրականացվել.
  3. որը թափուր է դարձել և միաժամանակ համալրվել դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում.
  4. որը նախատեսված է զբաղեցնել մեկ օրով.
  5. որը նախատեսված է համալրել կազմակերպության ներքին մարդկային ռեսուրսներով՝ աշխատողներով.
  6. որը զբաղեցվելու է արձակուրդից վերադարձող աշխատողի կողմից.
  7. որը զբաղեցվելու է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ներգրավմամբ.
  8. որի համար աշխատողի հետ պայմանագիր է կնքվել, բայց դեռևս աշխատանքը չի սկսվել

[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Զբաղվածության ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերի ժողովածու։ Եր., Անտարես 2016, էջ 7